background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

21.11.2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ՊԱՏՄՈՒՃԱՆԻ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ

Դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության նկատմամբ հետաքրքրությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողների, սեփական նախաձեռնությամբ, երեկ բերել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր:

Ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալեց դատավոր Երեմ Եսոյանը, ապա նրանց համար զրույց–դաս վարեց՝ ներկայացնելով դատարանում քաղաքացիական գործերի քննության կարգը, հայցադիմումների, դիմումների՝ դատարան մուտքագրման գործընթացի իրավակիրառ պրակտիկան, դատավարության փուլերում քաղաքացիական տարբեր հիմնահարցեր, դատավարության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, դատարանում ելույթների ներկայացման էթիկայի կանոնները:   

Դատավորն իր խոսքում անդրադարձավ նաև գործերի մակագրման էլեկտրոնային եղանակին, ներկայացրեց այն կարգավորող իրավական ակտերը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումները:

Ուսանողները հետաքրքրվեցին օրենսդրական կոնկրետ նորմերի պրակտիկ կիրառման ընթացակարգերով, զրպարտության և վիրավորանքի հայցերի քանակով և դատական իշխանության բարեփոխումներով:

Դատավոր Երեմ Եսոյանն ուսանողների կողմից բարձրացված բոլոր հարցերին տվեց սպառիչ պատասխաններ և գործնական խորհուրդներ, դատական իշխանության առկա խնդիրների լուծման հարցում էլ կարևորեց էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման ուղղությամբ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռնարկված գործուն քայլերը և առանձին գործերի այընտրանքային եղանակով քննության անհրաժեշտությունը, ինչն էապես կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն 

image

12.11.2019

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՅՑ՝ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱՐԱՆ

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում օրերս հյուրընկալել էին Գյումրու տարբեր դպրոցների դասարանների մի շարք աշակերտների, որոնց ընդունեց դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:

Դատարան այցի նախաձեռնությունը «Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնինն էր, որի նպատակը բարձր դասարանի աշակերտներին մասնագիտական դասընթացների շրջանակում ապագա մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշելն էր:

Դատարանի նախագահն աշակերտների հետ հանդիպմանը ներկայացրեց իրավաբանություն մասնագիտության առանձնահատկությունները, կարևորեց իրավաբանի՝ որպես մասնագետի օբյեկտիվությունն ու բարձր պատասխանատվությունը, խոսեց դատական համակարգի, դատարանների գործունեության, դատական նիստերի անցկացման կարգի և այլ հարցերի մասին, ինչպես նաև պատասխանեց աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերին:

Գրասենյակի պետ Կարինե Մովսիսյանի ուղեկցությամբ աշակերտները շրջայց կատարեցին դատարանի շենքում, եղան դատարանի նախագահի աշխատասենյակում, նիստերի դահլիճում, ծանոթացան դատարանի աշխատանքի կազմակերպմանը:

Աշակերտների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Նրանք դատարանից հեռացան տպավորված ու դրական լիցքերով: 

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

11.11.2019

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի նիստում քննարկվել է Խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հրաժարականի հարցը։
Խորհրդի անդամների հորդորով` նիստին մասնակցել է նաև պարոն Հովհաննիսյանը։
Շուրջ երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։ Դատական բարեփոխումների համատեքստում պարոն Հովհաննիսյանը ներկայացրել է այն ծրագրերն ու գաղափարները, որոնց, նրա կարծիքով, պետք է առաջնահերթություն տրվի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատական մարմինների համակարգի բյուջետային պլանավորման, Դատական դեպարտամենտի աշխատանքների կազմակերպման խորքային վերափոխումների անհրաժեշտության, էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, գործերի` ըստ տեսակի և բարդության միջին ուղենիշային ժամկետների սահմանման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև դատավորների ներգրավվածության մեծացման և հանրության հետ նրանց շփումների կազմակերպման հարցերը։

Ծավալված ակտիվ քննարկումների արդյունքում Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները կարևորել են առաջ քաշված խնդիրների խորքային և առաջնային բնույթը։ Նշվել է, որ արդեն իսկ նախաձեռնված և պլանավորվող աշխատանքների բարեհաջող իրագործման համար կարևոր է, որպեսզի Հայկ Հովհաննիսյանը մնա և շարունակի Խորհրդում իր աշխատանքներն իր գործընկերների հետ միասին։

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել են իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։

Պարոն Հովհաննիսյանը չի պնդել հրաժարականի դիմումը և շարունակում է պաշտոնավարել։

Բարձրագույն դատական խորհուրդ

image

09.11.2019

ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱԳԱ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԲԵՐԵԼ ԷՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Բարձրագույն դատական խորհրդում նոյեմբերի 8-ին ճանաչողական այցով հյուրընկալվել էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ծանոթանալու Խորհրդի գործունեությանը: Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպելու նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությանն էր:

Խորհրդի նախագահը, ողջունելով ապագա լրագրողներին, կարևորեց նրանց հետաքրքրվածությունը դատական իշխանության նկատմամբ: Նա իր խոսքում նկատեց, որ դատարանների աշխատանքը լուսաբանելիս պրոֆեսիոնալ մոտեցման պակաս կա, և ոլորտային խնդիրների գրագետ լուսաբանումը կարող է նպաստել ոչ միայն առկա խնդիրների լուծմանն ու հաղթահարմանը, այլև դատական իշխանության հեղինակության հանրային ընկալման դերի բարձրացմանը:   

Ուսանողների հետ հանդիպմանը Ռուբեն Վարդազարյանը, հակիրճ ներկայացնելով Խորհրդի լիազորությունները, հիմնական շեշտադրումն արեց մատչելի, հասանելի դատական համակարգ ունենալու Խորհրդի որդեգրած քաղաքականության վրա: Խորհուրդը պիլոտային տարբերակով շրջանառության մեջ է դրել դատավորների համար խորհրդատվական բնույթի որոշում, ըստ որի՝ դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելուց զատ, դատավորներն ավելի մատչելի, առանց իրավական տերմինների օգտագործման, կողմերին հասանելի լեզվով կբացատրեն դատական ակտի բովանդակությունը: Հաջողության դեպքում Խորհուրդը կդիմի օրենսդրին՝ հարցի օրենսդրական կարգավորման համար:

Ապագա լրագրողները հետաքրքրվեցին դատաիրավական բարեփոխումների գործընթացով, վեթինգի իրականացման գործիքակազմերով, էլեկտրոնային արդարադատության համակարգի, արբիտրաժային դատարանների արդյունավետության և այլ հարցերով: Խորհրդի նախագահն անդրադարձավ ուսանողների բարձրացրած բոլոր հարցադրումներին: 

Ճանաչողական այցի շրջանակում ուսանողները շրջայց կատարեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքում, եղան կարգապահական վարույթների քննության համար նախատեսված նիստերի դահլիճում, խորհրդակցական սենյակում:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

25.10.2019

ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՍԿՈՒՐՍ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ հոկտեմբերի 25-ին, հյուրընկալվել էին ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները: Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ հանդիպումը ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությունն էր:

Խորհրդի նախագահը նախ ողջունեց ապագա իրավաբանների դրսևորած հետաքրքրվածությունը Խորհրդի գործունեության նկատմամբ՝ միաժամանակ առանձնակի կարևորելով նմանատիպ հանդիպումները, քանզի կողմնակի դիտորդի աչքերով ավելի ակնհայտ են դառնում իրականացվող աշխատանքներն ու հնարավոր թերացումները:

Ուսանողների հետ անմիջական ու անկաշկանդ զրույցի ժամանակ Խորհրդի նախագահը ոլորտային հարցերին անդրադարձավ ի պաշտոնե՝ ներկայացնելով Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես սահմանադրական մարմնի լիազորությունների շրջանակները, դրանց օրենսդրական որոշակի փոփոխությունների անհրաժեշտությունը: Նա խոսեց նաև Խորհրդի՝ որպես կոլեգիալ մարմնի ունեցած առավելության մասին, երբ խորհրդակցական սենյակում կա դատավոր և գիտնական անդամների կարծիքների հակամարտություն, ինչը ոչ միայն բնական է, այլև աշխատանքային գործընթացում հավասարակշռություն պահապանելու կարևոր նախապայման:

Որպես դատավոր՝ Ռուբեն Վարդազարյանը խոսեց նիստերի դահլիճում դատավորի հոգեբանական զգացողությունների մասին, առանձնակի շեշտեց դատական իշխանության հանդեպ հանրային վստահության անհրաժեշտությունը, կարևորեց առողջ քննադատությունը, բայց ոչ անհասցե խոսքը, որը կարող է վտանգել դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը: Նա իր խոսքում նաև նկատեց, որ այսօր դատավոր դառնալու ցանկություն քչերն ունեն, քանզի մեծ է պատասխանատվությունը և առայժմ չկա համարժեք վարձատրություն:

Ապագա իրավաբաններին հետաքրքրող հարցերը բազմաբնույթ էին և բազմաբովանդակ: Նրանք հետաքրքրվեցին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, որպես դատարան հանդես գալու պարագայում Խորհրդի անդամներին ինքնաբացարկ հայտնելու ընթացակարգերով, գործադիր և օրենսդիր մարմինների հետ օրենսդրական նախաձեռնությունների մշակման գործընթացներում Խորհրդի ներգրավվածությամբ, ինչպես նաև էլ-արդարադատության համակարգի և դատավորների մասնագիտական գնահատման հարցերով: Խորհրդի նախագահն առարկայական և սպառիչ անդրադարձավ ուսանողների բարձրացրած բոլոր հարցադրումներին՝ կոնկրետ օրինակներով զուգահեռներ տանելով հայաստանյան և միջազգային դատական պրակտիկայի միջև:

Ուսանողների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ռուբեն Վարդազարյանի առանցքային խորհուրդն էր ուսանողներին դառնալ իրավունքի ոլորտի լավագույն մասնագետ:

Ճանաչողական այցի ավարտին ուսանողները շրջայց կատարեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքում, եղան նիստերի դահլիճում, խորհրդակցական սենյակում:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն