background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Նորություններ

RSS
image

22.05.2019

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի փուլը, որում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված, հոգեբանության միջազգային խորհրդատու, հայազգի Սրբուհի (Սանտինա) Հովանեսսիանը:

Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, մայիսի 22-ին անցկացրեց քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որին մասնակցում էր 12 հավակնորդ:

Մայիսի 23-ին հարցազրույցի փուլին կմասնակցի դատավորների թեկնածուների քաղաքացիական մասնագիտացման՝ 6, քրեական մասնագիտացման՝ 7, իսկ մայիսի 24-ին՝ վարչական մասնագիտացման 6 հավակնորդ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

19.05.2019

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Բարձրագույն դատական խորհուրդը ս.թ. մայիսի 19-ին ժամը 21.30-ին հրավիրել է արտահերթ նիստ, որում քննարկվել է դատարանների շուրջ ստեղծված իրավիճակը: Խորհուրդն արձանագրել է, որ նախապես ՀՀ վարչապետի մոտ մայիսի 20-ին ժամը 12.00-ին նշանակված է եղել խորհրդակցություն՝ նվիրված դատաիրավական բարեփոխումների հիմնախնդիր­ներին: Հաշվի առնելով, որ վերահաստատվել է նշված խորհրդակցության անցկացումը և դրան նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի մասնակցությունը, Խորհուրդը հանգեց այն հետևությանը, որ.

  1. ստեղծված իրավիճակի առնչությամբ ամբողջական դիրքորոշում արտահայտել խորհրդակցությունից հետո հրավիրվող նիստում,
  2. անընդունելի համարելով դատարանների բնականոն գործունեության խաթարումը, Խոր­հուրդը միաժամանակ կոչ է անում դատավորներին և դատական իշխանության բոլոր աշխա­տա­կիցներին դրսևորել ծայրահեղ զսպվածություն, բացառապես մնալ իրավական դաշտում:

 

                                                                                                    Բարձրագույն դատական խորհուրդ 

image

16.05.2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և դրա շրջանակներում, 2019 թվականի մայիսի 16-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:

Վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 30-ին։

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

13.05.2019

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:

Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. մարտի 25-ին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

2019 թվականի մայիսի 2-ին, Խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հանդես գալով որպես դատարան, քննության առավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը:

Մայիսի 13-ին, օրենքով սահմանված կարգով, հրապարակվեց Խորհրդի որոշումը, որում մասնավորապես նշված է, որ ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարել և դատավոր Դ. Գրիգորյանին հայտարարել նախազգուշացում:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

Մայիսի 13-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում կայացրեց նաև բավարարել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը և նրա անուն-ազգանունը վեց ամիս ժամկետով հանել գործերի բաշխման ցանկից:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն