Նորություններ
RSS
30.04.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄԸ ԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ» ԾՐԱԳԻՐԸԱյսօր՝ ապրիլի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանի, Արդարադատության նախարար Ա. Զեյնալյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ տեղի ունեցավ «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացումը և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրումը ՀՀ-ում» ծրագրի ավարտական փուլը։ Այն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ՝ Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Բարձրագույն դատական խորհրդի հետ սերտ համագործակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, դատական իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներ, իրավաբաններ և օտարերկրյա հյուրեր։
Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում՝ էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվության առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների դյուրացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր ելույթում կարևորեց դատական գործերի փաստաթղթերի թվայնացման և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրման անհրաժեշտությունը ոչ միայն արդյունավետ արդարադատության իրականացման ու դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման տեսանկյունից, այլև սուբյեկտիվ գործոնի ազդեցության կրճատման և արդարադատության նկատմամբ հանրային վստահության ամրապնդման առումով:
Առանձնահատուկ շեշտվեց համակարգային մոտեցման անհրաժեշտությունն այս հարցում՝ գտնելով, որ հատվածական լուծումները ցանկալի արդյունք չեն կարող երաշխավորել: Ներկայացվեցին նաև Բարձրագույն դատական խորհրդի ռազմավարական առաջնահերթություններն էլեկտրոնային արդարադատության ներդրման և միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման առնչությամբ: Կարևորվեց նաև համակարգի ներդրման հստակ ճանապարհային քարտեզի մշակման անհրաժեշտությունը։
Արդարադատության նախարարն իր հերթին նկատեց, որ աշխարհը գնում է թվայնացման և ինովացիայի ճանապարհով։ Էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը հնարավորություն կստեղծի քաղաքացիական գործերով էլեկտրոնային հայցադիմումների ներկայացման, մեկ ատյանից մյուսին գործերի փոխանցման, դատարանների ներքին փաստաթղթաշրջանառությանը ծանոթացման համար: Նա շեշտեց, որ հետևողական է լինելու այս համակարգի ներդրման և զարգացման գործում։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր ելույթում նշեց՝ ուրախ է, որ USAID-ի և ԱՄՆ կառավարության աջակցությամբ կարողացան աջակցել ծրագրի իրականացմանը։ Նրա խոսքով՝ թվայնացումը հավատ, վստահություն կապահովի դատական իշխանության նկատմամբ։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հ․ Հովհաննիսյանը տեսահոլովակի ցուցադրությամբ ներկայացրեց ծրագրի արդյունքները, ինչպես նաև էլ-արդարադատության համակարգի ծրագրային ապահովման ներդրման և շահագործման քայլերը՝ նշելով, որ հիմնական գաղափարն է ստեղծել հարմարավետ հարթակ դատական համակարգից օգտվողների՝ դատավորների, փաստաբանների, քաղաքացիների և այլոց համար։
Ներկաները հնարավորություն ունեցան տեսնելու պրակտիկ գործիքների կիրառմամբ վճարման կարգադրությունների մասով էլեկտրոնային համակարգի փորձնական տարբերակի ողջ տեխնիկական հնարավորությունները, որոնք կնպաստեն փաստաթղթաշրջանառության ծախսատարության կրճատմանը։
ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Տ․ Դավթյանն էլ նկատեց, որ թեև այսօր այստեղ են ծրագրի պաշտոնական փակման արարողության և արդյունքների հանրայնացման համար, բայց սա նոր սկիզբ է էլեկտրոնային արդարադատության համակարգի հետագա զարգացման համար։
Այս փուլում նախատեսվում է նաև հայցերի համակարգը ներդնել մեկ դատարանում՝ «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով։ Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում`քաղաքացիական բոլոր վարույթներով: Այս կերպ հնարավոր կլինի ապահովել սահուն անցումը գործող համակարգից նորին:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

29.04.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՑ ԿԱԶՄՎԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸԱյսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ. Հարությունյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը մանրամասն ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման, դատավորների նշանակման ընթացակարգերը, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները, ինչպես նաև դատական համակարգում նախատեսված համալիր բարեփոխումները։ Խորհրդի նախագահն անդրադարձավ հյուրերին հետաքրքրող մի շարք այլ հարցերի ևս։
Չեխական պատվիրակության ղեկավար Մարեկ Բենդան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և հետաքրքիր հանդիպման համար։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

29.04.2019
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐՄԱՆ ԳԵՐԱԿԱ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸԱյսօր՝ ապրիլի 29-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ արդյունավետ արդարադատության երաշխավորման գերակա ուղղությունների շուրջ թեմատիկ առաջին քննարկումը։ Մասնակցում էին Խորհրդի անդամներ, դատավորներ, փաստաբանական և քաղաքացիակայան հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:
Խորհրդի նախագահն ընդհանրական ներկայացրեց քննարկման թեմաները, որոնք վերաբերում էին իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանության գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախությունը երաշխավորելու հիմնախնդրին, դատավորների օպտիմալ ծանրաբեռնվածության երաշխավորման ուղղությամբ իրականացված և իրականացվելիք քայլերին, արդարադատության ծախսատարության կրճատման ծրագրային մոտեցումներին:
Առանձնակի կարևորվեց իրավունքի գերակայության երաշխավորման հարցում օրենսդրական բարեփոխումների հիմնախնդիրը:
Անդրադարձ եղավ նաև դատավորների աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը, բարեվարքության կանոնների պահպանմանը, մասնագիտական պատրաստվածության և հմտությունների շարունակական կատարելագործմանն ուղղված կառուցակարգերին:
Քննարկումն անցավ ակտիվ և կառուցողական մթնոլորտում։ Բարձրացրած հարցերին սպառիչ պատասխաններ տրվեցին նաև Խորհրդի անդամների, դատավորների կողմից։ Ներկա փաստաբաներից էլ կարծիք հնչեց, որ շատ ողջունելի է Խորհրդի մշակած «Տարեկան հաղորդումը», քանզի առաջարկների մեծ մասը համընկնում է խնդրի լուծման իրենց մոտեցումներին։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն էլ իր հերթին նկատեց, որ Խորհուրդը ցանկանում է, որ փաստաբանների հետ ևս ակտիվ համագործակցություն լինի, քանզի արդյունավետ արդարադատության ապահովման խնդիրն իրենք տեսնում են ոչ թե լոկալ, այլ համակարգային լուծման ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ մասնակցությամբ:
Քննարկման ավարտին Խորհրդի նախագահը և անդամները կրկին փաստեցին, որ շահագրգիռ մարմիններից՝ դատավորներից, քաղհասարակության և մեդիա ոլորտի ներկայացուցիչներից ակնկալում են ակտիվ գործակցություն բոլոր նախաձեռնությունների վերաբերյալ։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

26.04.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԷՐԵԲՈՒՆՈՒ ՆՍՏԱՎԱՅՐՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻԱպրիլի 26-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում դատավոր Երեմ Եսոյանի նախաձեռնությամբ անցկացվեց արդեն ավանդույթ դարձած ամենամյա բաց դասը, որին մասնակցում էին Երևան քաղաքի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3, Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119, Լեոյի անվան թիվ 65, թիվ 46 ավագ դպրոցների և Պարույր Սևակի անվան թիվ 123 հիմնական դպրոցի աշակերտները: Միջոցառման նպատակն էր առավել սերտացնել հասարակություն-դատարան կապը, ինչպես նաև բարձրացնել աշակերտների իրավագիտակացությունը դատական իշխանության մասին։
Աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու դատավոր Երեմ Եսոյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործերով նշանակված դռնբաց դատական երկու նիստերին, ապա հանդես եկան զեկույցներով՝ «Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» և ժամանակակից օրենսդրությունը» թեմայով։
Աշակերտների և դատավորի միջև ծավալվեց նաև հետաքրքիր զրույց՝ դատական իշխանության, դատավորի կերպարի, իրավական տարբեր եզրույթների մեկնաբանման և այլ հարցերի շուրջ։
Դատավոր Եսոյանը ընդհանուր գծերով ներկայացրեց դատական իշխանության կարևոր դերը իշխանությունների բաժանման համատեքստում, առաջին ատյանի դատարանների գործունեության կազմակերպումը, գործերի քննության ընթացակարգերը, դատական իշխանության խորհրդանիշները և նրանց նշանակությունը։
Անդրադառնալով աշակերտների կողմից հնչած դատական համակարգում նախատեսվող բարեփոխումների հարցին՝ դատավորը նկատեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հետամուտ է էլեկտրոնային արդատադատության համակարգի ներդրմանը, որն առավել արդյունավետ կդարձնի արդարադատական գործընթացների իրականացումը։
Աշակերտները հետաքրքրվեցին դատավորից, թե որն է նրա խորհուրդը իրավաբանի մասնագիտությունն ընտրողին։ Հնչեց պատասխան՝ լինել լավ մասնագետ՝ անկախ մասնագիտության ընտրությունից և գերազանց կատարել պարտականությունները։
Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին խորհրդանշական մրցանակներ և դատավորի հեղինակած գրքի օրինակները։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

25.04.2019
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ ԵՐԿՈՒ ՆԻՍՏ Է ԿԱՅԱՑԵԼ2019 թվականի ապրիլի 25-ին, ժամը 12։00-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, դատավորի միջնորդության հիման վրա դռնփակ կարգով քննեց ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
Նույն օրը, ժամը 15։00-ին կայացած նիստում Խորհուրդը, դատավորի միջնորդության հիման վրա, դռնփակ կարգով քննեց նաև Հանձնաժողովի կողմից ներկայացված ևս մեկ միջնորդություն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու վերաբերյալ:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցերի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 8-ին։
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն