background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

09.08.2019

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԴԽ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներից, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուն սույն թվականի օգոստոսի 10-ին և 11-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրերին, քվեաթերթիկում իր անունը չներառելու մասին դիմում ներկայացնելու ցանկության առկայության դեպքում կարող է այն ուղարկել departament.datakan@mail.ru կամ dat.varch@mail.ru էլեկտրոնային հասցեներին, կամ 091-99-99-04, 095-11-11-71 հեռախոսահամարներին (նաև Viber, WhatsApp), կամ ժամը՝ 14:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 5 հասցեով:

image

05.08.2019

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԸ

ՀՀ նախագահի օգոստոսի 1-ի հրամանագրով՝ Արմեն Բեկթաշյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 29-ի ԲԴԽ-55-Ո-120 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դատարանի նախագահի պաշտոնակատարին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արմեն Բեկթաշյանին:

Սերգեյ Չիչոյանը, շնորհավորելով Արմեն Բեկթաշյանին, հաջողություն մաղթեց նրան Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի բարդ և պատասխանատու աշխատանքում:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

05.08.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ընտրության հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու պարագայում համալրումը պետք է կազմակերպվի մեկամսյա ժամկետում (պաշտոնը թափուր է 2019 թվականի հուլիսի 11-ից):

Փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Խորհրդի 6 կողմ ձայնով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Արթուր Պետիկի Մկրտչյանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

30.07.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկատառումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկության, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ:

Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով Խորհուրդը 23.07.2019թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019թ. ստացել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պատասխանը:

Քննարկման առարկա դարձնելով ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի հարցադրումները, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի պարզաբանումները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ հիշյալ քննչական գործողություններն իրականացնելիս քննիչի կողմից կատարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն, այն է՝ կնքվել է դատավոր Դ. Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը, ինչով սահմանափակվել է վերջինիս մուտքն իր աշխատասենյակ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված է, որ քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական քրեական վարույթի գաղտնիությունը, դատավորի հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանն ուղղակի կամ անուղղակի որևէ միջամտություն:

Վերոգրյալի արձանագրմամբ Բարձրագույն դատական խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ գործողությունն իրականացնելու կապակցությամբ և միջնորդել ձեռնարկել օրենքով սահմանված համապատասխան միջոցներ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

image

29.07.2019

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի հուլիսի 26-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել միջնորդություն՝ երեք դրվագով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով քննվող քրեական գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին։

Բարձրագույն դատական խորհուրդը, 2019 թվականի հուլիսի 26-ին քննելով միջնորդությունը, լսելով ինչպես ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․ Հարությունյանին, այնպես էլ դատավոր Դ․ Գրիգորյանին, որոշել է ներկայացված միջնորդությունը երկու դրվագներով բավարարել, իսկ մեկով՝ մերժել։ Որոշումը հրապարակվել է 2019թ. հուլիսի 27-ին։ Ելնելով վերոգրյալից՝ օրենքի ուժով կասեցվել են նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։

Բարձրագույն դատական խորհուրդ