Նորություններ

RSS
image

28.01.2020

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

       Մեր սահմաններին գիշերուզօր մարտական հերթապահություն իրականացնող տղանե՛ր, ձեզ ուղղված շնորհակալության ու երախտիքի խոսքերն այսօր հնչելու են հայկական բոլոր օջախներում։

       Ձեր սահմանապահ առաքելության շնորհիվ մեր երկիրը խաղաղություն է վայելում, միլիոնավոր մարդիկ զբաղվում են իրենց ամենօրյա գործունեությամբ։

      Ձեր կազմակերպվածության արդյունքում է, որ 28 տարի շարունակ թշնամին զգոն է ու սարսափում է անհավասար մարտի բռնվել։ Հայոց բանակի սպայակազմի ու զինվորի ազդեցությունն է այսօր թույլ տալիս միջազգային ատյաններում արժանի հակահարված տալ թշնամական փուչ հռետորաբանությանը։

      Ուժ, կորով ու ամուր կամք՝ մեր զինվորին ու սպային, հանգստություն ու համբերություն՝ զինվորի մորը, իմաստություն ու սեր՝ զինվորական կյանքն աշխատանք դարձրած պայմանագրային զինծառայողների ընտանիքներին:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ռուբեն Վարդազարյան

image

27.01.2020

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Ողջունելով պրն. Վարդազարյանին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հայոց Հովվապետը նշեց, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, և այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարևոր դերակատարությունն ունի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծեց, որ հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց, կարևորեց այդ առումով գործակցությունը: Պրն. Վարդազարյանը նաև Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը:

image

24.01.2020

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել, որով Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

image

23.01.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՄ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը հունվարի 22-ին ընդունեցին Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ԵՄ այլ ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը կարևորեց Խորհրդի և գործընկեր միջազգային կառույցների հետ արդյունավետ, բաց և անմիջական համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համալիր ծրագրերի իրականացումն առավել արդյունավետ դարձնելու ճանապարհին:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով Խորհրդին ընդունելության համար, հետաքրքրվեց դատաիրավական բարեփոխումների գործընթացի ներկա վիճակով: Ռուբեն Վարդազարյանը նկատեց, որ Խորհուրդը շահագրգռված է բարեփոխումների արդյունավետությունն ապահովելու համար և այդ ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաև էլ-արդարադատության տեխնիկական ապահովմանը, համակարգի արագ ներդրման անհրաժեշտությանը, դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին հետագա համագործակցության անհրաժեշտությունը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

22.01.2020

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին արձակված կրակոցի փաստով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Խնդիրն իր կարևորությամբ և աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի և իրավապահ մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում: Տեղի ունեցածը հանրային լայն արձագանք է ստացել և երբեմն տեղիք տվել այս պահին նաև անհարկի քննարկումների:

Բարձրագույն դատական խորհուրդը կոչ է անում բոլորին զերծ մնալ ոչ մասնագիտական որևէ մեկնաբանություն անելուց, քանի դեռ քննությամբ պարզված չեն տեղի ունեցածի բոլոր մանրամասները:

Քննության ավարտից հետո միայն կատարվածի մասին կտրվի հիմնավոր տեղեկատվություն և համապատասխան գնահատական: 

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն