Նորություններ
RSS
19.07.2018
ԼՐՋԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ…1in.am կայքում հուլիսի 18-ի հրապարակումը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի առնչությամբ տենդենցիոզ է ու անհիմն:
Ակնհայտ սուտ է, որ Գագիկ Հարությունյանը խափանում է ԲԴԽ անդամ դատավորների դատական նիստերի գրաֆիկը:
Ակնհայտ ապատեղեկատվություն է, որ ԲԴԽ նախագահը «շատ արագ կազմակերպում է» մարզերի ու Երևանի դատարաններում նոր դատավորների նշանակման հարցը: Նման դատողությունները պարզապես Սահմանադրության 215-րդ և Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածների պահանջների չիմացության արդյունք են:
Ապատեղեկատվություն է նաև, որ «դատավորների ընտրությունը կատարվում է ոչ օբյեկտիվ` խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով»:
ԲԴԽ-ն որևէ հարցում շտապողականություն չի դրսևորում, այլ գործում է բացառապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված ժամկետների խստագույն պահպանմամբ:
Այսպես կոչված «հետևությունները» մտացածին են ու չարակամության դրսևորում:
Տեսանյութի նման մոնտաժմամբ «հարմարեցումը» հեղինակի մտասևեռումներին` ամբողջ շարադրանքի տրամաբանական շարունակությունն է: Ի դեպ, հնչեցված «համարժեք միջամտությունը» վերաբերել է ոչ թե մարտի 1-ին, այլ դրանից տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձություններին, երբ առնվազն երկու անգամ հենց Հարությունյանի ակտիվ միջամտությամբ հնարավոր են եղել կանխել մեծ արյունահեղության վտանգները:
Պարզապես ափսոսանք ենք հայտնում, որ նման ապատեղեկատվություն է տարածվում:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

16.07.2018
ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԱռանձին կայքերում հրապարակումներ են հայտնվել, որոնք ակնհայտորեն աղավաղում են Բարձրագույն դատական խորհրդի ԲԴԽ 23-Ո-47 որոշման էությունը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածը սահմանում է.
«1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական տարածքը համապատասխանաբար Երևան քաղաքի, մարզի կամ մարզերի տարածքն է:
2. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն ունի կենտրոնական և այլ նստավայրեր: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում դատարանի նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին»:
Միաժամանակ Օրենսգրքի 26-րդ հոդվածը սահմանում է.
«1. Մասնագիտացված դատարանների դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:
2. Մասնագիտացված դատարանների կենտրոնական նստավայրերը գտնվում են Երևան քաղաքում:
3. Մասնագիտացված դատարաններն ունեն նստավայրեր մարզերում: Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրում է համապատասխան դատարանի նախագահի առաջարկությունը և կայացնում է որոշում մասնագիտացված դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը սահմանելու մասին»:
Ակնհայտ է, որ Բարձրագույն դատական խորհուրդը երկու դեպքերում էլ սահմանադրական օրենքով է լիազորված որոշելու դատարանների նստավայրերը և նստավայրի սպասարկման տարածքը: Պայմանն այն է, որ նման որոշման կայացման հիմքը համապատասխան դատարանի նախագահի հիմնավորված առաջարկությունն է:
Բացի դրանից, Օրենսգրքի 89-րդ հոդվածի 25-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը «սահմանում է առաջին ատյանի դատարանների` սույն Օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը»:
Բարձրագույն դատական խորհրդի հիշյալ որոշումն այս լիազորությունների իրականացման կարգն է միայն ամրագրում՝ հաշվի առնելով, որ.
1. դատարանի նախագահի առաջարկությամբ նստավայրերի սահմանումը և հնարավոր փոփոխություններն անմիջականորեն առնչվում են այս կամ այն նստավայրում դատավորների բաշխմանն ու թվակազմին,
2. որպես տվյալ դատարանի (այլ ոչ նստավայրի) դատավոր նշանակված անձի համար պետք է կանխատեսելի լինեն նույն դատարանի նստավայրերի փոփոխման, ինչպես նաև դրա շրջանակներում իր հնարավոր տեղափոխման հիմքերը և կարգը,
3. կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ դատարանի նախագահը, արդարադատության արդյունավետության շահերից ելնելով, առաջարկի փոփոխություններ կատարել տվյալ դատարանի նստավայրերի կամ դրանց սպասարկման տարածքի առնչությամբ:
Այս խնդրի լուծումը` բացառիկ դեպքերում և դատարանի նախագահի հիմնավորված առաջարկի հիման վրա, Օրենսգրքի համաձայն՝ բացառապես Բարձրագույն դատական խորհրդի իրավասության հարցն է: Այն չի կարող պայմանավորվել տվյալ նստավայրի դատավորի հայեցողությամբ, քանի որ նստավայրերում դատավորների բաշխման ու թվակազմի հարցը լուծելիս առաջնահերթ նշանակություն պետք է ունենան արդարադատության շահը և դատարանի մատչելիությունը, առավել ևս, որ գործող Օրենսգիրքն իր մշտական բնակության վայրից դուրս պաշտոնի նշանակված դատավորին երաշխավորում է տվյալ վայրում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում ստանալու իրավունք (57 հոդվ., մաս 5):
Խորհուրդը նաև նախատեսել է, որ բացառապես դատավորների դիմումի հիման վրա կարող է քննության առարկա լինել նույն դատարանի ներսում մեկ նստավայրից մյուսը պաշտոնների փոխանակման կամ առաջացած թափուր պաշտոնին տեղափոխվելու կարգով նրանց հնարավոր փոխադրման հարցը: Առանց համապատասխան պատճառաբանված դիմումի Խորհուրդը նման հարց քննության առնել չի կարող: Չի կարող այս հարցով դիմել նաև դատարանի նախագահը: Նրա եզրակացությունն ունի միայն խորհրդատվական նշանակություն:
Եթե սույն պարզաբանումներից հետո առանձին անձանց մոտ դարձյալ կպահպանվի կանխակալ տրամադրվածություն, նրանք կարող են այցելել Դատական դեպարտամենտ և ստանալ առավել մանրամասն ու մատչելի պարզաբանումներ:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

13.07.2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵՑ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԲարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հուլիսի 12-ին անցկացրեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմից դատարանի նախագահի թեկնածուի նոր ընտրություն:
Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 7 ձայնով:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

13.07.2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵՑ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՀուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածով, անցկացրեց Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի, քաղաքացիական և վարչական պալատի նախագահների ընտրություն:
Քվեարկության արդյունքում՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը՝ 10 ձայնով:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ընտրության արդյունքներով՝ թեկնածուները չհավաքեցին անհրաժեշտ ձայներ: ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերի հիմքով կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցեցին առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները:
Ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Դանիելյան Ելիզավետա – 5
Թադևոսյան Լիլիթ – 5
Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով ՀՀ դատական օրենսգրքի 134-րդ հոդվածի 10-րդ մասով, անցկացրեց նոր ընտրություն, որի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ ընտրվեց Լիլիթ Թադևոսյանը՝ 8 ձայնով:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

13.07.2018
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՀուլիսի 12-ին Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստն էր, որի ընթացքում կայացավ հանդիպում-խորհրդակցություն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորների հետ՝ դատական իշխանությանը վերաբերող հրատապ հարցերի քննարկմանը դատավորներին մասնակից դարձնելու, նրանց դիրքորոշումները լսելու նպատակով:
Քննարկման առարկա դարձան մարզերում դատավորների նստավայրերի հնարավոր կանոնակարգմանը, դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման և վերաբաշխման չափանիշների սահմանմանը վերաբերող հարցերը:
Դատավորներին մտահոգող խնդիրների շարքում էին վճարման ենթակա պետական տուրքերի հետաձգման պրակտիկայի վերանայման, գործերի քննության ժամկետների ձգձգման պատճառ հանդիսացող փորձագիտական կենտրոնների և արդարադատության ավելորդ ծախսատարություն ստեղծող փոստային ծառայությունների բարելավման անհրաժեշտությունը: Դատավորների կողմից արված դիտարկումներն ու նկատառումներն արձանագրվեցին՝ Խորհրդի կողմից համապատասխան ընթացք ստանալու և հնարավոր լուծումներ գտնելու նպատակով:
Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրեց, որ հնչեցված հարցադրումներն իսկապես առաջնային են, և գործուն քայլեր են ձեռնարկվում թվայնացման գործընթացի ակտիվացման և էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ:
Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց նաև նշված դատարանների նախագահների ընտրություն:
Տեղի ունեցած քվեարկության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չստացան: Առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Հովհաննես Ավագյանի և Վարդան Ստեփանյանի թեկնածությունները դրվեցին լրացուցիչ քվեարկության:
Արդյունքում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Հովհաննես Ավագյանը:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի համալրման նպատակով տեղի ունեցած քվեարկության արդյունքներով՝ դատարանի նախագահ ընտրվեց Վարդան Հարությունյանը՝ 7 ձայնով:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի թափուր տեղի համար անցկացված ընտրության արդյունքում՝ դատարանի դատավոր ընտրվեց Արամ Մկրտչյանը:
Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն