Նորություններ

RSS
image

12.03.2019

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մարտի 12-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց դատարանի նորանշանակ նախագահ Գրիգոր Հովհաննիսյանին:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը շնորհավորեց դատարանի նորանշանակ նախագահին և հաջողություն մաղթեց պատասխանատու աշխատանքում:

Հանդիպում-խորհրդակցության ժամանակ Խորհրդի նախագահն առանձնացրեց դատական իշխանության համար առաջնային մի շարք հարցեր, անդարադարձ կատարվեց հրատապ լուծում պահանջող և ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրների:  

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

11.03.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻՆ

Այսօր՝ մարտի 11-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանը և Խորհրդի անդամ Հ. Հովհաննիսյանը հանդիպում ունեցան Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոյի հետ:

Ողջունելով դեսպանին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված քայլերը, դատական համակարգում համալիր բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները, արդյունավետ արդարադատության երաշխավորման ռազմավարական գերակա ուղղությունները: Նշվեց, որ Խորհուրդն այդ համակարգային փոփոխությունների կատարման ուղղությամբ բազմավեկտոր քայլեր է սկսել՝ ունենալով նաև կառավարության աջակցությունը:

Իր խոսքում Գագիկ Հարությունյանը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության անկախության երաշխավորն է, և Իտալիայի փորձը ևս կարող է օգտակար լինել հատկապես արդյունավետ արդարադատության կազմակերպման, արդարադատության ծախսատարությունը կրճատելու, դատարանների սպասարկման օպտիմալ լուծումների, դատական համակարգի բյուջետային պլանավորման բարեփոխումների առումով:

Դեսպան Ն.Գ. Վինչենցո Դել Մոնակոն շնորհակալություն հայտնեց բովանդակային հանդիպման համար և նկատեց, որ մշտապես ուշադրություն է դարձնում տարբեր երկրների դատական իշխանությունների միջև հարաբերությունների զարգացմանը: Այսօր այստեղ է նույն այդ նպատակով, քանի որ Հայաստանում իշխանությունները նոր էջ են բացում դատական իշխանության բարեփոխումների համար: Դեսպանի խոսքով՝ ապրիլին նախատեսվում է իտալացի դատավորների այցը Հայաստան, և ծրագրվում է նաև հանդիպում Բարձրագույն դատական խորհրդում:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հանդիպելու նրանց և առարկայական հարցեր քննարկելու:

Հանդիպման ավարտին, ի նշան նաև հարուստ մշակույթ ունեցող երկու երկրների միջև հետագա համագործակցության, դեսպան Վինչենցո Դել Մոնակոն Խորհրդին նվիրեց Վերածննդի դարաշրջանի խոշոր գեղանկարիչ Յակոբո Տինտորետտոյի «Բեռնիի դպրոցը և հռոմեական բարոկկոն» ժողովածուն՝ հայերեն հրատարակությամբ:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

06.03.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԵՑ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԿԱԶՄԸ

Օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպում անցկացրեց սնանկության դատարան տեղափոխվելու դիմում ներկայացրած դատավորների թեկնածուների հետ:

Այնուհետև, «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 22-րդ մասի համաձայն, Բարձրագույն դատական խորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ որոշվեց Հանրապետության նախագահին ներկայացնել սնանկության դատարանի դատավորների թեկնածուներին՝ հետևյալ կազմով.

1. Աթաբեկյան Արթուր
2. Ավագյան Գարիկ
3. Բաբայան Արսեն
4. Թադևոսյան Սամվել
5. Խաչատրյան Արմեն
6. Կատվալյան Լիլիթ
7. Կուբանյան Արա
                                                                                                         8. Հովհաննիսյան Արտաշես
                                                                                                         9. Մկրտչյան Բագրատ
                                                                                                        10. Նարինյան Գևորգ
                                                                                                         11. Չիչոյան Արմեն
                                                                                                         12. Փոլադյան Տիգրան

Սնանկության դատարանը գործելու է 2019 թվականի հունվարի 1-ից:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

05.03.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԵԽ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Այսօր՝ մարտի 5-ին, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի համաժողովների գլխավոր սրահում տեղի ունեցավ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի մեկնարկի արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալիա Վուտովան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոզան, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և պաշտոնատար այլ անձինք:

Ողջույնի իր խոսքում Նատալյա Վուտովան նշեց, որ ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում դատաիրավական բարեփոխումների համալիր իրականացմանը: Մարդու իրավունքների հարցով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը կարևորեց, որ դատական իշխանության չափորոշիչները համապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնսալո Սերանո դե լա Ռոզան իր հերթին նկատեց, որ այսօր Հայաստանում կա քաղաքական հաստատակամություն՝ փորձելու բարելավել արդարադատության ոլորտը:

Իր խոսքում ողջունելով ծրագրի մեկնարկը՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը շեշտեց, որ աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է այն վերջնարդյունքներով, որն ակնկալում են ստանալ բարեփոխումների ճանապարհով: Այդ վերջնարդյունքը Հայաստանի Հանրապետությունում, առավելապես այսօր, անկախ, անաչառ և արդյունավետ դատական իշխանություն, այլ ոչ թե համակարգ ունենալն է: Ավելին, այդ դատական իշխանությունը իշխանությունների բաժանման համակարգում պետք է ունենա ոչ միայն իր գործառույթը, այլև հակակշռող և զսպող լիազորությունները: Գագիկ Հարությունյանի համոզմամբ՝ այդպիսի իշխանություն ձևավորելու համար արդարադատությանն առնչվող բոլոր ինստիտուտները պետք է կարողանան գործակցաբար իրենց ներդրումն ունենալ խնդիրների լուծման հարցում:

Դատական իշխանության խնդիրների, դատարանների գերծանրաբեռնվածության բեռնաթափման, Բարձրագույն դատական խորհրդի գործունեության ռազմավարական ծրագրերի առանձին շեշտադրումների մասին Գագիկ Հարությունյանը Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների հարցով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսի հետ խոսեց օրվա երկրորդ կեսին՝ Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած ընդունելության ժամանակ:

Գագիկ Հարությունյանը նախ ներկայացրեց Խորհրդի մեկամյա գործունեության ձեռքբերումները, առկա խնդիրներն ու մարտահրավերները: Նա նշեց, որ Խորհրդի կողմից մշակված համապարփակ վերլուծության մեջ առաջադրվել են ռազմավարական բնույթի հստակ խնդիրներ, որոնք կկարողանան այս համակարգում ապահովել անկախ, անաչառ, արդյունավետ արդարադատություն: Առկա խնդիրները բաժանվել են ըստ կարևորության երեք առանձին կատեգորիաների՝ անհետաձգելի, միջնաժամկետ, ռազմավարական, որոնց ուղղությամբ հստակ քայլեր են ձեռնարկվել:

Գագիկ Հարությունյանի խոսքով՝ դատական օրենսգրքում կան իրավունքի որոշակիության սկզբունքի տեսանկյունից խնդրահարույց և հակասական կարգավորումներ: Անհրաժեշտ է նաև մշակել օրենքի դոկտրինալ մեկնաբանությունների ժողովածու, որն օգտակար կլինի հատկապես դատավորների ամենօրյա աշխատանքում:

Քրիստոս Ջիակումոպուլոսը շնորհակալություն հայտնեց արդյունավետ հանդիպման համար՝ հաստատելով իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Բարձրագույն դատական խորհրդին՝ նախանշված խնդիրների լուծման հարցում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

04.03.2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և շրջանակներում 2019 թվականի մարտի 4-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշման եզրափակիչ մասը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մարտի 14-ին, ժամը 15.00-ին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն