Նորություններ

RSS
image

06.09.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոյին և ԵՄ միջազգային գծով օգնական Իրինա Մովսեսյանին:

ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Վիգեն Քոչարյանը և Հայկ Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության շուրջ գործնական երկխոսության, դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ուղղությունների մշակման և դրանց իրագործման համար Եվրոպական միության հնարավոր ներգրավվածության և Խորհրդի հետ արդյունավետ համագործակցությանը վերաբերող մի շարք առանցքային հարցեր:

Խորհրդի նախագահը շեշտեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը բաց է և պատրաստակամ դատական իշխանությանն առնչվող ցանկացած հարցի քննարկման և արդյունավետ համագործակցության համար:

ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարն իր հերթին ընդգծեց դատաիրավական բարեփոխումների իրականացման ճանապարհին Եվրոպական միության հնարավոր աջակցության և Խորհրդի հետ հետագա համագործակցության զարգացման պատրաստակամությունը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

09.08.2019

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԴԽ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներից, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուն սույն թվականի օգոստոսի 10-ին և 11-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրերին, քվեաթերթիկում իր անունը չներառելու մասին դիմում ներկայացնելու ցանկության առկայության դեպքում կարող է այն ուղարկել departament.datakan@mail.ru կամ dat.varch@mail.ru էլեկտրոնային հասցեներին, կամ 091-99-99-04, 095-11-11-71 հեռախոսահամարներին (նաև Viber, WhatsApp), կամ ժամը՝ 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 5 հասցեով:

image

05.08.2019

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԸ

ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի հրամանագրով՝ Արմեն Բեկթաշյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դատարանի նախագահի պաշտոնակատարին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Սերգեյ Չիչոյանը, շնորհավորելով Արմեն Բեկթաշյանին, հաջողություն մաղթեց նրան Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բարդ և պատասխանատու աշխատանքում:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

05.08.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում համալրումը պետք է կազմակերպվի մեկամսյա ժամկետում (պաշտոնը թափուր է 2019 թվականի հուլիսի 11-ից):

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Խորհրդի 6 կողմ ձայնով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Պետիկի Մկրտչյանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն