background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

31.05.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Լ.Թադևոսյանը, նույն պալատի դատավորներ Հ.Ասատրյանը, Ե.Դանիելյանը, Ա.Պողոսյանը և Ա.Օհանյանը՝ Բարձրագույն դատական խորհրդին 2019 թ. մայիսի 16-ին ուղղված թիվ Ե-3867 գրությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտացոլված խնդրահարույց որակումների առնչությամբ, որոնք խոցելի են դատական իշխանության երկու մարմինների միջև Սահմանադրության և օրենքների մեկնաբանության ոլորտային սահմաններն անխաթար պահելու օրինաչափ անհրաժեշտության տեսանկյունից:

Ըստ այդմ էլ՝ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դատավորներն ընդգծել են, որ այդպիսիք են համարվում Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա 2019 թ. ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա 2019 թ. մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումներում արտացոլված գնահատականները. «… Վճռաբեկ դատարանի հայեցողական լիազորության իրացումը որակվել է որպես կամայականություն, իսկ մեկ այլ դեպքում, բարձրագույն դատական ատյանի (բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի) գործունեության հիմնական ուղղոության՝ օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման ապահովման գործառույթի իրագործումը՝ լիազորությունների ըստ էության վերազանցում»:

Բարձրագույն դատական խորհուրդը, ուսումնասիրելով նշված փաստարկները, արձանագրել է, որ լիազորությունների վերազանցման առնչությամբ գնահատականը պատկանում է դիմումի հեղինակին, ըստ այդմ էլ՝ այն տեղ է գտել Սահմանադրական դատարանի 2019 թ. մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշման սոսկ նկարագրական մասում:

Ինչ վերաբերում է լիազորությունների իրացումը կամայականություն որակելուն, ապա այն, իրոք, արտացոլված է 2019 թ. ապրիլի 16-ի թիվ ՍԴՈ-1453 որոշման մեջ, որպիսի փաստը Բարձրագույն դատական խորհուրդը դիտարկում է, որպես հիրավի դատական իշխանության հեղինակության խաթարման հետ աղերսներ ունեցող երևույթ:

Վճռաբեկ դատարանի հիշյալ դատավորները վերը նշված գրությամբ բնավ չեն վիճարկել Սահմանադրական դատարանի դատազորության շրջանակները, նրանց միանգամայն իրավաչափորեն բացառապես մտահոգել է տվյալ որոշման մեջ՝ դատական իշխանության բարձրագույն ատյանի լիազորությունների իրականացման որակումների առնչությամբ դատավարության կանոնների հետ աղերսներ չունեցող եզրութաբանությունը:

Նշվածի համատեքստում առնվազն տեղին չէ Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված դիմումի կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի հաղորդագրությունը, որում պարզապես յուրովի մեկնաբանությամբ շարադրված են Սահմանադրական դատարանի իրավասության սահմանադրական և օրենսդրական հանրահայտ հիմքերը:

Բնորոշ է այն, որ միջազգային դատական ատյանների վճիռներում ևս ազգային դատարանների լիազորությունների առնչությամբ բացառապես արտացոլված է զուտ իրավական արժեք ունեցող և միայն դիրքորոշումների օրինականության ու հիմնավորվածության վերաբերյալ այնպիսի եզրութաբանություն, որը որևէ աղերս չունի դատական իշխանության մարմինների հեղինակության խաթարման հետ:

Բարձրագույն դատական խորհուրդը, համամիտ լինելով, որ դատարանի հայեցողական լիազորությունների իրականացումը չի կարող որևէ դատական ակտով որակվել իբրև կամայականություն, կամ որակվել նմանաբնույթ այլ գնահատականներով, քանզի այն խաթարում է դատարանների և դատավորների անկախության կարևոր նախապայման հանդիսացող դատական իշխանության մարմինների հեղինակությունը, ելնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածով ամրագրված կարգավիճակից, ակնկալում է, որ արդարադատություն իրականացնելիս կպահպանվի փոխադարձ հարգանքի սկզբունքը:

image

24.05.2019

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ պարոն Գագիկ Հարությունյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 87-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով դիմում է ներկայացրել (ամբողջական տեքստը զետեղված է դատական իշխանության պաշտոնական կայքում) Բարձրագույն դատական խորհուրդ՝ իր լիազորությունները 2019 թվականի մայիսի 24-ից դադարած համարելու առնչությամբ։ Տվյալ դեպքում, հրաժարական ներկայացնելն ինքնին իրավունքի ուժով հիմք է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարած համարելու համար։

Հիշյալ դիմումին Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով կայացրել է որոշում, որով արձանագրվել է հրաժարական ներկայացնելու փաստը։

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ պարոն                                                                                                                Գևորգ Դանիելյանին։ 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

23.05.2019

ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ

Այսօր` մայիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդում, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, շարունակվել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը:

Հարցազրույցին մասնակցել է դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման 6, քրեական մասնագիտացման՝ 7 հավակնորդ:

Վաղը՝ մայիսի 24-ին, հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների վարչական մասնագիտացման 6 հավակնորդ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն