Նորություններ
RSS
25.12.2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Գ.Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – ԲԴԽ նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
Ժամանակակից սահմանադրությունների ի հայտ գալու հետ միաժամանակ սահմանադրական ճարտարապետության հիմնարար խնդիրը եղել ու շարունակում է մնալ պետական իշխանության գործառութային հստակ բաժանումն ու հաշվեկշռվածության ապահովումը: Մարդու և քաղաքացու իրավունքների 1789թ. ֆրանսիական հռչակագրի 16-րդ հոդվածում դիպուկ է ասված. «Այն հասարակությունը, որում ապահովված չեն իրավունքի երաշխիքները և չկա իշխանությունների բաժանում, չունի Սահմանադրություն»: Իսկ ԱՄՆ 4-րդ նախագահ Ջ. Մեդիսոնն ընդգծել է, որ մրցակցող ու հակադիր շահերի սահմանադրական հաշվեկշռումը կարող է զսպել իշխանությանը և երաշխավորել ազատությունը[1]:
Անհրաժեշտ է նաև արձանագրել, որ արդի սահմանադրական լուծումներում իշխանությունների բաժանման տասնյակ տարբեր դոկտրինալ մոտեցումներում ընդհանրականը, միանշանակ ու անվիճելի համարվողը միայն իշխանությունների բաժանման և հավասարակշռման անհրաժեշտության տեսական փաստարկումն է: Կոնկրետ մոտեցումները, ձևերը և եղանակները, առավել ևս` գործնական լուծումներն էապես տարբերվում են յուրաքանչյուր սահմանադրական համակարգում[2]։
Պատմական իրողություն պետք է դիտարկել, որ ամերիկյան սահմանադրագիտության մեծագույն նվաճումներից մեկը հենց այն է, որ ԱՄՆ Սահմանադրության մեջ իշխանությունների բաժանման դոկտրինան ձեռք բերեց համակարգային ամբողջականություն և զսպումների ու հակակշիռների համակարգի ներդրումով Սահմանադրությանը հաղորդվեց հասարակական հարաբերությունների դինամիկ կարգավորման բնույթ, սահմանադրական համակարգը տեղափոխվեց զարգացող հավասարակշռության ռելսերի վրա:
Ելակետային պետք է դիտարկել այն հանգամանքը, որ իշխանությունների սահմանադրական հավասարակշռության ապահովումը մեծապես պայմանավորված է իշխանությունների գործառութային, հակակշռող և զսպող լիազորություններով, ինչպես նաև իշխանությունների զսպման ու սահմանափակման համասոցիալական ներուժի իրացման հարցում քաղաքացիական հասարակության իրական դերով ու իրավունքի գերակայության երաշխավորման աստիճանով:
Սահմանադրական հավասարակշռության գործառույթը շատ տպավորիչ է նկարագրել պրոֆեսոր Ս. Հոլմսը, նշելով, որ «... XVIII դարում ընդունված ԱՄՆ Սահմանադրությունը հենվում է երեք սկզբունքների վրա, որոնք գործում են նաև մեր ժամանակներում. 1) բոլոր մարդիկ, ներառյալ քաղաքական էլիտան, հակված են սխալվելու, 2) բոլոր մարդիկ, հատկապես քաղաքական էլիտան, չեն սիրում ընդունել իրենց սխալները, 3) բոլոր մարդիկ, հատկապես քաղաքական էլիտան, ներկայումս գտնվելով օպոզիցիայում, հաճույք են ստանում քաղաքական կամ բյուրոկրատական շրջանակների իրենց հակառակորդների բացթողումների և կեղծ քայլերի բացահայտումից: Սահմանադրությունը փորձում է ստիպել այդ սկզբունքներին ծառայել իրենց նպատակին, կոպիտ ասած՝ իշխանության մի թևին սխալ գործելու գերապատվություն տալ, իսկ մյուս երկուսին իրավունք` այն շտկելու (գումարած հասարակությունը և մամուլը)»[3]:
Ներկա ազատական ժողովրդավարությունը նույնպես հենված է «երեք հիմնական կետերի վրա». իրավունքի գերակայություն, իշխանությունների բաժանման սկզբունք, ժողովրդական ինքնիշխանություն: Սոցիալական պրակտիկայում դրանց հավասարակշռված դրսևորումը պայմանավորում է սահմանադրականության բնույթը տվյալ հասարակությունում: Մեզ համար սկզբունքային է այն հայեցակարգային մոտեցումը, որ միայն իրավական պետությունում է հնարավոր երաշխավորել սահմանադրական ժողովրդավարություն, որն իր հերթին ենթադրում է օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների հստակ բաժանում ու հավասարակշռում:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածը որպես նորմ- սկզբունք է սահմանել, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա: Նման ձևակերպումն առաջին հերթին հայեցակարգային, արժեբանական նշանակություն ունի: Էական է նաև այն, թե ինչպես է գործնականում տվյալ նորմ-սկզբունքն իրացվում սահմանադրական իրավակարգավորումների մակարդակում ու իրական կյանքում:
Ինչպե՞ս է գործնականում լուծվում իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիմնախնդիրն արդի միջազգային սահմանադրաիրավական զարգացումների հոլովույթում` հաշվի առնելով այն օբյեկտիվ իրողությունը, որ աշխարհում ի հայտ եկան հատուկ մասնագիտացված պետական ինստիտուտներ՝ ի դեմս սահմանադրական դատարանների ու դատական (մագիստրատուրայի) խորհուրդների, որոնք պարտավոր են անկախաբար ապահովել Սահմանադրության գերակայությունն ու անմիջական գործողությունը և դատական իշխանության անկախությունը:
Համոզված ենք, որ մեծ հաշվով իշխանությունների բաժանման ու հավասարակշռման ամերիկյան դոկտրինան ամբողջապես կենսունակ է նաև մեր օրերի համար: Այս համակարգի արդյունավետ գործողության հիմնական պահանջները, կարծում ենք, հանգում են հետևյալ նախադրյալների երաշխավորմանը.
նախ` իշխանությունների բաժանումն առաջին հերթին գործառութային է և ոչ թե կառուցակարգային, ինչը հաճախ շփոթվում է նույնիսկ սահմանադրական լուծումների մակարդակում: Ընդ որում, որոշակի, առանձին սահմանադրաիրավական գործառույթներ կարող են իրականացնել տարբեր սահմանադրական ինստիտուտներ:
Երկրորդ` սահմանադրական ճարտարապետության գլխավոր խնդիրն առաջին հերթին գործառույթ-ինստիտուտ-լիազորություն շղթայում ներդաշնակ հավասարակշռության ապահովումն է` երաշխավորելով սահմանադրական գործառույթների համակարգային ամբողջականությունը, այն կրող ինստիտուտների կառուցակարգային լիարժեքությունը, դրանց լիազորությունների ներդաշնակությունը գործառույթներին:
Երրորդ` սկզբունքային են սահմանադրական ինստիտուտների գործառութային, հակակշռող և զսպող լիազորությունների հստակ բաժանումը և այդ լիազորությունների օպտիմալ հավասարակշռումը հենց սահմանադրական մակարդակում:
Չորրորդ` արդի սահմանադրագիտության անհետաձգելի խնդիրներից է ներսահմանադրական ինքնապաշտպանության կենսունակ և արդյունավետ համակարգի ներդրումը, որը կերաշխավորի դինամիկայում սահմանադրական ֆունկցիոնալ հավասարակշռության խախտումների ժամանակին բացահայտումը, գնահատումը և վերականգնումը: Դա, ըստ էության, սահմանադրական ախտորոշման ու մշտադիտարկման հիմնական առաքելությունն է:
Սխեմատիկ ձևով նման համակարգն ունի հետևյալ պատկերը.
Վերոթվարկյալ նախադրյալների ապահովման հիմնական չափորոշչային բնութագրերն են.
- իշխանության ճյուղերի գործառութային անկախության ապահովումը,
- այդ գործառույթները կրող սահմանադրական ինստիտուտների լիազորությունների լրիվության և ֆունկցիոնալ համապատասխանության երաշխավորումը,
- սահմանադրական յուրաքանչյուր ինստիտուտի համար գործառութային, հակակշռող և զսպող լիազորությունների համակարգային ներդաշնակումը,
- դինամիկայում, իրական կյանքում սահմանադրական ֆունկցիոնալ հաշվեկշռի անխախտության և անընդհատության ապահովումը, ինչն իր հերթին ենթադրում է իրական կյանքից Սահմանադրության, այսպես կոչված, խորթացման անթույլատրելիությունը:
Էական ենք համարում հատուկ ընդգծել, որ չի կարող լինել սահմանադրական գործառույթ, որը չունենա այն կրող համարժեք սահմանադրական ինստիտուտ: Ինչպես նաև չի կարող լինել սահմանադրական ինստիտուտ, որը, գործառութային լիազորությունների հետ մեկտեղ, այս կամ այն չափով չունի հակակշռող և զսպող լիազորություն: Սահմանադրության 2-րդ անփոփոխելի հոդվածում սահմանված է, որ
«Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով»: Ակնհայտ է, որ Սահմանադրությունը հանրային իշխանության լիազորություններով օժտում է բացառապես երկրի Հիմնական օրենքով նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց: Նման մոտեցումն առավել մեծ նախադրյալներ է ստեղծում իշխանությունների սահմանադրորեն ամրագրված գործառութային դինամիկ հավասարակշռությունն իրական կյանքում երաշխավորելու համար:
Ներկայացված մոտեցումների հիման վրա կարող ենք հստակեցնել իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հետևյալ հիմնական չափանիշները.
Vi - իշխանության i-րդ ճյուղն է,
f (t)- հանրային իշխանությունների գործառույթների հանրագումարն է t ժամանակի մեջ,
Fi - իշխանության i-րդ ճյուղի գործառույթների ամբողջությունն է,
Ai - իշխանության i-րդ ճյուղի լիազորությունների ամբողջությունն է:
Ակնհայտ է, որ առաջնային խնդիրն իշխանության յուրաքանչյուր թևի գործառութային անկախության երաշխավորումն է: Դա առաջին հերթին վերաբերում է դատական իշխանությանը, քանի որ անկախաբար արդարադատության իրականացումն իշխանության այս թևի առաջնահերթ գործառութային լիազորությունն է:
Եթե լիազորությունների ամբողջականությունը և գործառույթներին համարժեքությունը երաշխավորված չեն, մի կողմից, տեղ են գտնում չլուծվող, «անհասցե» խնդիրներ, մյուս կողմից՝ ծաղկում են ստվերային հարաբերությունները:
Կարևոր է ընդգծել, որ սահմանադրական համակարգը գործուն է դառնում ոչ թե ստատիկ հավասարակշռության պայմաններում, այլ երբ երաշխավորված են դինամիկ հավասարակշռությունը և դրա յուրաքանչյուր խախտման ժամանակին բացահայտումն ու վերականգնումը:
Նոր ժողովրդավարության տարբեր երկրների սահմանադրությունների ուսումնասիրությունից հետևում է, որ այդ մակարդակի վրա ձևականորեն իրավական պետությունը, ժողովրդաիշխանությունը, իրավունքի գերակայությունը, մարդու արժանապատվությունը, ազատությունը, սահմանադրական ժողովրդավարությունը, իշխանությունների բաժանումը, հասարակական համաձայնությունը, հավասարությունը, բազմակարծությունը, հանդուրժողականությունը, փոխհամաձայնությունը և այլ հանրաճանաչ սահմանադրական արժեքներ դարձել են սահմանադրական լուծումների հիմքը: Սակայն, դրա հետ մեկտեղ, ռեալ իրականությունն այդ երկրներում այլ է, այն հայտնվել է ուրիշ չափելիությունում[4]:
Այս երկրներից մեծ մասում լիարժեք չի ապահովվում Սահմանադրության ինքնաբավությունը, հիմնարար սահմանադրական արժեքներն ու սկզբունքներն էապես կտրված են սոցիալական իրականությունից, և ի հայտ է գալիս սահմանադրականության լրջագույն դեֆիցիտ[5]:
Նման վիճակը բացառելու ելակետային խնդիրներից մեկը Սահմանադրության կառուցվածքային ճիշտ լուծում որդեգրելն է: Օրինակ, 2005թ. փոփոխություններով Սահմանադրության կառուցվածքը, գործառութային հավասարակշռության տեսանկյունից, անտրամաբանական էր ու անհետևողական: Սահմանադրական կարգի հիմունքների ու մարդու իրավունքների գլուխներից հետո ներկայացվում էին Նախագահի, խորհրդարանի և կառավարության ինստիտուտները և դրանց կողքին, որպես առանձին գլուխ, առանձնացվում էր դատական իշխանությունը: Ոչ միայն խաթարված էր բուն Սահմանադրության կառուցվածքային տրամաբանությունը, այլև դատական իշխանության Ֆունկցիոնալ համակարգում ներառված էին ինստիտուտներ, որոնք դատական իշխանության կրող չէին հանդիսանում: Կառուցվածքային նման անհետևողականությունն անհստակություններ է ծնում նաև իշխանությունների բաժանման համակարգում: Նման վիճակ առկա է շատ երկրների Հիմնական օրենքներում /Բոլիվիա, Հունաստան[6], Բուլղարիա, Խորվաթիա, Ուզբեկստան, Ռուսաստանի Դաշնություն, Ճապոնիա և այլն/: Դրա հետ մեկտեղ, կան երկրներ, որոնք ոչ միայն սահմանադրորեն ամրագրել են իշխանությունների բաժանման հստակ ֆունկցիոնալ կառուցվածք, այլև Սահմանադրության առանձին հոդվածով կամ գլխով բացահայտել են իշխանությունների բաժանման բնույթը: Օրինակ՝ Մեքսիկայի Սահմանադրության 3-րդ բաժնի 1-ին գլխի 49-րդ հոդվածով սահմանված է, որ Դաշնության բարձրագույն իշխանությունն իրականացնելու համար այն բաժանվում է օրենսդրի, գործադիրի ու դատականի: Երկու կամ բոլոր երեք իշխանությունները երբեք չեն կարող միավորվել մեկ մարդու կամ մեկ կորպորացիայի ձեռքում, իսկ օրենսդիր իշխանությունը չի կարող վերապահվել մեկ անձի, բացի Դաշնության գործադիր իշխանությանն արտակարգ լիազորությունների տրամադրման դեպքերից` 29-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Ոչ մի այլ դեպքում, բացառությամբ 131-րդ հոդվածի երկրորդ պարբերության, գործադիր իշխանությանը չի կարող օրենքների հրապարակման արտակարգ լիազորություն տրվել:
Իշխանությունների բաժանման էության հստակ սահմանադրական բանաձևումն էապես բարձրացնում է այդ դոկտրինի պրակտիկ իրացման երաշխիքները: Կարծում ենք, որ անկախ կառավարման ձևի ընտրությունից ու սահմանադրականության զարգացման մակարդակից, առավել ճիշտ ընտրություն են կատարել այն երկրները, որոնք սահմանադրական կառուցվածքային լուծումների հիմքում դրել են կամ կառուցակարգային մոտեցումը (Իտալիա, Պորտուգալիա, Բելգիա, Լեհաստան, Հայաստան (ըստ 2015թ. փոփոխությունների) և այլն), կամ ֆունկցիոնալ մոտեցումը (Ավստրիա, Բրազիլիա, Սլովակիա և այլն):
Նոր ժողովրդավարության երկրներում սահմանադրական ձևախեղումների բնորոշ գծերից մեկն էլ դատական իշխանության ոչ բավարար անկախությունն է: Ինչպես նշում է պրոֆեսոր Ս. Հոլմսը վերոնշյալ հոդվածում, իր ժամանակին Մոնտեսքյոն պնդում էր, որ թագավորը, որը գործում էր որպես դատավոր և դրանով խաթարում գործադիր ու դատական իշխանությունների սահմանադրական բաժանումը, հեշտությամբ կարող էր անբարեխիղճ վկաների և գործընթացի մյուս մասնակիցների խաղալիքը դառնալ, որոնք ձգտում են հանրային իշխանությանը պարտադրել ծառայելու անձնական կամ խմբային անօրինական շահերին: «Օրենքը` արքայի աչքն է, որի օգնությամբ նա տեսնում է այն, ինչն առանց դրա տեսնել չէր կարող: Իրեն դատավորի պարտականություն վերապահելով, նա գործում է ոչ իր օգտին, այլ իրեն հրապուրողների օգտին`ի վնաս իրեն» [7]:
Միջազգային, մասնավորապես` եվրոպական սահմանադրական զարգացումների ներկա միտումները թույլ են տալիս անել մի շարք սկզբունքային ընդհանրացումներ, որոնցից հատուկ ուշադրության են արժանի.
1) ժողովրդավարությունը` որպես սոցիալական հանրության այլընտրանք չունեցող արժեք, կարող է առկա լինել այն չափով, որ չափով երաշխավորված է իրավունքի գերակայությունը, որի պայմաններում միայն կարող է կյանքի կոչվել իրավական ժողովրդավարությունը,
2) իրավունքի գերակայությունը և սահմանադրական ժողովրդավարությունն առկա են այնտեղ ու այն չափով, որտեղ և որքանով գոյություն ունեն իշխանությունների իրական բաժանում ու հավասարակշռում, քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի օպտիմալ ապակենտրոնացում, անկախ դատական համակարգ, ազատ մամուլ, երաշխավորված, ազատ ու արդար ընտրական գործընթաց, քաղաքացիական հասարակության կողմից վերահսկվող իշխանություն,
3) առանց սահմանադրական ժողովրդավարության որոշակի արժեքային միջավայրի և անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծման, անցումային համակարգերի առանձնահատկությունների խոր ու համակողմանի գնահատման անհնարին է հաղթահարել համակարգային ձևախեղումների իներցիան և երաշխավորել իրական սահմանադրական զարգացում, այսպես կոչված՝ «ժողովրդավարության ներմուծման» ճանապարհով:
Իշխանությունների բաժանման համակարգում դատական իշխանության դերն ու դերակատարությունը բացառիկ է ու առանձնահատուկ:
Բացառիկությունն առաջին հերթին պայմանավորված է այն հանգամանքով, որ իշխանության այս ճյուղին է իրավասություն վերապահվում գնահատել օրենսդիր ու գործադիր իշխանությունների գործունեության սահմանադրականությունն ու օրինականությունը և նրանց պահել սահմանադրական հավասարակշռության դաշտում: Դա բխում է Սահմանադրության 162-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներից, համաձայն որոնց. «1. Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»:
Սահմանադրության 164-րդ հոդվածով սահմանված են այն հիմնարար երաշխիքները, որոնք անհրաժեշտ են դատավորի անկախ ու անաչառ գործունեությունը երաշխավորելու համար:
Արդարադատության անկախության կարևոր երաշխիքներ են նաև Սահմանադրության 166-րդ հոդվածում ամրագրված կառուցակարգային, ինչպես նաև 168-րդ, 171-րդ և 172-րդ հոդվածներով ամրագրված գործառութային երաշխիքները:
Սահմանադրությամբ դատական իշխանությանն է բացառիկ իրավասություն վերապահված լուծել իշխանության մարմինների սահմանադրական լիազորությունների հարցերով առաջացած վեճերը և պաշտոնապես բացահայտել սահմանադրական նորմի իրավական բովանդակությունը` ձևավրելով որոշակի նախադեպային իրավունք:
Դատական իշխանությունն է երաշխավորում Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքների անմիջական գործողությունը, որով Սահմանադրության 3-րդ անփոփոխելի հոդվածի ուժով սահմանափակված են իշխանությունները, ինչպես նաև մարդու դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացումը:
Դատական իշխանության ինստիտուտների կազմավորման կարգն ու գործունեության անկախության ապահովման սահմանադրական երաշխիքները կոչված են իշխանության այս թևին հեռու պահելու քաղաքական գործընթացներից ու քաղաքական ազդեցություններից, և նույնիսկ այն դեպքերում, երբ օրենսդիր ու գործադիր իշխանությունների համապատասխան ինստիտուտները կազմավորվում են մեկ քաղաքական ուժի կողմից, իշխանությունների զսպման ու հակակշռման հիմնական առաքելությունը գործնականում պետք է իրականացնի դատական իշխանությունը: Վերջինս հնարավոր է դառնում, երբ երաշխավորված է իրավունքի գերակայության սկզբունքը և առկա է իրավական ժողովրդավարություն, ինչպես նաև սահմանադրական, քաղաքական ու պառլամենտական մշակույթի անհրաժեշտ ու բավարար մակարդակ:
Բոլոր այն դեպքերում, երբ տվյալ նախադրյալները բացակայում են և իշխանությունների բաժանման համակարգում թերագնահատվում է դատական իշխանության պետաիշխանական ինքնուրույն առաքելությունը, ոչ միայն չի կարող լինել անկախ ու անաչառ արդարադատություն, այլև անխուսափելի են քաղաքական ու վարչական մենիշխանության հաստատումը և իշխանությամբ իրավունքի սահմանափակումը, ինչը վերջին հաշվով հանգեցնում է քաղաքական, տնտեսական ու վարչական ներուժի սերտաճման:
Նշված ենթատեքստում պետք է դիտարկել ու արժեվորել անկախ սահմանադրական մարմնի` Բարձրագույն դատական խորհրդի տեղն ու դերն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում:
Սահմանադրությունը տվյալ խնդրին լուծում տվել է թե՛ կառուցակարգային և թե՛ գործառութային առումով: Նախ` Սահմանադրությամբ նախատեսվել է անկախ պետական մարմնի առկայություն: Մասնավորապես, 173-րդ հոդվածով սահմանված է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Այդ առաքելությունն իրականացնելու համար Բարձրագույն դատական խորհուրդն օժտվում է դատարանակազմական, իրավակազմակերպչական, դատական իշխանության համակարգում կադրային քաղաքականության իրականացման, դատավորների գնահատման ու օրենքի առջև հաշվետվողականության երաշխավորման, նրանց արդյունավետ աշխատանքի նախադրյալների ապահովման սահմանադրական մի շարք լիազորություններով, որոնց իրականացումն է համակարգային առումով երաշխիք դառնում դատարանի ու դատավորների անկախության ապահովման համար:
Սահմանադրության 175-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է, որ.
1. Բարձրագույն դատական խորհուրդը`
1)կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2)Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3)Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.
4)Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին.
5) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը.
6)լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
7)լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
8) լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը.
9)հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:
Ընդ որում, Սահմանադրության նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված է, որ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Անհրաժեշտ է կատարել հետևյալ կարևոր հավելումն առ այն, որ Սահմանադրությունը Բարձրագույն դատական խորհրդին օժտել է նաև իրավասությամբ` հաղթահարելու Հանրապետության նախագահի առարկությունները` ներկայացված թեկնածուների նշանակման ժամանակ ծագած անհամաձայնությունների պարագայում, իսկ դատավորների լիազորությունների դադարեցման հարցը բացառապես վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին: Սա նշանակում է, որ դատական կորպուսի ձևավորման, կադրային քաղաքականություն իրականացնելու հարցերում Բարձրագույն դատական խորհրդի դերակատարությունն առանցքային է:
Իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում Բարձրագույն դատական խորհրդի տեղի ու դերի գնահատման առաջին ու հիմնական չափանիշը հիշյալ և Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով ամրագրված լիազորությունների իրականացման ճանապարհով դատական իշխանության անկախության երաշխավորումն է:
Առանձնահատուկն ու ուշադրության արժանին այստեղ այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի պարագայում այս լիազորությունը գործառութային լիազորություն է: Նման բնույթ ունի նաև Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի իրացումն անկախ դատարանների կողմից` մարդու հիմնական իրավունքների անմիջական գործողության երաշխավորումը, որով սահմանափակվում է հանրային իշխանությունը: Դատական իշխանության այս գործառույթն առանցքային նշանակություն ունի թե՛ իշխանությունների գործառութային հավասարակշռության ապահովման և թե՛ իրավունքի գերակայության երաշխավորման տեսանկյունից:
Բարձրագույն դատական խորհրդի գործառույթների ամբողջականության և դրան համարժեք՝ լիազորությունների ներդաշնակ ու գործուն համակարգի իրավական ամրագրման հարցերին մեծ կարևորություն է տվել նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովն իր մի շարք զեկույցներում [8]: Դրանցում, մասնավորապես, շեշտվում է, որ Բարձրագույն դատական խորհրդի իրական անկախությունը պետք է համարժեք լինի Սահմանադրությամբ նախատեսված անկախության իրավական բովանդակությանը, Խորհրդի գործունեության արդյունավետությունն ու լիարժեքությունը որևէ չափով չպետք է կաշկանդված լինի իշխանության ճյուղերի որևէ մարմնի, այդ թվում ընդհուպ դատավորների ինքնակառավարման մարմինների հնարավոր ներազդեցությամբ: Վերջինս հատկապես վերաբերում է դատավորների կարգապահական վարույթների իրականացմանը:
Իր հերթին, Բարձրագույն դատական խորհրդի արդյունավետ գործունեությունը պետք է երաշխիք լինի դատավորի անկախության ամրապնդման, նրա մասնագիտական որակների բարձրացման, արդարադատության հանդեպ հասարակական պատշաճ վստահության ապահովման հարցերում:
Նշված համատեքստում միջազգային պրակտիկան կարևորում է նաև դատական իշխանության համակարգում կադրային այնպիսի քաղաքականության իրականացումը, որը, մի կողմից, ապահովում է դատավորների անկախությունը, մյուս կողմից` դատավորի կերպարը գնահատելի ու գրավիչ է դառնում հատկապես երիտասարդության համար և դատավորի պաշտոնի թափուր տեղերի լրացումն իրականացվում է լայն մրցակցության պայմաններում:
Սահմանադրական ճարտարապետության կարևոր առանձնահատկություններից մեկն էլ հենց այն է, որ Սահմանադրության մակարդակում պետաիշխանական անկախ գործառույթով օժտված ինստիտուտներին համարժեք դերակատարություն է վերապահվում իշխանությունների բաժանման հավասարակշռության ապահովման հարցում:
Իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում Սահմանադրությունը Բարձրագույն դատական խորհրդին նույնպես օժտել է նման հակակշռող կարևոր լիազորությամբ: Առաջին անգամ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվեց, որ Սահմանադրական դատարանը լուծում է սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը /հոդված 168-րդ/: Իսկ 169-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսվեց, որ տվյալ հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդը: Նման սահմանադրաիրավական կարգավորումը մեր երկրում առաջին անգամ հստակ երաշխիք է սահմանում դատական իշխանության կողմից` Բարձրագույն դատական խորհրդի միջոցով, քննարկման առարկա դարձնել և լուծել իրական կյանքում սահմանադրական լիազորությունների հաշվեկշռի յուրաքանչյուր խաթարում` պայմանավորված իշխանության այլ ինստիտուտների գործողությամբ կամ անգործությամբ: Այսպիսի սահմանադրաիրավական կարգավորման առկայությունը Սահմանադրության ինքնաբավության ապահովման կարևորագույն երաշխիք է:
Ասվածին հարկ է ավելացնել նաև այն, որ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրական սկզբունքն արդյունավետ կարող է կյանքի կոչվել այնպիսի հասարակական հարաբերությունների պայմաններում, երբ սահմանադրական ժողովրդավարությունը կյանքի անխախտելի կանոն է դառնում, առկա չէ քաղաքական կամ վարչական մենիշխանություն, երբ յուրաքանչյուր անձի սոցիալական վարքագծի, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի և հանրային իշխանությունների հանրային վարքագծի հիմքում դրված է իրավունքի գերակայության սկզբունքը: Ակնհայտ է, որ հիմնախնդրին պետք է մոտենալ համակարգային ամբողջականության տեսանկյունից: Ուստի, Բարձրագույն դատական խորհրդի տեղն ու դերն իշխանությունների բաժանման ու հավասարակշռման համակարգում կարող է առավելագույնս արդյունավորվել հենց նման համակարգային երաշխիքների ապահովման շրջանակներում:
1.Տե՛ս Рассел Г. Конституционализм: опыт Америки и других стран – http։//www.infousa.ru/govern- ment/dmpaper2.htm (09.03.2009).
2. Այս հիմնախնդիրը համակողմանի քննարկման առարկա դարձավ ու նման իրավիճակն արձա- նագրվեց նաև 2011 թվականի հունվարի 16-18-ին Ռիո դե Ժանեյրոյում հրավիրված՝ Սահմանադ- րական դատարանների համաշխարհային կոնգրեսում, որին մասնակցում էին 100-ից ավելի երկրների ու երկու տասնյակից ավելի միջազգային կազմակերպությունների պատվիրակություններ, որտեղ լիագումար նիստում մեր կողմից ներկայացվեց հիմնախնդրին նվիրված ծավալուն հայեցակարգային զեկույց: (Մասնավորապես տե՛ս https://www.venice.coe.int/WCCJ/Rio/WCCJ2_programme3_RUS.pdf ):
3.Տե՛ս Стивен Xолмс. Конституции и конституционализм //Сравнительное конституционное обозрение, 2012, N3(88), էջ 68:
4..Վերջին տասնամյակում նման իրավիճակ է առկա նաև Արևելյան Եվրոպայի մի շարք երկրնե- րում, որոնցում իրավունքի գերակայության ինդեքսի անկման մտահոգիչ միտումներ են առկա /հատ- կապես Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Բուլղարիայում, Չեխիայում – տե՛ս https://worldjusticeproject.org/our-work/wjp-rule-law-index/wjp-rule-law-index-2017–2018/:
5. Այդ մասին մանրամասն տե՛ս Գ.Գ. Հարությունյան, Սահմանադրական մշակույթ. Պատմության դասերը և ժամանակի մարտահրավերները: Երևան, 2016:
6.Անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ Հունաստանի Սահմանադրության 26-րդ հոդվածը սահմա- նում է, որ օրենսդիր գործառույթն իրականացվում է պառլամենտի և երկրի Նախագահի կողմից, գոր- ծադիր գործառույթն իրականացվում է երկրի Նախագահի ու կառավարության կողմից, իսկ դատական գործառույթն իրականացվում է դատարանների կողմից, որոնց որոշումներն ընդունվում են Հունաս- տանի ժողովրդի անունից։
7. Montesquieu. Spirit of the Laws / Trans. by Th. Nugent. New York։ Hafner Press, 1975. Vol. I. Bk. 6. Ch. 4. - P. 73.
8. Այդ մասին տե՛ս հանձնաժողովի հետևյալ զեկույցները. CDL-AD(2007)028, CDL-AD(2014)008, CDL- AD(2018)028, CDL-AD(2018)029, CDL-AD(2018)032, CDL-AD(2018)033.

25.12.2018
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸՄանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու լուրը տեղիք է տվել հանրային դժգոհությունների, փորձ է արվել անգամ պարզաբանումներ պահանջել որոշում կայացրած դատավորից և այլն: Նմանաբնույթ հարցերը մշտապես եղել են Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության առանցքում, ուստի պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք այդ կառույցի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին:
Պարոն Դանիելյանը պարզաբանեց, որ այդ և նմանաբնույթ հարցադրումների առնչությամբ Բարձրագույն դատական խորհրդում ձևավորված է որոշակի դիրքորոշում, ինչն արտացոլվել է նաև նախորդ հրապարակումներում:
Արդարադատության նկատմամբ հանրության վերաբերմունքը, այդ թվում՝ առանձին դատական ակտերի առնչությամբ բուռն արձագանքը բնորոշ է նաև ժողովրդավարության կայուն համակարգ ունեցող երկրներին: Պարզապես հարկ է նկատի ունենալ, որ քաղաքացիական հասարակության գործունեությանը հատուկ որոշ միջոցներ դատական իշխանության նկատմամբ առնվազն անընդունելի են: Յուրաքանչյուր ոք կարող է ազատ կարծիք հայտնել դատական ակտի իրավաչափության վերաբերյալ, սահմանված կարգով հանդես գալ իր պատկերացմամբ վիճարկելի դատական ակտ կայացրած դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հաղորդմամբ, սակայն ոչ ոք իրավասու չէ պարզաբանումներ պահանջելու դատավորից, ոչ ոք իրավասու չէ հանրահավաքների կամ քաղաքացիական հասարակության գործունեության այլ միջոցներով ճնշումներ գործադրել դատարանների նկատմամբ:
Ամբողջ խնդիրն այն է, որ վերադաս դատական ատյանի կողմից միանգամայն օրինական հիմքերով նշված դատական ակտի բեկանման դեպքում անգամ, միևնույն է, միջազգային իրավական չափանիշներով նշված դատական ակտի օրինականությունը կարող է խոցելի դառնալ:
Ինչևէ, այս գործով բուն դատաքննությունը դեռ առջևում է, ուստի պետք չէ ստվերել դրա օրինականությունը:
Անհրաժեշտ է նկատել նաև, որ իր հասցեին հնչած բազում քննադատությունների և գնահատականների առնչությամբ դատավորի լռությունը միանգամայն իրավաչափ է և ողջամիտ: Դատավորը գործում է «դատական ինքնատիրապետման» սկզբունքով, որի համաձայն նա իրավասու չէ արձագանքել նույն եղանակով և ձևաչափով: Այս սկզբունքը ամրագրված է, մասնավորապես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի «Արդարադատության և հասարակության մասին» թիվ 7(2005) կարծիքի 55-րդ կետով: Հետևաբար, դատավորը ոչ թե խույս է տալիս իրեն ուղղված քննադատություններին արձագանքելուց, այլ գործում է հիշյալ սկզբունքի հենքով: Զուտ զգացմունքային տեսանկյունից դա գրեթե անըմբռնելի կեցվածք է, սակայն դատական իշխանության պարագայում՝ անհրաժեշտ նախապայման:
Որպես դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ, ինչպես նաև որևէ այլ պաշտոնատար անձ իրավասու չէ գնահատելու դատական ակտը, ընդ որում, նշանակություն չունի այն, թե այդ ակտին ինչ չափով են ծանոթացել: Ցանկացած նախնական կարծիք կամ գնահատական առնվազն կորակվի վարքագծի կոպիտ խախտում: Բարձրագույն դատական խորհրդի անդամն իրավասու է պաշտոնապես տեսակետ հնչեցնել միայն կոնկրետ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքներով:
Դատախազության մասով իրավիճակն այլ է. վերջինս իրավասու է բողոքարկելու դատական ակտը և կարող է իրեն թույլ տալ նախապես գնահատական հնչեցնելը: Ինչ վերաբերում է այն նկատառմանը, թե այդ հայտարարությունը հնչեց որոշումը կայացնելուց անմիջապես հետո, ապա չպետք է անտեսել, որ դատախազությունը մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ մշտապես հսկողություն իրականացնող եզակի մարմինն է, ուստի տիրապետում է սպառիչ տեղեկատվության և կարող է ունենալ սեփական դիրքորոշում:
Ինչպես հայտնի է, այս օրերին ցուցարարները հնչեցնում էին կոնկրետ այդպիսի որոշում կայացրած դատավորից հրապարակայնորեն պարզաբանում պահանջելու, նրան պատասխանատվության ենթարկելու համար Արդարադատության նախարարին դիմելու կոչեր: Այս առնչությամբ, նախ, հարկ է նկատել, որ դատավորի անկախությունը վերացական արտահայտություն չէ, մասնավորապես «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի համաձայն. «... դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում` պարտավոր չէ որևէ բացատրություն տալ»:
Բարձրագույն դատական խորհուրդը ելակետ է ընդունում այն ակնհայտ իրողությունը, որ անկախ դատարան ունենալն առաջին հերթին անհրաժեշտ է հենց հասարակությանը, դրանում հենց ժողովուրդը պետք է շահագրգռված լինի, դա բխում է իր շահերից, դատարանի անկախությունը ցանկացած եղանակով սասանելը ձևավորում է անընդունելի նախադեպ, որի խիստ բացասական հետևանքների մասին մենք բոլորս ենք այժմ բարձրաձայնում: Դատարանների անկախությունը երաշխիք է ոչ միայն և ոչ այնքան դատավորների, որքան հենց հանրության համար, քանզի միայն անկախ դատական համակարգն է ի զորու լիարժեք կյանքի կոչելու իրական արդարադատություն և այդպիսով ծառայելու ժողովրդին ու երկրին:
Ասվածը բնավ չի բացառում դատարանների հաշվետվողականությունն օրենքի առջև: Անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում չի բացառվում նաև օրինազանց դատավորներին պատասխանատվության ենթարկելը, պարզապես այդ գործընթացները խիստ իրավական են և կարող են կյանքի կոչվել միայն Սահմանադրությանը համահունչ: Միաժամանակ, հարկ է նկատել, որ օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել դատավորի պատասխանատվությանը, իսկ դատական ակտերի իրավաչափությունը ստուգվում է բողոքարկման ընթացակարգերով:
Կարծում ենք նաև, որ իրավական պետությանն անհարիր է դատավորի արժանապատվությունը վիրավորող արձագանքները: Դա ոտնձգություն է մեր իսկ պետա¬կանության հանդեպ, որի անունից դատավորն իրավական ակտ է կայացնում: Եթե ցանկանում ենք իրավական պետություն կառուցել, ուրեմն յուրաքանչյուր անհատի սո¬ցիա¬լա¬կան վարքագծի հիմքում նույնպես պետք է ընկած լինի իրավունքի գերակայությունը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

20.12.2018
ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸԲարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 20-ին անցկացրեց քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էր 8 հավակնորդ: Նրանցից 5-ը գրավոր քննության արդյունքներով հավաքել էր առավելագույն հանրագումարային միավոր, իսկ 3-ը իրավաբան-գիտնականներ էին:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Քրեական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների 8 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 5-ը.
Բեգլարյան Նարեկ
Հայրապետյան Ջոն
Մելիքսեթյան Արմինե
Շահվերդյան Մանվել
Ստեփանյան Գառնիկ
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

19.12.2018
ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸԲարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 19-ին անցկացրեց վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Հարցազրույցի փուլին մասնակցում էին 9 հավակնորդներ, որոնցից 8-ն առավելագույն հանրագումարային միավոր էին հավաքել գրավոր քննության արդյունքներով, իսկ 1-ը հանդիսանում էր իրավաբան-գիտնական:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Վարչական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների 9 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 2-ը.
Առաքելյան Ելենա Վարդգեսի
Ներսիսյան Արմեն Գոգոլի
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

18.12.2018
ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸԲարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 17-ին և 18-ին անցկացրեց քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը՝ գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած 19 հավակնորդների հետ: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:
Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ-գաղտնի քվեարկությունը:
Քաղաքացիական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում քաղաքացիական մասնագիտացման դատավորների թեկնածուների 19 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 12-ը.
Աթանեսյան Անի
Առաքելյան Ելենա
Գալստյան Նոնա
Դունամալյան Ազատ
Մխեյան Դանիել
Ջալալյան Հասմիկ
Սարոյան Արման
Սաֆարյան Արմինե
Ստեփանյան Մարիաննա
Թորոսյան Վահագն
Մինասյան Միքայել
Պողոսյան Վարդանուշ
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն