ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

27.04.2021

image

Բարձրագույն դատական խորհրդում ստացվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, որով վերջինս խնդրել է քննարկել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան քրեական մասնագիտացման դատավոր գործուղելու հարցը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ որևէ դատարանի բնականոն գործունեությունը չի կարող ապահովվել դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության հետևանքով, Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նույն ատյանի համապատասխան մասնագիտացման մեկ այլ դատավոր իր համաձայնությամբ կարող է մինչև մեկ տարի ժամկետով գործուղվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել միայն մինչև դատավորի վարույթում գտնվող գործի քննության ավարտը: Նույն դատավորը չի կարող կրկին գործուղվել նախորդ գործուղման ավարտից հետո` մեկ տարվա ընթացքում:    

Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 154-րդ կետի համաձայն՝ մինչև հարցի քննարկումը Խորհրդին ներկայացնելը Դեպարտամենտի կենտրոնական մարմինը աշխատակազմերի, ինչպես նաև դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով տեղեկացնում է դատավորներին գործուղման հնարավորության մասին։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների (բացառությամբ՝ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի) քրեական մասնագիտացման դատավորներին տեղեկացվում է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (նստավայրը՝ Ստեփանավան քաղաք) գործուղվելու հնարավորության մասին:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղվելու ցանկություն ունեցող դատավորները կարող են մինչև 2021 թվականի մայիսի 4-ը, ժամը` 18:00-ն, գործուղվելու առնչությամբ իրենց գրավոր համաձայնությունը ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ (էլ. փոստ՝ info@court.am):

 

Կիսվել