background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

5

image

Կայքը փորձարկման փուլում է

Որոնում

Վճռաբեկ դատարան

26.06.2018

ԿԱՅԱՑԱՎ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ 11-ՐԴ ՀԱՏՈՐԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

image

Մեկնարկել են ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյակին և Վարչական դատարանի 10-ամյակին նվիրված միջոցառումները:

Հունիսի 26-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» դահլիճում «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտաժողովից հետո, տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների ընտրանու 11-րդ (2017) հատորի, ինչպես նաև պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվության շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներ, ՀՀ դատարանների նախագահներ, դատավորներ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բարձրաստիճան այլ հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը` իր ելույթում կարևորելով Սահմանադրության՝ շրջադարձային նշանակություն ունեցող փոփոխությունները, որով հստակեցվում և ընդլայնվում է Վճռաբեկ դատարանի գործառույթների շրջանակը: Երվանդ Խունդկարյանի բնորոշմամբ, եթե 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում դրվեցին «դատական նախադեպի» հիմքերը, ապա 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների պայմաններում վստահաբար կարող ենք խոսել այդ մշակույթի՝ որոշակի չափով կայացած լինելու մասին:

«Այսօր արդեն՝ Վճռաբեկ դատարանի գործունեության քսանամյակն ամփոփելիս, անվիճելի է, որ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներն ուղենիշային նշանակություն ունեն ոչ միայն նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության ժամանակ, այլև շատ հաճախ օրենսդրական փոփոխությունների և բացերի լրացման ազդակ են հանդիսանում: Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նաև վարչական վարույթների պատշաճ իրականացման հարցում»,-նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը՝ հատկանշական համարելով այն հանգամանքը, որ իրավագիտության ֆակուլտետներ ունեցող բուհերի ուսումնական գործընթացում Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները մեծ դեր ունեն՝ տարբեր առարկայական դասընթացների ծրագրերի պարտադիր բաղկացուցիչ մաս կազմելով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը նշեց, որ 2017 թվականն, ընդհանուր առմամբ, աշխատանքային հագեցած տարի էր, միաժամանակ, փաստելով, որ պալատն իր առջև դրված խնդիրները, որոնք նախանշվել էին հաշվետու տարվա համար, հաջողությամբ իրականացրել է: Երվանդ Խունդկարյանն այնուհետև համառոտ անդրադարձավ նախորդ տարվա վիճակագրական տվյալներին. «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում 2017 թվականի ընթացքում ստացվել է 2880 վճռաբեկ բողոք, որից 1613-ը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ, 1188-ը` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ, 13-ը` ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ, 2-ը` ՀՀ վարչական դատարանի դատական ակտերի դեմ, 64-ը` ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների դեմ»:

Համեմատության կարգով նշվեց, որ 2016 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում ստացվել է 2549 վճռաբեկ բողոք: Այսինքն` 2016 թվականի համեմատությամբ 2017 թվականին ներկայացված բողոքների թիվն աճել է 331-ով (2880-2549=331)՝ 11,5 %:

2017 թվականն առանձնացել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կայացված որոշումների աննախադեպ քանակով: «2017 թվականի ընթացքում պալատի կողմից վարույթ է ընդունվել 438 վճռաբեկ բողոք, որոնց քննության շրջանակներում կայացվել է 331 դատական ակտ, այն դեպքում, երբ 2016 թվականին վարույթ է ընդունվել 242 բողոք և կայացվել 149 դատական ակտ»,-ասաց Երվանդ Խունդկարյանը:

2017 թվականն առանձնացել է նաև օրենքի միատեսակ կիրառության հիմքով վարույթ ընդունված վճռաբեկ բողոքների և դրանց քննության ընթացքում կայացված որոշումների քանակով: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի տեղեկացմամբ, միայն այդ հիմքով գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության արդյունքում կայացվել է 71 որոշում, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության արդյունքում՝ 173 որոշում:

Անդրադառնալով 2017 թվականի ընթացքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կայացված նախադեպային որոշումներին, Երվանդ Խունդկարյանը նախ նշեց, որ պալատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած իրավական չափանիշների հիման վրա քաղաքացիական գործերով նախադեպային դիրքորոշումներ է արտահայտել ընդհանուր սեփականության, աշխատանքային իրավունքի, ապահովագրության, ոչ նյութական վնասի հատուցման, սնանկության վարույթի, ժառանգման ինստիտուտի և իրավաբանական հանրությանը հուզող մի շարք այլ խնդրահարույց հարցերի վերաբերյալ:

Միաժամանակ նկատի ունենալով միջոցառման բնույթը, մասնավորապես այն, որ վերջինս նվիրված է նաև ՀՀ վարչական դատարանի կազմավորման տասնամյակին, Երվանդ Խունդկարյանը համառոտ ներկայացրեց վարչական գործերով պալատի արտահայտած իրավական դիրքորոշումները, որոնք առնչվում են ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու և շարունակելու համար վրա հասնող պատասխանատվությանը, հարկային և մաքսային իրավունքի մի շարք խնդրահարույց հարցերին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցներով կատարված և տեսանկարահանմամբ կամ լուսանկարահանմամբ հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության կիրառման կառուցակարգերին, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտման համար անձի պատասխանատվության առանձնահատկություններին, լիցենզավորմանը, տնտեսական մրցակցությանը, դատական ծախսերի բաշխման կանոններին և մի շարք այլ իրավական վեճերի տեղիք տված հարցերի:

Ելույթն ամփոփելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահը շնորհակալություն հայտնեց պալատի դատավորներին և պալատի ամբողջ աշխատակազմին՝ պալատի բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը (GIZ)՝ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի օժանդակությամբ որոշման ընտրանին և տարեկան հաշվետվությունը տպագրելու և հերթական անգամ հանրության դատին հանձնելու հնարավորությունն ընձեռելու համար:

Երվանդ Խունդկարյանն ընդգծեց, որ պալատը չի սահմանափակվելու ձեռքբերված արդյունքներով. 2018 թվականն առանձնանալու է նոր աշխատանքային մարտահրավերներով և դրանց լուծմանն ուղղված նոր ջանքերով, որոնցից մի քանիսն արդեն իսկ նախանշվում են ՀՀ դատական և ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքերի ընդունման պայմաններում:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանն իր ելույթում ևս Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների համար ոչ պարտադիր, բայց ուղենիշային համարեց: «Վճռաբեկ դատարանի որոշումները պետք է ուղեցույցի դեր ունենան դատավորների համար և ցանկացած շեղում, պետք է արդարացված և հիմնավորված լինի՝ կամ գործի կոնկրետ հանգամանքներով կամ իրավական այնպիսի ծանրակշիռ փաստարկներով, որոնք գերակայություն ունեն: Իրավական մեկնաբանությունների տեսանկյունից առաջանում է շատ ավելի պարարտ հող դատավորների համար, որպեսզի իրենք ստեղծագործաբար մոտենան իրավունքին»,-ասաց Վարդան Պողոսյանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին շնորհավորեց ՀՀ վճռաբեկ դատարանին՝ կազմավորման քսանամյակի կապակացությամբ, նշեց նրա դերը դատական համակարգի դրական փոփոխություններն իրականացնելու գործընթացում: «Դեռևս շատ խնդիրներ կան լուծելու, սակայն առողջ սերնդափոխությունը, արդարացման դատական ակտերի աճը, դատական ակտերի որակի բարձրացումը չարձանագրելն անհնար է»,-նշեց Արա Զոհրաբյանը:

Նրա բնորոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների տարբեր տարիների ժողովածուները Փաստաբանների պալատի գրադարանում կարևոր և առանձնահատուկ տեղ են զբաղեցնում և վստահություն հայտնեց, որ այս ընտրանին ևս լայն կիրառում կստանա մասնագիտական հարթակներում:

Երևանի պետական համալսարանի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց անընդհատ զարգացող հասարակական հարաբերություններում իրավական իրողությունների գնահատման, մեկնաբանման գործում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումների նշանակությունը և կանխորոշող դերը դատական պրակտիկայում:

«Գաղտնիք չէ, որ իրավական իրողություններն անընդհատ զարգանալու դինամիկա են ցուցաբերում, և համապատասխան գնահատականի և մեկնաբանությունների կարիք է զգացվում: Նույնիսկ եվրոպական կոնվենցիան, որը կայուն արժեք է հռչակված, եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում դիտարկվել է որպես կենդանի օրգանիզմ: Վճռաբեկ դատարանի գործունեության և այս առումով Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի միջև կարելի է որոշակի ընդհանրություններ տեսնել: Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանին կարևոր գործիք է՝ իրավակարգավորումների վերաբերյալ մեկնաբանություններին շահագրգիռ հանրությանը կամ սուբյեկտներին իրազեկելու կամ հաղորդակից դարձնելու հարցում»,-նշեց Վահե Հովհաննիսյանը:

Միջոցառման ավարտին, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության կայացման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդն ու աջակցությունը, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի հիմնադրման 10-ամյակի, ՀՀ վճռաբեկ դատարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» hայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին, Գերմանիայի Դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և Գերմանիայի Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին հանձնվեցին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի պատվոգրերը և հուշանվերները: