Նորություններ
RSS31.05.2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄՄայիսի 30-ից հունիսի 1-ը Պորտուգալիայի Հանրապետության մայրաքաղաք Լիսաբոնում հրավիրվել է Դատական խորհուրդների Եվրոպական միավորման Վեհաժողովը, որին մասնակցում են Բելգիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Հունգարիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մալթայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Շոտլանդիայի, Ալբանիայի, Ավստրիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Մոնտենեգրոյի, Նորվեգիայի, Սերբիայի, Շվեդիայի, Բոսնիա և Հերցոգովինայի, ինչպես նաև Հայաստանի և Ուկրաինայի պատվիրակություններ:
Վեհաժողովի շրջանակներում կայացել է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանի հանդիպումը Դատական Խորհուրդների Եվրոպական միավորման նորանշանակ նախագահ, Հոլանդիայի Դատական խորհրդի փոխնախագահ և գերագույն դատարանի անդամ Կեյս Սթերքի հետ։ Շնորհավորելով պարոն Սթերքին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` պրն Հովհաննիսյանը նրան է փոխանցել Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանի ողջույնի ուղերձը և Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը։
Կողմերը քննարկել են Եվրոպական Միության լրջագույն իրավական կառույցին լիիրավ անդամակցելու ՀՀ ԲԴԽ հեռանկարները, եվրոպական և հայաստանյան դատական խորհուրդների առջև ծառացած խնդիրները, մասնավորապես՝ արդարադատության որակի բարձրացմանն ուղղված ժամանակակից մոտեցումներն ու մեթոդները, որոնք փորձարկվել և կիրառվում են եվրոպական տարբեր երկրներում և կարող են տեղայնացվել ու ներդրվել նաև ՀՀ դատական համակարգում։
Նշելով, որ որակյալ արդարադատության իրականացման համար դատական իշխանության անկախությունը հանդիսանում է անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման, կողմերն առանձին անդրադարձ են կատարել դատարանների բեռնաթափման, դատական ծառայողների շարքերը որակյալ կադրերով համալրելու, դատավորների աշխատաժամանակի օպտիմալացման ուղիներին, դատարանների բյուջետային հայտի ձևավորման նորարար մոտեցումներին, արդարադատության թվայնացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման փորձին։
Վեհաժողովի բուն աշխատանքները կմեկնարկեն մայիսի 31-ին։ Օրակարգում ընդգրկված են հետևյալ հիմնական հարցերը.
- դատական իշխանության անկախությունն ու հաշվետվողականությունը և արդատադատության որակը,
- հանրային վստահությունը և արդարադատության կերպարը (իմիջը),
- Թվային արդարադատություն,
- Պորտուգալիայի դատական բարեփոխման դասերը. առավելություններն ու հնարավորությունները,
- դրական փոփոխության ուղղորդումը. փոփոխություններ իրականացնելու, արդարադատական մշակույթի և դատական համակարգի համար դատական խորհուրդների դերի վերաբերյալ խմբային քննարկումներ,
- դրական փոփոխությունների հանգեցնող գործողությունների ծրագրի ներկայացում և քննարկում:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
22.05.2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏՄայիսի 21-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների աշխատանքային հանդիպումը:
ԲԴԽ նախագահը դատավորներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի ձեռնարկած հիմնական քայլերը, ծրագրային մոտեցումները, առաջիկա գործողությունների ժամանակացույցը, ինչը բխում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից: Կարևորվեց որ, Օրենսգրքով կան հստակ սահմանված ժամկետներ, որոնց պահպանումը պարտադիր է: Դա վերաբերում է ոչ միայն անհրաժեշտ իրավական ակտերի նախապատրաստմանն ու ընդունմանը, այլև վեցամսյա ժամկետում դատարանների նախագահների նշանակմանը, կառուցակարգային բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Խորհրդի նախագահն առանձնակի կարևորեց Բարձրագույն դատական խորհրդի 2018թ. ապրիլի 12-ի որոշման հետևողական իրացումը, որում մասնավորապես շեշտվել է. «Անթույլատրելի համարել դատավորի գործունեությանը որևէ միջամտություն, այդ թվում՝ կոնկրետ գործի քննության առնչությամբ հանրային իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռախոսային կամ այլ բնույթի հաղորդակցությունը գործը քննող դատավորի կամ դատարանի նախագահի հետ, ինչպես նաև այդ առնչությամբ հրապարակային հայտարարություն անելը՝ դա համարելով միջամտություն դատավորի գործունեությանը և դատարանի անկախությանը»:
Գոհունակություն հայտնվեց, որ այս հարցում առկա է նաև երկրի քաղաքական իշխանությունների հստակ դիրքորոշումը՝ բացառել որևէ միջամտություն արդարադատական գործընթացին և ակնկալել երկրում ունենալ անկախ ու միաժամանակ օրենքի առջև պատասխանատու դատարաններ:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրեց նաև առկա մի շարք խնդիրների լուծման առնչությամբ Խորհրդի կոնկրետ մոտեցումները:
Առանձին հարցերի առնչությամբ դիրքորոշումներ արտահայտեցին նաև հանդիպման մասնակիցները՝ կարևորելով նման հանդիպումների անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցում էին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գործող 64 դատավորներից 60-ը, երեքը հերթապահություն էին իրականացնում, մեկ դատավոր բացակայում էր հարգելի պատճառով:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
21.05.2018
ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸՄայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը՝ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, հանդիպել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ: Շնորհավորելով նախարարին պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ ԲԴԽ նախագահը ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի քառասունօրյա գործունեության ընթացքում արված հիմնական աշխատանքներն ու առաջիկա անելիքները:
Գագիկ Հարությունյանն իր խոսքում առանձնացրել է առանցքային այն հիմնախնդիրները, որոնց լուծումը կարևոր է արդարադատության ինստիտուցիոնալ իրականացման համար: Այդ խնդիրները վերլուծելու և դրանց լուծում տալու նպատակով ստեղծվել է երեք հանձնախումբ, որոնք ուսումնասիրում են դատարանների ծանրաբեռնվածության ու գործերի բաշխման, նյութատեխնիկական սպասարկման և դատական իշխանությանն առնչվող օրենսդրական խնդրահարույց հարցերը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Արդարադատության նախարարին ներկայացրել է որոշ հարցերի հետ կապված իր մտահոգությունները: «Շատ տարօրինակ վիճակներ կան, որոնք Խորհուրդը պետք է անպայման քննարկի նախարարության հետ: Հայաստանի 49 դատարանների շենքերից և նստավայրերից 30-ը գտնվում են Արդարադատության նախարարության հաշվեկշռում, որոնց զգալի մասն այսօր զբաղեցնում են տարբեր տիպի կազմակերպություններ, և ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում կան դատարաններ, որոնք նույնիսկ չունեն նիստերի դահլիճ»,-ասել է Գագիկ Հարությունյանը և հավելել, որ որոշ ուղղություններում ուսումնասիրություններ են կատարվում, որից հետո ամփոփ առաջարկությունների փաթեթը պատրաստ լինելուց հետո պատրաստվում են այն ներկայացնել նախարարին:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն անդրադարձ է կատարել դատարանների շրջափակման խնդրին՝ նշելով. «Որքան էլ մեզ համար հասկանալի է, ծանոթ եմ վարչապետի և Ձեր հայտարարություններին, այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է դատարանների շուրջ, պարզապես արագ հաղթահարման անհրաժեշտություն ունի: Կալանավորները ներսում են, դատական գործընթաց իրականացնել հնարավոր չէ: Եթե հարցն ունի քաղաքական բաղադրիչ, պետք է քաղաքական լուծում ունենա, եթե քաղաքականից զատ՝ արդարադատական բաղադրիչ, պետք է արդյունավետ իրականացման պայմաններ ապահովել»: Գագիկ Հարությունյանն առաջարկել է համատեղ աշխատել՝ իրավիճակի համար լուծումներ գտնելու ուղղությամբ, նաև նախանշելու իսկապես անկախ և արդյունավետ դատական իշխանության երաշխավորման որոշակի քայլեր:
Խորհրդի նախագահի կողմից մատնանշված մյուս առանցքային խնդիրը վերաբերում էր դատարանների ծանրաբեռնվածությանը: «2013 թվականին Հայաստանում քննվել է 49 հազար քաղաքացիական գործ, 2017 թվականին՝ 137 հազար: 2,8 անգամ ավելացել են այս բնագավառին առնչվող գործերը: Մեր ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այդ ավելացումներն ունեն նաև օրենսդրության փոփոխություններով պայմանավորված լուծումներ, քանի որ շատ հաճախ նույնիսկ ոչ դատարանին բնորոշ գործերը բարդվել են դատարանների վրա»,- նշել է Գագիկ Հարությունյանը:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ, իր հերթին ողջունելով Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, վստահեցրել է, որ նախարարությունը տեղյակ է բարձրացված առկա հիմնախնդիրների մասին, դրանք ընդգրկված են նախարարության ծրագրերում և լուծման հնարավոր ուղիներ են փնտրում:
«Համոզված ենք, որ պետք է բարելավել դատավորների սոցիալական երաշխիքները, շենքային պայմանները, որոշակիորեն արտադրողականությունը բարձրացնելու նպատակով էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրումը կնպաստի դրան: Եթե մենք հետևողականորեն ավելացնենք դատավորների քանակը՝ մոտեցնելով օպտիմալին, ապա նաև շենքային պայմանների խնդիրներ ենք ունենալու, օրենսդրական բազմաթիվ լուծումներ կան, որոնք պետք է բեռնաթափեն դատարանների ծանրաբեռնվածությունը»:
Նախարարն ընդգծել է նաև այն փաստը, որ ծանրաբեռնված են ոչ միայն քաղաքացիական գործերով դատարանները, այլև վարչական դատարանները: «Հայաստանում տարեկան արտադրվում է շուրջ 2 միլիոն վարչական տուգանքի որոշում, որոնցից բողոքարկվում է ընդամենը 800-ից մեկը: Սա վկայում է այն մասին, որ ապահովված չի դատական կարգով և արտադատական կարգով իրավական պաշտպանության արդյունավետ միջոցը: Եթե դրանցից ընդամենը 10 տոկոսն էլ բողոքարկվի, ապա ամբողջ համակարգը կոլապսի կենթարկվի»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ նկատելով, որ սա անհամաչափ, անարդյունավետ կառավարման դրսևորում է, և նախարարությունն այսօր իր առջև դրել է խնդիր՝ դրանք ներդաշնակեցնել, բերել համաչափության:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը նախարարին է փոխանցել Խորհրդի մտահոգությունը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքի որակի բարելավման, օրենսդրական և կազմակերպչական լրջագույն խնդիրների լուծման հետ կապված:
Իր հերթին Արտակ Զեյնալյանն էլ առաջարկել է ուշադրություն դարձնել կատարողական թերթերի հարցին՝ նշելով, որ դատավորի կողմից հայցի առարկան պետք է առաջարկվի այնպես փոփոխել, որ բավարարելու դեպքում այն դառնա կատարողական թերթ:
Հանդիպման ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը ևս կարևորել է Արդարադատության նախարարության հետ ակտիվ համագործակցությունը հատկապես դատական վարույթների ինքնարժեքները որոշելու և էլեկտրոնային արդարադատության կայացման հարցում: Նա նաև ուշադրություն է հրավիրել դատարանների բեռնաթափման համար կարևոր ինստիտուտի՝ վեճերի լուծման այլընտրանքային միջոցներից մեկի՝ հաշտատարության ինստիտուտի կայացման վրա: Հայկ Հովհաննիսյանը փաստել է, որ Նախարարությունն այդ ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկել է, և ցանկալի կլինի, որ դրանք լինեն շարունակական: Խորհուրդն այժմ մշակում է հաշտարարության ներդրման ամբողջական հայեցակարգ, որը ևս կրկին կփոխանցվի նախարարությանը:
Արդարադատության նախարարի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած մտահոգությունների վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնել և առաջարկներ ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Սերգեյ Մեղրյանը, Անի Մխիթարյանը, Ռուզաննա Հակոբյանը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
18.05.2018
ՄԱՄՈՒԼՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԵՐԿՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.7-րդ հոդվածի համաձայն.
1. Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
2. Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:
Նկատի ունենալով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար օրենքով ծառայողական առանձնատուն չէր նախատեսվել, իսկ վարչապետի հայեցողությանը չցանկանալով ապավինել, դեռևս 2018թ. ապրիլին, ԲԴԽ նախագահի պարտականություններն ստանձնելուց անմիջապես հետո, պարոն Հարությունյանը տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմին /որին ենթակա էր «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը/, որ դուրս է գալիս այդ առանձնատնից:
Պարոն Հարությունյանի ընտանիքը գործնականում արդեն դուրս է եկել նախկինում իրեն հատկացված առանձնատնից: Այդ մասին պաշտոնապես տեղյակ է պահվել նաև նոր կառավարության աշխատակազմը, որի ենթակայությանն է ներկայումս հանձնված տվյալ ՊՈԱԿ-ը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ «Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 8-րդ մասը հստակ սահմանել է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, խորհրդի տարիքով ավագ անդամը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի ընտրած անդամներից ընտրվում է խորհրդի նախագահ»:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվել է Դատական օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:
Բարձրագույն դատական խարհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն