Նորություններ

RSS
image

05.02.2019

Ի ՊԱՏԱՍԽԱՆ՝ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՏԱՐԱԾԱԾ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 5-ի համարում լույս տեսած «Կռվի պատճառով նիստերը չեն կայանում» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ տարածված տեղեկությունը բացարձակ անհեթեթություն է և ապակողմնորոշող:

Թեև «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին ի պատասխան նշել էինք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրությունը բացառապես Դատավորների ընդհանուր ժողովի` որպես դատավորների ինքնակառավարման մարմնի լիազորության շրջանակում է, հարկ ենք համարում կրկնել վերոնշվածը և հատուկ շեշտել, որ Բարձրագույն դատական խորհրդում նման հարց երբևէ չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել: Բարձրագույն դատական խորհուրդը նման լիազորություն չունի:

Ավելին, լրագրողին պարզաբանվել է նաև օրենքի պահանջը նյութում առկա ևս մի կոպիտ սխալի կապակցությամբ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 133-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ մասերի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմում և հաստատում է Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա երեք դատավորների թեկնածուների ցուցակը և նրանց թեկնածությունները նրանց անձնական գործերի, իսկ թեկնածուների՝ դատավոր չլինելու դեպքում նրանց կողմից ներկայացված և դրանց ստուգման արդյունքում ձեռք բերված փաստաթղթերի հետ ներկայացնում է Ազգային ժողով Վճռաբեկ դատարանի դատավորի լիազորությունների ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:

Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում և Հանրապետության նախագահին առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

Հատուկ լրագրողի համար մեկ նախադասությամբ՝ Վճռաբեկ դատարանի դատավորին ընտրում է Ազգային ժողովը:

Եվս մեկ անգամ՝ «Ժողովուրդ» օրաթերթի գործընկերներին. hարգելիներս, ի վերջո, հենց ԶԼՄ-ի շահերից պիտի որ չբխի ծայրից ծայր անճշտություններ պարունակող, ապատեղեկատվական բնույթի նյութ հրապարակելը, որքան էլ որ մեծ լինի «էքսկլյուզիվ լուր» տալու գայթակղությունը: Շտապելուց սուտը ճիշտ չի դառնում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

04.02.2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

2019 թվականի փետրվարի 4-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, քննեց ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունն հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին: 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

31.01.2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Հունվարի 31-ին՝ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստում, ներկայացվեց Էլեկտրոնային արդարադատության համակարգի նորացված ծրագրային ուղղություններով կատարված աշխատանքը, մասնավորապես, էլեկտրոնային հայցադիմումների, ծանուցման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթերի ստեղծման և դատավարական այլ գործընթացների ավտոմատացման հայեցակարգը:

Նախատեսվում է տեխնիկապես վերազինել դատական իշխանության ողջ էլեկտրոնային համակարգը, այդ թվում՝ սերվերային տնտեսությունը: Արդեն իսկ իրականացման փուլում է դատարանների նոր էլեկտրոնային հասցեների ստեղծման և գործարկման գործընթացը: Օրինակ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի համար փորձնական գործարկվել է kentron@court.am էլ.հասցեն:

Նիստի ընթացքում քննարկվեց նաև մշակվող էլեկտրոնային նոր հարթակի կառուցվածքը, բովանդակությունը, որոշվեց ծրագիրը լրամշակել Խորհրդի նախագահի և անդամների կողմից արված առաջարկությունների լույսի ներքո:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

24.01.2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

2019 թվականի հունվարի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի նիստի ընթացքում Խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և շրջանակներում, հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունները՝ դատավորներ Արա Կուբանյանին և Ռուբեն Ափինյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունը հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումները Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի փետրվարի 7-ին, ժամը 15.00-ին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

17.01.2019

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵԴԻԱՆ» ԹԵՄԱՅՈՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔԸ

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության նախաձեռնությամբ 2019-ի թվականի հունվարի 17-ին մեկնարկեց դատաիրավական ոլորտը լուսաբանող լրագրողների վերապատրաստում-դասընթացների շարքը: Նպատակն է ոչ միայն վեր հանել դատաիրավական ոլորտի լուսաբանման հիմնախնդիրները, ծավալել առողջ գործընկերային քննարկում, այլև մամուլի՝ որպես 4-րդ իշխանության միջոցով հասարակության մեջ նպաստել «գրագետ իրավական սպառող» հայեցակարգի ձևավորմանն ու զարգացմանը:

Դասընթացի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ բանախոս, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ողջունելով ծառայության նախաձեռնությունը, նկատեց, որ նմանատիպ սեմինար-քննարկումների շարքը հնարավորություն կտա ոչ միայն մոտիկից ծանոթանալու դատական իշխանության առջև ծառացած խնդիրներին, այլև հնարավոր փոփոխություններին, որոնց լուծման ուղղությամբ քայլեր են արվում, քանզի շատ հարցերի քննարկումներ թերի են մնում նաև դրանց մասին պատշաճ իրազեկված չլինելու պատճառով:

Խոսելով օրենսդրական բարեփոխումների առաջնահերթությունների մասին՝ Գագիկ Հարությունյանը ընդհանուր գծերով անդրադարձավ դատարանների գործունեության, իրավունքի չարաշահման ինստիտուտի, դատական իշխանության անկախության հիմնական բաղադրիչների և, հատկապես, դատական իշխանության արդյունավետության բարձրացման հայեցակարգային բնույթի հիմնախնդիրներին: Նրա խոսքով՝ իշխանությունների բաժանման համատեքստում ելակետային պետք է դիտարկել այն հանգամանքը, որ իշխանությունների սահմանադրական հավասարակշռության ապահովումը մեծապես պայմանավորված է իշխանությունների գործառութային, հակակշռող և զսպող լիազորությունների հաշվեկշռվածությամբ, ինչպես նաև իշխանությունների զսպման ու սահմանափակման համասոցիալական ներուժի իրացման հարցում քաղաքացիական հասարակության իրական դերով ու իրավունքի գերակայության երաշխավորման աստիճանով: Ավելին, հակակշռող և զսպող մեխանիզմների ներդրմամբ կարելի է ստեղծել արդյունավետ դատական իշխանություն, որը կբերի նաև երկրի կայունությանը: Խորհրդի կողմից ձևավորվել է նաև աշխատանքային խումբ, որն զբաղվում է համակարգային փոփոխությունների հայեցակարգային մոտեցումների ռազմավարության մշակմամբ:

Լրագրողների հետ հանդիպմանը բանախոսը տեղեկացրեց, որ Խորհրդի կողմից ընդունվել է «Զանգվածային լրատվության միջոցների հետ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների փոխհարաբերության կանոնները հաստատելու մասին» որոշում, որի նախագիծը լրամշակվել է հանրային քննարկան արդյունքում:

Հանդիպման ավարտին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունն առաջարկեց մասնակիցներին ներկայացնել իրենց հետաքրքրող թեմաները՝ հետագայում դրանց շուրջ ևս դասընթացներ կազմակերպելու ուղղությամբ:    

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն