Նորություններ
RSS
08.05.2019
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՄԱՐԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նելլի Բաղդասարյանի և Հարություն Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2019 թ. փետրվարի 11-ի որոշումներով: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից ներկայացրած հաղորդումը՝ դատավորների վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ:
Հարուցված կարգապահական վարույթների արդյունքներով Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. մարտի 25-ին որոշում է կայացրել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություններ ներկայացնելու մասին:
Դատավոր Նելլի Բաղդասարյանին առնչվող որոշմամբ արձանագրվել է, որ թիվ ԵԴ/0743/06/18 քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու որոշումը կայացնելիս դատավորի կողմից չեն պահպանվել «ՀՀ դատական օրենսգիրք» սահամանդրական օրենքի պահանջները, ինքնաբացարկի որոշումը կայացվել է ոչ թե նշված օրենքով նախատեսված՝ ինքնաբացարկի հիմք հանդիսացող որևէ հանգամանքի առկայության պարագայում, այլ մեղադրանքի կողմից չհիմնավորված կասկածները փարատելու պատճառաբանությամբ: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Նելլի Բաղդասարյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:
Դատավոր Հարություն Մանուկյանի առնչությամբ վարույթ հարուցած մարմինն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման 2-րդ հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով (20 օր և ավելի) բացակայելու, դատավորի արձակուրդում գտնվելու դեպքերում, դատավորի անաշխատունակության հետևանքով տևական ժամանակով բացակայող կամ արձակուրդում գտնվող դատավորին հանձնված (դեռևս վարույթ ընդունելու հարցը չլուծված, վարույթ ընդունված) գործերի վերաբաշխման անհրաժեշտության հարցը որոշում է համապատասխան դատարանի նախագահը:
Հանձնաժողովն արձանագրել է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի և Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ սահմանված՝ դատավորների միջև գործերի վերաբաշխման իրավակարգավորումներից, դատավորի կարճատև առողջական խնդիրների հետ կապված դատավորին մակագրված դատական գործերը վերադարձնելու ընթացակարգ սահմանված չէ, հետևաբար՝ դատավոր Հ. Մանուկյանն իրեն մակագրված թիվ ԵԴ/0743/06/18 և թիվ ԵԴ/0598/06/18 դատական գործերը տվյալ դեպքում իրավասու չէր վերադարձնել: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Հ. Մանուկյանը չի իրականացրել օրենքով իրեն վերապահված լիազորությունները` թույլ տալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում:
Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Ն. Բաղդասարյանին և Հ. Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունները, 2019 թ. մայիսի 8-ին կայացրած որոշումներով բավարարեց Հանձնաժողովի միջնորդությունները և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի պահանջներով դատավոր Ն. Բաղդասարյանին հայտարարեց նկատողություն, իսկ դատավոր Հ. Մանուկյանին՝ նախազգուշացում:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

07.05.2019
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄԱյսօր՝ մայիսի 7-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Հայաստանի բանկերի միության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման նպատակն էր առարկայական քննարկել դատարան-բանկ արդարադատական գործընթացներում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, ինչպես նաև ներկայացնել e-court համակարգի ներդրման մեխանիզմները։
Հանդիպմանը մասնակցում էին Խորհրդի անդամները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, Սնանկության դատարանի նախագահը, Դատական դեպարտամենտի ղեկավարը, Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենը, մեկ տասնյակից ավելի բանկերի ներկայացուցիչներ։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր խոսքում նշեց, որ բանկերի ներկայացուցիչների հետ այս ձևաչափով առաջին հանդիպումը կողմնորոշիչ նշանակություն ունի՝ պրակտիկ փորձի առաջադրմամբ առանցքային շատ հարցերի լուծումը գործնական ուղի մղելու համար։
Ներկայացվեցին վարչական արդարադատության ծախսատարության կրճատման, դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափման, օպերատիվության ապահովման նպատակով արդարադատական գործընթացների թվայնացման արդյունավետությունն ապահովող գործիքակազմերը։
Նշվեց, որ մշակման փուլում է e-court համակարգը, և առաջիկայում նախատեսվում է մեկ դատարանում ներդնել պիլոտային ծրագիր «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։
Կարևորվեց, որ թեստավորման արդյունքների հիման վրա և էլ-արդարատության փուլային լուծումների ճանապարհով գնալու պարագայում հնարավոր կլինի ոչ միայն կրճատել բանկերի ծախսերը, թեթևացնել պետական ծախսերը, բանկ-դատարան հարաբերություններում նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնը, այլև ապահովել այդ հարաբերությունների թափանցիկությունն ու գործունեության արդյունավետությունը։ Այս ուղղությամբ ևս Բարձրագույն դատական խորհրդում մշակվում է մի հայեցակարգ, որով բոլոր դատարաններում կգործի «մեկ պատուհանի» սկզբունքը, երբ ցանկացած շահառու իրեն անհրաժեշտ տեղեկությունը կկարողանա ստանալ մեկ պատասխանատու անձից։
Ներկաների միջև ծավալվեց հետաքրքիր քննարկում, հնչեցին գործնական և կառուցողական երկկողմ առաջարկներ։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

07.05.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով անցկացվող հարցազրույցի ժամանակի և վայրի մասինՀիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացման բաժինների արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցը տեղի է ունենալու 2019 թվականի մայիսի 22-ին և 23-ին ժամը 10:00-ին՝ քաղաքացիական, մայիսի 23-ին ժամը 14:00-ին քրեական և 24-ին ժամը 10:00-ին՝ վարչական մասնագիտացումներ` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում (հասցեն` ք. Երևան, Կորյունի 17):
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ
ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

02.05.2019
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ2019 թվականի մայիսի 2-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 13-ին։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն