Նորություններ

RSS
image

22.04.2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Այսօր՝ ապրիլի 22-ին, տեղի ունեցավ Բարձրագույն  դատական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ա․ Զոհրաբյանը։  

Խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը քննարկման ներկայացրեց Ա․ Զոհրաբյանի՝ Խորհրդին ուղղված գրությունը, որում ներառված էին փաստաբանների որոշ դիտարկումներն ու առաջարկությունները՝ արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպման առնչությամբ։ 

Բարձրացված խնդիրների վերաբերյալ կայացավ կառուցողական քննարկում, հնչեցին առաջարկներ, ընդունվեցին համապատասխան որոշումներ։

    Դատական դեպարտամենտի համապատասխան ստորաբաժանումներին տրվեցին հանձնարարականներ՝ քննարկման ընթացքում ներկայացված մի շարք հարցերի ուղղությամբ կատարելու լրացուցիչ ուսումնասիրություններ ու վերլուծություններ և դրանք ներկայացնել Խորհրդին։

Արձանագրվեց նման քննարկումների կազմակերպման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանք դարձնել պարբերական:

Որպես օրակարգային հարց՝  Բարձրագույն դատական խորհուրդն անդրադարձավ նաև Բարձրագույն դատական խորհրդի, դատավորների, Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցների միջև պետական բյուջեով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների հատկացման խնդրին։

Խորհուրդը գտավ, որ նշված վճարների հաշվարկման հիմքում անհրաժեշտ է դնել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ   Բարձրագույն դատական խորհրդի  և դատարանների համար առանձին տողով նախատեսված պարգևատրումների, դրամական խրախուսանքների և հատուկ վճարների ֆոնդերի և յուրաքանչյուր աշխատակցի փաստացի աշխատավարձի հարաբերակցությունը։  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

18.04.2019

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴՈՒՄ

Ապրիլի 18-ին Բարձրագույն դատական խորհրդում աշխատանքային հանդիպում էր կազմակերպվել բոլոր դատարանների աշխատակազմերի ղեկավարների և նստավայրերի պատասխանատուների հետ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հանդիպման մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց այն հրատապ խնդիրները, որոնց լուծման գործում կարևոր դեր ու դերակատարություն ունեն դատարանների աշխատակազմերը: Հստակեցվեցին նաև նրանց անելիքները դատական իշխանության անկախության ու արդա­րա­դատության արդյունավետության ամրապնդման ռազմավարական առաջնա­հեր­թու­թյունների իրացման գործում:

Դատարանների աշխատակազմերի առջև խնդիր դրվեց առանձնակի ուշադրություն դարձնել գործավարության պատշաճ իրականացման, դատավորների համար արդարադատության իրականացման անհրաժեշտ նախադրյալների ապահովման, գոր­ծերի արխի­վավոր­ման, աշխատանքային կարգապահության բարձրացման, թա­փանցիկ աշխատանքի երաշխավորման, թվային արդարադատության և մշտադի­տարկ­ման համակարգերի ներդրմանը նախապատրաստվելու հարցերին:

Բարձրագույն դատական խորհրդի կենտրոնական մարմնի տարբեր ծառայությունների ու առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները քննարկեցին նաև առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ անհետաձգելի անելիքները: 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

15.04.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

2019 թվականի ապրիլի 15-16-ը երկօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Հանրապետության դատավորներից և Արդարադատության նախարարության պաշտոնյաններից կազմված պատվիրակությունը՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ամրագրված իրավունքի գերակայության համագործակցության շրջանակներում՝ Բարձրագույն դատական խորհրդի և ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների հաստատման և զարգացման նպատակով:

Պատվիրակությանը, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, այսօր ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ․ Հարությունյանը։

Խորհրդի նախագահը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց այցի համար և հատուկ կարևորեց դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի դերը՝ երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ կապերի  զարգացման գործում։ Նրա խոսքով՝ իտալական իրավական դպրոցի հետ ակտիվ շփումները միշտ են եղել, և այսօր ուրախ է, որ կարող են հարաբերություններ հաստատել երկու երկրների Բարձրագույն դատական խորհուրդների մակարդակով ևս, ինչը կարևոր է Խորհրդի գործունեության միջազգային համագործակցության տեսանկյունից։

Գ․ Հարությունյանն ընդհանուր գծերով ներկայացրեց նաև Խորհրդի գործունեության հիմնական առքելությունն ու լիազորությունների շրջանակը, համակարգային բարեփոխումների իրականացման համար Խորհրդի կողմից մշակված մոտեցումները։ Խոսեց թվային արդարադատության ներդրման, արխիվների թվայնացման, դատարանների ծախսատարության կրճատման հետ կապված խնդիրների, դրանց լուծման ռազմավարական առաջնահերթություններին մասին։

Դեսպան Ն.Գ. պարոն Վինչենցո Դել Մոնակոն իր հերթին շնորհակալություն հայտնեց Խորհրդին՝ ժամանակ գտնելու, պատվիրակությանն ընդունելու, ինչպես նաև դատավորների հետ հանդիպելու հնարավորություն ստեղծելու համար։ Դեսպանի խոսքով՝ այսօր այստեղ է Իտալիայի և Հայաստանի միջև փորձի փոխանակման նպատակով, և այս հանդիպումը կարևոր խթան կլինի երկու երկրների դատաիրավական համակարգը լավագույնս զարգացնելու նպատակով։

Պատվիրակության անդամներից Դոնաթելլա Դոնատին պատվիրակության անունից ևս շնորհակալություն հայտնեց հանդիպման համար, ապա նկատեց, որ Խորհրդի գործունեության ներկայացված փորձը հետաքրքիր է և մեծ արժեք ունի։ Այն արդյունավետ կարող է լինել հետագա համագործակցության համար։   

Հանդիպմանը մասնակցում էին նաև Խորհրդի անդամներ Հ. Հովհաննիսյանը, Ս. Չիչոյանը, Ա. Խաչատրյանը, Ա. Մխիթարյանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն 

image

15.04.2019

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ»

Բարձրագույն դատական խորհրդի գործունեության ծավալուն «Տարեկան հաղորդման» մեջ ամփոփված են Խորհրդի կողմից կատարված աշխատանքները, դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները։

image

12.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելեց Բարձրագույն դատական խորհուրդ։ 

Հանդիպմանը Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այցի համար։ 

Իր խոսքում նա ամփոփ ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի գործունեության մեկ տարվա ընթացքում ոչ միայն կատարված աշխատանքները, այլև արդյունավետ արդարադատության ռազմավարական բնույթի ծրագրային առաջնահերթությունները, որոնց կատարումն արդեն իսկ նախաձեռնվել է ու ընթացքի մեջ է: 

Խորհուրդն իր գործունեության առաջին իսկ օրերից հետամուտ է եղել իրացնելու Սահմանդրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ նպատակ ունենալով սկիզբ դնել արդարադատության իրականացման նոր մշակույթի՝ առավել թափանցիկ, հաշվետվողական, ապակենտրոնացված և արդյունավետ։

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն