Նորություններ

RSS
image

07.06.2018

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՔԱՅLԵՐԸ

ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է, որ «Վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, Վճռաբեկ դատարանի կազմից, վեց տարի ժամկետով»:

«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի համաձայն, ի լրումն Վճռաբեկ դատարանի պալատի դատավորի լիազորությունների՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ապահովում է Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը, ներկայացնում է Վճռաբեկ դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում եւ կատարում է կազմակերպչական բնույթի մի շարք այլ գործառույթներ:

Էական է այն հանգամանքը, որ օրենսդրորեն Վճռաբեկ դատարանի նախագահն առաջին հերթին պալատի դատավոր է, ով իրականացնում է նաեւ Օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:

Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված է Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջադրելու կարգը: Միաժամանակ՝ ի կատարումն ՀՀ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի (համաձայն որի բոլոր դատարանների նախագահների նշանակումը կամ ընտրությունը պետք է իրականացվի Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումից հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում), Օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-32-րդ մասերով սահմանվել են ներկա փուլում նման նշանակումների առանձնահատկությունները: Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում՝ իր հաստատած ժամանակացույցի համաձայն, Դատական դեպարտամենտից ստանում է համապատասխան դատարանների դատավորների ցուցակները եւ իրականացնում է առաջադրման գործընթացը:

Հետեւությունն այն է, որ.

  1. 1. Բոլոր դատարանների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների առաջադրումը, ընտրությունը կամ նշանակումը պետք է ավարտվի մինչեւ 2018թ. օգոստոսի 5-ը:
    2. Նախագահների առաջադրումը պետք է կատարվի միայն տվյալ դատարանի առկա կազմից:
    3. Դատարանի նախագահն առաջին հերթին դատավոր է, ով արդարադատություն իրականացնելու հետ մեկտեղ իրականացնում է նաեւ լրացուցիչ այլ գործառույթներ:

 

Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղում դատավոր նշանակելու իրավակարգավորումները սահմանված են Օրենսգրքի 132 եւ 133-րդ հոդվածներով, համաձայն որոնց.

  1. 1. Վճռաբեկ դատարանի դատավորի յուրաքանչյուր թափուր տեղի համար Օրենսգրքով սահմանված կարգով 3 թեկնածուի ընտրում է Բարձրագույն դատական խորհուրդը եւ ներկայացնում է Ազգային ժողովին:
    2. Թեկնածու դատավորները պետք է ունենան թափուր տեղին համարժեք մասնագիտացում (քաղաքացիական եւ վարչական կամ քրեական)՝ նկատի ունենալով նաեւ, որ Օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն Վճռաբեկ դատարանում գործում են քրեական պալատը՝ 6 դատավորի կազմով ու քաղաքացիական եւ վարչական պալատը՝ 11 դատավորի կազմով: Ներկա դրությամբ Վճռաբեկ դատարանի նախագահը քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր է:
    3. Թեկնածուների ընտրության գործընթացն սկսվում է թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողով ներկայացնելը՝ մեկամսյա ժամկետում:

 

Ներկայացված իրավակարգավորումները հաշվի առնելով՝ Բարձրագույն դատական խորհուրդը 2018թ. հունիսի 7-ի նիստում արձանագրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը եւ Օրենսգրքով սահմանված կարգով ձեռնամուխ եղավ այն համալրելու համար նախատեսված ընթացակարգերի իրականացմանը:

2018 թվականի մայիսի 10-ին հաստատված ժամանակացույցի հիման վրա՝ վերոնշյալ իրավակարգավորումները հաշվի առնելով, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաեւ Վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվերակության արդյունքներով, ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Ասատրյան Համլետ - 2
Անտոնյան Սուրեն - 1
Ավանեսյան Վարդան - 0
Ավետիսյան Սերժիկ - 2
Բարսեղյան Արտակ - 0
Դանիելյան Ելիզավետա - 0
Դրմեյան Մամիկոն - 0
Թադևոսյան Լիլիթ - 0
Խունդկարյան Երվանդ - 2
Հակոբյան Գոռ - 2
Միքայելյան Ստեփան - 1
Պետրոսյան Տիգրան - 0 
Պողոսյան Արթուր - 0
Տավարացյան Նախշուն - 0
Օհանյան Սամվել - 0

Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների հաշվառմամբ, երկրորդ փուլ են անցել Համլետ Ասատրյանն ու Սերժիկ Ավետիսյանը։

Երկրորդ փուլի արդյունքներով թեկնածուներից Համլետ Ասատրյանը ստացավ 3, Սերժիկ Ավետիսյանը՝ 4 ձայն։

Հիմք ընդունելով ՀՀ Դատական օրենսգրքի 135-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջը՝ Բարձրագույն դատական խորհուրդը կանցկացնի նոր ընտրություն, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բարձրագույն դատական խորհրդի նույն օրվա նիստում նախատեսվեց նաեւ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով դատավորների թեկնածուների առկա ցուցակների հիման վրա (Օրենսգրքի 166-րդ հոդվածի 13 եւ 14-րդ մասերի հիմքով) տարբեր դատարաններում դատավորների թափուր տեղերը լրացնելու նպատակով Խորհրդի անունից ներկայացնել առաջարկություններ՝ ՀՀ վարչական դատարանում երկու տեղ, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում մեկ տեղ, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկ տեղ՝ քաղաքացիական մասնագիտացմամբ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

06.06.2018

«ՀՐԱՊԱՐԱԿ» ԹԵՐԹԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«ՀՐԱՊԱՐԱԿ» թերթի հարգարժան խմբագրակազմ,

Ձեր թերթում հունիսի 6-ի հրապարակումը Բարձրագույն դատական խորհրդի եւ, մասնավորապես, իմ անձի դերակատարության վերաբերյալ, բացարձակ անհիմն են ու մտացածին:

Բարձրագույն դատական խորհուրդն ակտիվ գործունեություն է իրականացնում իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում: Չենք բացառում, որ որոշ մարդիկ դեռեւս իներցիոն մտածողությամբ կամ նախկին «ավանդույթները» մերժելուն դիմակայելու պատճառով կարող են այլ սպասելիքներ ունենալ:

Իմ դերակատարությունը Խորհրդում որեւէ չափով չի առանձնանում մնացած բոլոր անդամների, իմ հարգարժան գործընկերների դերակատարությունից, եւ Խորհրդի ներսում հակադրություններ հրահրելու անառողջ փորձերն անիմաստ են:

Բացարձակապես իրականությանը չի համապատասխանում նաեւ այն «տեղեկատվությունը», թե «որոշել են Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միավորներ ստացածներին դատավորներ չնշանակել»: Նման որոշում կամ մտադրություն գոյություն չունի:

Խորհուրդ կտայինք այսուհետ ձեռնպահ մնալ իրականությանը չհամապատասխանող նյութերի հրապարակումից՝ հարգելով նաեւ քաղաքացիների օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը:

 

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյան

06.06.2018թ.

 

Հ.Գ. Տրամադրելով Ձեզ պարոն Հովհաննիսյանի արձագանքը, Դատական դեպարտամենտը միևնույն ժամանակ հորդորում է թերթի բոլոր աշխատակիցներին հավատարիմ մնալ լրագրության հիմունքներին և էթիկայի կանոններին, ըստ որոնց, ցանկացած տեղեկատվություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ է ունենալ տվյալ աղբյուրի հետ հարցազրույց։ ԲԴԽ-ն որդեգրել է թափանցիկ աշխատաոճ և պատրաստ է օգնել Ձեզ այսուհետ հիմնավոր տեղեկատվություն տարածել մեր գործունեության մասին։ Կարող եք զանգահարել 010-511-781, 010-511-798 հեռախոսահամարներին կամ գրել մեզ press.courts@gmail.comէլեկտրոնային հասցեին։

image

05.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՑ

Հունիսի 4-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված հարցերի քննարկմամբ՝ Խորհուրդն ընդունեց «Դատավորների արձակուրդի ժամանակացույցը հաստատելու մասին», «Կնիքի և դրոշմակնիքի նկարագրությունը և տրամադրման կարգը սահմանելու մասին» որոշումները: Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:

Մինչ նիստի մեկնարկը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց խորհրդակցություն-քննարկում Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ա. Հովհաննիսյանի, նախարարի խորհրդական Ա. Վարդապետյանի, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տ. Մարկոսյանի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք հոդվածներում առկա ներքին հակասությունների խնդիրը, մասնավորապես՝ գաղտնի քվեարկության կազմակերպման ինստիտուտի վերաբերյալ:

Քննարկման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն Օրենսգրքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին:

Միաժամանակ անհրաժեշտ համարվեց քննարկվող հարցին անդրադառնալ նաև Խորհրդի աշխատակարգում՝ ապահովելու համար ընթացակարգային հարցերի վերաբերյալ քվեարկությունների տարանջատումն ըստ էության հարցերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

31.05.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Պորտուգալիայի Հանրապետության մայրաքաղաք Լիսաբոնում հրավիրվել է Դատական խորհուրդների Եվրոպական միավորման Վեհաժողովը, որին մասնակցում են Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մոնտենեգրոյի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, ինչպես նաև Հայաստանի և Ուկրաինայի պատվիրակություններ:

Վեհաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հանդիպումը Դատական Խորհուրդների Եվրոպական միավորման նորանշանակ նախագահ, Հոլանդիայի Դատական խորհրդի փոխնախագահ և գերագույն դատարանի անդամ Կեյս Սթերքի հետ։ Շնորհավորելով պարոն Սթերքին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` պրն Հովհաննիսյանը նրան է փոխանցել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանի ողջույնի ուղերձը և Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը։

Կողմերը քննարկել են Եվրոպական Միության լրջագույն իրավական կառույցին լիիրավ անդամակցելու ՀՀ ԲԴԽ հեռանկարները, եվրոպական և հայաստանյան դատական խորհուրդների առջև ծառացած խնդիրները, մասնավորապես՝ արդարադատության որակի բարձրացմանն ուղղված ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները, որոնք փորձարկվել և կիրառվում են եվրոպական տարբեր երկրներում և կարող են տեղայնացվել ու ներդրվել նաև ՀՀ դատական համակարգում։

Նշելով, որ որակյալ արդարադատության իրականացման համար դատական իշխանության անկախությունը հանդիսանում է անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման, կողմերն առանձին անդրադարձ են կատարել դատարանների բեռնաթափման, դատական ծառայողների շարքերը որակյալ կադրերով համալրելու, դատավորների աշխատաժամանակի օպտիմալացման ուղիներին, դատարանների բյուջետային հայտի ձևավորման նորարար մոտեցումներին, արդարադատության թվայնացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման փորձին։

Վեհաժողովի բուն աշխատանքները կմեկնարկեն մայիսի 31-ին։ Օրակարգում ընդգրկված են հետևյալ հիմնական հարցերը.

- դատական իշխանության անկախությունն ու հաշվետվողականությունը և արդատադատության որակը,
- հանրային վստահությունը և արդարադատության կերպարը (իմիջը),
- Թվային արդարադատություն,
- Պորտուգալիայի դատական բարեփոխման դասերը. առավելություններն ու հնարավորությունները,
- դրական փոփոխության ուղղորդումը. փոփոխություններ իրականացնելու, արդարադատական մշակույթի և դատական համակարգի համար դատական խորհուրդների դերի վերաբերյալ խմբային քննարկումներ, 
- դրական փոփոխությունների հանգեցնող գործողությունների ծրագրի ներկայացում և քննարկում:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն