ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

08.10.2025

image

Սույն թվականի հոկտեմբերի 1-ին ավարտվել է Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամ Հարություն Հարությունյանի լիազորությունների ժամկետը: Վճռաբեկ դատարանի նախագահ Լ. Թադևոսյանի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 75-Ա հրամանով 2025 թվականի նոյեմբերի 7-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են՝ նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում:

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու ներգրավելու նպատակով հայտարարում է մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրությունից առնվազն երեսուն օր առաջ հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել Բարձրագույն դատական խորհրդի սահմանած պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում:

 

Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ պահանջները բավարարող հասարակական կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություն).

  1. Կազմակերպությունը պետք է գրանցված լինի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում,
  2. Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով Մրցույթին նախորդող առնվազն հինգ տարիների ընթացքում Կազմակերպության կանոնադրական նպատակները պետք է ներառած լինեն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության գործունեության ոլորտները։

 

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Որպես Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները»:

 

Որոշման Հավելված 1-ի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ «Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրելիս Կազմակերպությունը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձնաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի, թեկնածուի մասին։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնություն վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2) Կազմակերպության պետական գրանցման վկայականի, կանոնադրության և դիմելուն նախորդող հինգ տարիների գործունեության տարեկան հաշվետվությունների պատճենները.

3) Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

4) Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

5) Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

6) Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77–րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

7) նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

8) բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ.

9) հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ.

10) իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

11) համաձայնություն՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին։

Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված՝ հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների տված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ)։ Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքն ստուգվում է կրթության և գիտության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարի սահմանած կարգով։

 

Դատավորների ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի 08.10.2025թ. թիվ 58 հրամանով ձևավորվել է Մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

 

  1. ՆԱԻՐԻ ԳԱԼՍՏՅԱՆ - Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի նախագահ),

 

  1. ՍՈՆԱ ԽԱԼԱՖՅԱՆ - Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետի պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),

 

  1. ՄԱՐՏԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ - Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետի պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի անդամ),

 

  1. ԱԼԼԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ - Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության մշակման բաժնի պետի պաշտոնակատար (Մրցութային հանձնաժողովի քարտուղար):

 

Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ը առձեռն կամ փոստային եղանակով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ներկայացնել ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով:

Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010) 511 823, (010) 511 795 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեին:

 

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Կիսվել