Նորություններ

RSS
image

26.07.2021

Քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորների տեղափոխման հնարավորություն

Ըստ՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ դատավորի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարական է ներկայացնում:

Տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավորներից մեկը հրաժարական է ներկայացրել և Բարձրագույն դատական խորհրդի 26.07.2021թ. թիվ ԲԴԽ-53-Ո-133 որոշմամբ ս.թ. հուլիսի 26-ից վերջինիս լիազորությունները համարվել են դադարած:

Համապատասխան մասնագիտացում ունեցող առաջին ատյանի դատարանների դատավորները կարող են սահմանված կարգով և ժամկետներում տեղափոխման համապատասխան դիմում ներկայացնել՝ նշված թափուր տեղում նշանակվելու համար՝ իրենց թեկնածությունը քննարկելու նպատակով:

image

26.07.2021

ԲԴԽ անդամները հանդիպեցին քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ

Այսօր՝ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԲԴԽ մի շարք անդամների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի և քաղաքացիական գործեր քննող դատավորների մասնակցությամբ  տեղի ունեցավ հանդիպում-քննարկում:

Ողջույնի խոսքով հանդես գալով՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ քաղաքացիական գործերի քննության ոլորտում առկա են արդյունավետության, մատչելիության և մի շարք այլ խնդիրներ:

Հանդիպման մասնակիցները քննարկեցին քաղաքացիական գործեր քննող դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը, առկա իրավիճակի լուծմանը վերաբերվող հարցեր, կողմերը նաև հանդես եկան ոլորտի բարեփոխմանն ուղղված իրենց առաջարկություններով:

 

Հանդիպումները շարունակական են լինելու ինչպես քաղաքացիական, այնպես էլ քրեական գործեր քննող դատավորների հետ:

image

26.07.2021

Հանդիպում ՀՀ-ում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հանդիպեցին Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերի հետ: Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի Միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ համատեղ: 

Պարոն Ջհանգիրյանը ողջունեց հյուրերին և նշեց, որ ԲԴԽ-ի և IRZ-ի համագործակցությունը բավականին կարևոր է և առաջնային՝ դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին իրականացվող ծրագրի աշխատանքային պլանը, որի շրջանակում նախատեսվում է անցկացնել աշխատաժողովներ, վերապատրաստումներ, ուսումնական այցեր ինչպես ԲԴԽ անդամների, այնպես էլ Դատական դեպարտամենտի աշխատակիցների համար:

Կողմերի միջև հանդիպումները շարունակական բնույթ են կրելու:

image

19.07.2021

Մեկ օրում՝ դատարանի երեք կին նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ այսօր ՀՀ չորս մարզերի՝ Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի և Լոռու դատարաններում դատարանի նախագահների պաշտոնում նշանակվելու համար Հանրապետության նախագահին չորս թեկնածուներ են առաջարկվել: 

 

Չորս մարզերից երեքում դատարանի նախագահ  նշանակվելու համար առաջարկվել են կին թեկնածուներ:

image

16.07.2021

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի 15․07.2021թ. ԲԴԽ-50-Ո-118 որոշումը՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման համար անհրաժեշտ թվաքանակը 3 (երեք) թեկնածուով համալրելու անհրաժեշտության մասին, հայտարարվում է վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել 3 (երեք) թեկնածուով:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել՝

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 8 տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի օգոստոսի 2-ը ներառյալ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 03.02.2021 թվականին ընդունված և 28.06.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ (…) վերաքննիչ քրեական դատարանում թափուր տեղերի համալրման նպատակով դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելիս դատավորները կցում են նաև Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը։ (…)

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը։

Նույն հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետում նշված անձը դիմումին կցում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

 

Ծանոթություն.

Դիմումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Երևան, Կորյունի 17:

Հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգահարել

010/ 511 778, 511 816, 511 819 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեով: