Նորություններ

RSS
image

01.04.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵՐԺԵԼ Է ԴԱՏԱՎՈՐԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 1-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ կայացված որոշման եզրափակիչ մասը:

Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի 2019 թվականի մարտի 4-ի թիվ 59-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը, լսելով միջնորդության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հաղորդումը, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյու­թերը և հետազոտելով ապացույցները, որոշեց մերժել այն:

Բարձրագույն դատական խորհուրդը հանգել է այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ արձանագրված խախտումն առկա է, սակայն այն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով չի կարող որակվել որպես ակնհայտ՝ նկատի ունենալով իրավական հիմքերի անկատարությունը և ոչ միասնական դատական պրակտիկան:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

image

30.03.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵՑ ԿԱՍԵՑՆԵԼ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՀԵԲՈՅԱՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշեց դրանք բավարարել:

Խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետով` որոշեց նաև կասեցնել դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

27.03.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Արևելյան գործընկերության երկրներում արդարադատության արդյունավետությունը բարելավելու, դատական իշխանության համակարգում սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու և նմանաբնույթ մի շարք հարցադրումների քննարկման նպատակով Համաշխարհային բանկի պատվիրակությունն այսօր հանդիպեց Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը, Համաշխարհային բանկի արդարադատության բարեփոխումների բաժնի մասնագետ Եվա Միլիսը, արդարադատության բարեփոխումների փորձագետ Մարիա Մատիչը։

Պարոն Գևորգ Դանիելյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի հանդեպ դրսևորած գործնական փոխհարաբերության համար, ապա ընդգծեց, որ «Արդարադատության վերաբերյալ հարցման» ծրագրի շրջանակում իրականացվելիք հարցումներն արժեքավոր են այնքանով, որքանով այսօր երկրում քաղաքական իրողությունների համատեքստում կարևոր է պարզել, թե ինչպիսին է վստահությունը դատական իշխանության նկատմամբ, ինչ եղանակներով է հնարավոր շտկումներ իրականացնել։ Նրա խոսքով՝ դատական իշխանությունն ամենախոցելի ճյուղն է, թեև ներկայումս նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր։ Կարևոր գործոն էր հատկապես այն, որ երկրի վարչապետը պաշտոնապես ընդգծեց, որ դատական իշխանության անկախությունն իրենց համար խիստ կարևոր է, միանշանակ ձեռնպահ են մնալու որևէ միջամտությունից և քայլեր են ձեռնարկելու դատավորների անկախության, այդ թվում՝ սոցիալական և նյութական պայմանների երաշխավորման համար։

Համաշխարհային բանկի արդարադատության բարեփոխումների բաժնի մասնագետ Եվա Միլիսը ևս նկատեց, որ հարցումների նպատակն է պարզել դատաիրավական համակարգի արդյունավետությունը, արդարադատության մատչելիությունը և որակը, բարեվարքությունը և մի շարք այլ հարցադրումներ: Համաշխարհային բանկի և ԵՄ-ի կողմից մշակված հարցաշարն այժմ թարգմանության փուլում է, և հաջորդ շաբաթ կմեկնարկի պիլոտային ծրագիրը։ Հետադարձ կապի շնորհիվ էլ ակնկալում են հստակեցնել հարցաշարում առկա հասկացությունների թարգմանության և ճիշտ մեկնաբանման հետ կապված հարցերը, որոնք կքննարկեն մայիսին կայանալիք աշխատաժողովի ժամանակ։ Ներկայացվեց նաև գործառութային վերլուծության ժամանակ կիրառվելիք մեթոդաբանությունը։

Թիրախային խմբում դատավորներն են, դատախազները, դատարանի և դատախազության աշխատակիցները, փաստաբանները, քաղաքացիները և իրավաբանական անձինք (ինչպես նրանք, ովքեր երբևէ առնչություն են ունեցել դատաիրավական համակարգի հետ, այնպես էլ նրանք, որոնք այդպիսի որևէ առնչություն չեն ունեցել): Պարոն Գևորգ Դանիելյանն առաջարկեց ներառել կարգապահական պատասխանատվության ենթարկված և իրենց դիմումի համաձայն համակարգից դուրս եկած դատավորներին ևս ներառել հիշյալ խմբում։

Եվա Միլսի խոսքով՝ բուն հարցումը կանցկացվի սեպտեմբերին, իսկ նոյեմբերին կներկայացվեն առաջին արդյունքները՝ թվային ցուցանիշների և գրաֆիկաների տեսքով։

Միաժամանակ, պարոն Գևորգ Դանիելյանը, ներկայացնելով դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության և էլեկտրոնային շրջանառության նոր համակարգի անցման ծրագրային ուղենիշները, առաջարկեց քննարկման առարկա դարձնել նաև այդ հարցադրումներով համագործակցության վեկտորները: Կողմերը պայմանավորվեցին այդ առնչությամբ համապատասխան տեղեկատվություն տրամադրել Համաշխարհային բանկին, որտեղ այն սեղմ ժամկետում կդառնա համակողմանի քննարկման նյութ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

14.03.2019

ԴԱՏԱՎՈՐԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի 2018 թ. դեկտեմբերի 24-ի որոշմամբ: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազության 2018 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հաղորդումը:

Հարուցված կարգապահական վարույթի արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը 2019 թ. փետրվարի 4-ին որոշում է կայացրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

Նշված որոշմամբ արձանագրվել է հետևյալ կարգապահական խախտումը. բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Մարինա Սմիրնովայի ձերբակալման դեմ՝ վերջինիս փաստաբանների կողմից բերված բողոքը, ըստ այդմ էլ՝ ոչ իրավաչափ գնահատելով ձերբակալումը և վերջինիս արգելանքից ազատ արձակելով, դատավոր Ա. Դանիբեկյանը թույլ է տվել նյութական իրավունքի խախտում: Մասնավորապես, խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 478.1. հոդվածը և ակնհայտ սխալ է մեկնաբանել 131.1. հոդվածը

Ըստ Կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ ձերբակալման արձանագրության թարգմանության օրինակը ձերբակալվածին տրամադրելու ժամկետը պահպանելու հարցի իրավաչափությունը գնահատելիս, կիրառելի էր ոչ թե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1. հոդվածը, այլ «Քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերին համապատասխան» վերտառությամբ 54-րդ գլխի նորմերը, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը պահանջելու վերաբերյալ դատավորի դիրքորոշումը չի բխում օրենսդրության պահանջներից, քանզի դրանց առկայության հարցերը դատարանում կարող են քննարկման առարկա դառնալ ձերբակալված անձի ժամանակավոր կալանավորման կամ հանձնման համար կալանավորման միջնորդությունները քննարկելիս: Հանձնաժողովը գտել է, որ դատավոր Ա. Դանիբեկյանի գործողությունների և դրանցով պայմանավորված հետևանքների արդյունքում հեղինակազրկվել է դատական իշխանությունը, հետևապես, նրա կողմից թույլ տված նյութական իրավունքի նորմերի ակնհայտ խախտումը կրում է կոպիտ բնույթ:

Բարձրագույն դատական խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, 2019 թ. մարտի 14-ին կայացված որոշմամբ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից արձանագրված կարգապահական խախտումը գնահատեց ակնհայտ և կոպիտ, և ղեկավարվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, դատավոր Ա. Դանիբեկյանին հայտարարեց նկատողություն:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

13.03.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽԽՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՆ

Մարտի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունեց ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի Հայաստանի հարցերով զեկուցողներ Յուլիա Լյովոչկինային, Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մշտադիտարկման հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին դատական իշխանության համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, Խորհրդի կողմից նախանշված արդյունավետ արդարադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները:

Համազեկուցողները կարևորեցին Հայաստանում անկախ, անաչառ, մատչելի ու արդյունավետ արդարադատության կայացման ուղղությամբ ձեռնարկվող համալիր մոտեցումները:

Նույն օրը Խորհրդի նախագահն ընդունեց դատաիրավական բարեփոխումների գծով Եվրախորհրդի փորձագետներին: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, կարևորվեցին արդարադատության մշտադիտարկման համակարգի և էլեկտրոնային արդարադատության ներդրման, դատավորների ու դատարանների աշխատակազմերի վերապատրաստման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն