Նորություններ

RSS
image

08.07.2021

Գագիկ Ջհանգիրյանի ուղերձը՝ Վճռաբեկ դատարանի հիմնադրման 23-ամյակի առթիվ

«Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի կազմավորման 23-ամյակի առթիվ:

1998 թվականի հուլիսի 10-ից սկսելով իր գործունեությունը՝ Վճռաբեկ դատարանը կարևորագույն առաքելություն է ստանձնել՝ Սահմանադրության համապատասխան իրականացնել բարձրագույն դատական ատյանի իր գործառույթները:

Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի զարգացման և դատական պրակտիկայի միասնականության ապահովման երաշխավորումն անկյունաքարային նշանակություն ունի պրակտիկայի կայունացման և կանխատեսելիության համար:

Վճռաբեկ դատարանի գործունեության մեջ առանձնակի կարևորություն է ձեռք բերում մի կողմից՝ սահմանադրի և օրենսդրի կամքի իրագործումը՝ ՀՀ-ի անունից կայացվող բոլոր դատական ակտերում, մյուս կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ ապահովման ուղղությամբ Սահմանադրության և միջազգային իրավական ակտերում ամրագրված դրույթների մեկնաբանումը:

Պետք է ասել, որ Վճռաբեկ դատարանը կարողացել է ճկուն իրագործել այս երկու խնդիրները, միաժամանակ, ցուցաբերած դատական ակտիվիզմի արդյունքում ստեղծել է իրավունքի զարգացման արդի մակարդակին համահունչ դատավարական բնույթի նորմեր, որոնք իրենց ամրագրումն են ստացել Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավապահ և դատական մարմինների առօրյայում կիրառվող կայուն հաստատված նախադեպային իրավունքով:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Վճռաբեկ դատարանի մեր գործըներներին՝ ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ նորընտիր նախագահի ղեկավարությամբ դատարանն է՛լ ավելի հետևողական ու անշեղ կիրականացնի իր սահմանադրական առաքելությունը, ինչով կնպաստի արդարության և արդարադատության հանդեպ մեր ժողովրդի խաթարված հավատի վերականգնմանը»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյան

image

25.06.2021

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում լուր է հրապարակվել, իբրև թե Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել համակարգի ներկայացուցիչներին և զգուշացրել, որ սոցիալական ցանցերում ակտիվություն չդրսևորեն, սպառնացել և այլն:

Պաշտոնապես հայտնում ենք, որ նման որևէ հավաք, հանդիպում, քննարկում, զգուշացում կամ ցուցում դատական համակարգում չի եղել: Լուրն իրականությանը չի համապատասխանում:

Թե՛ դատավորների, թե՛ դատական դեպարտամենտի աշխատակիցների ապաքաղաքականացվածությունը սահմանող նորմերը հստակ նախատեսված են ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 4-րդ և ՀՀ հանրային ծառայության մասին օրենքի 3-րդ հոդվածներում:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

18.06.2021

Հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

04.06.2021

ՀԵՐՔՈՒՄ

Երեկ «Արմլուր» էլեկտրոնային լրատվամիջոցով և այսօր «Ժողովուրդ» օրաթերթում՝ «Գլխավոր դատախազն ու Գագիկ Ջհանգիրյանը բախվել են. Ռուբեն Վարդազարյանի հարցն է», «Ուշագրավ զարգացումներ ԲԴԽ-ում» վերնագրերով ապատեղեկատվություն է հրապարակվել:  

Գլխավոր դատախազի խորհրդականն արդեն իսկ արձագանքել և հերքել է լրատվամիջոցի հերթական հորինվածքը:

Կեղծ լուրերը, իրականության հետ աղերս չունեցող սադրիչ տեղեկությունները հերքելը թեև անշնորհակալ գործ է, այնուամենայնիվ, հանրությանը տեղեկատվական մանիպուլյացիաներից զերծ պահելու նպատակով ստիպված ենք մեկ անգամ ևս բարձրաձայնել, որ Բարձրագույն դատական խորհուրդը գործում է բացառապես ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում: Բարձրագույն դատական խորհուրդը նաև չի կարող միջամտել որևէ դատական գործընթացի, կամ դատախազական որևէ գործառույթի:  

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն