Նորություններ

RSS
image

20.02.2019

ԼՈՒԻԶ ՍԻՄՈՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԱՌԻԹՈՎ

Խոր ափսոսանքով տեղեկացա մեր ժամանակների ազգային մեծագույն գործիչ, հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ բացառիկ դերակատարություն իրականացրած, Ալեք Մանուկյանի գործի հավատավոր շարունակող Լուիզ Սիմոն Մանուկյանի մահվան մասին:

Ես պատիվ ու երջանկություն եմ ունեցել 1990 թվականից սկսյալ մեր մեծ հայրենակցի հետ մշակել ու իրականացնել բազում ծրագրեր, որոնց մասին դեռևս հատորներ պետք է գրվեն: Նա ոտքով է անցել Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհներով, քաջատեղյակ է եղել նորանկախ պետության կայացման, անվտանգության երաշխավորման, կյանքի տարբեր ոլորտները ներառող մարտահրավերներին ու անմնացորդ ջանքերով աջակից է եղել դրանց հաղթահարմանը: Հատկապես Հայաստանի անկախացման ու Արցախյան տագնապի առաջին տարիներին Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Լուիզ Սիմոն Մանուկյանի, Հրայր Հովնանյանի ու էլի մի շարք հայ երևելիների ջանքերը բախտորոշ նշանակություն ունեցան մեր երկրի ապագայի համար: Վստահ եմ՝ սերունդները դեռևս առիթն ու հնարավորությունը կունենան ամբողջական ու հավաստի պատկերացում ունենալ նրանց քաջագործությունների մասին ու անթաքույց հպարտանալ նրանցով:

Իմ խոնարհումը Լուիզ Սիմոն Մանուկյանի խնկարկելի հիշատակին, խորին ցավակցությունս հարգարժան Ռիչարդ Մանուկյանին ու Մանուկյանների ընտանիքի բոլոր անդամներին:

 

Գագիկ Հարությունյան
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

image

18.02.2019

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 18-ին Բարձրագույն դատական խորհրդի նախաձեռնությամբ հրավիրվել էր աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին նաև Արդարադատության նախարարը, նրա առաջին տեղակալը, Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների նախագահները, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահը համառոտ ներկայացրեց դատական իշխանության համակարգում Սահմանադրության և «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի պահանջներից բխող փոփոխությունները, առկա հիմնախնդիրները, Խորհրդի կողմից մշակված՝ «Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման» հայեցակարգի և դատական իշխանության անկախության երաշխավորման ռազմավարական առաջնահերթությունների կենսագործման ուղղությամբ իրականացված ու իրականացվող քայլերը:

Կարևորվեց նախատեսվող աշխատանքները գործակցաբար իրականացնելու և փորձագետների, մամուլի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ առանձին հիմնախնդիրների համատեղ քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չափազանց օգտակար համարեց նման ձևաչափով աշխատանքային քննարկումների կազմակերպումը, ներկայացրեց իր նկատառումները հրատապ լուծում պահանջող այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են դատական արխիվների թվայնացումը, էլեկտրոնային արդարադատության ներդրումը, դատավորների սոցիալական անկախության երաշխիքների ամրապնդումը, օրենսդրական բարեփոխումները և այլն:

Խորհրդակցության մասնակիցների առաջարկություններն ամփոփելով՝ դատական իշխանության պաշտոնական կայքում առաջիկայում կտեղակայվի համատեղ քննարկվելիք ռազմավարական ուղղությունների ցանկը՝ ըստ հրատապ, միջնաժամկետ և երկարաժամկետ քայլերի դասակարգման:

019 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստում հանդիպում էր կազմակերպվել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետ:

Հանդիպում-քննարկումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը՝ որպես օրակարգային հարց քննարկեց նաև տվյալ դատարանի նախագահի ընտրության հարցը՝ առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի դրույթներով:

Նշենք, որ փետրվարի 28-ին դադարում է դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանի լիազորությունները՝ պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ ընտրվեց Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյանը:  

 

Բարձրագույն Դատական Խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

15.02.2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի օգտատերեր, տեղեկացնում ենք, որ պայմանավորված տեխնիկական վերազինման աշխատանքներով` Datalex.am դատական տեղեկատվական համակարգը 15.02.2019-18.02.2019թ. կգործի խափանումներով:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

image

14.02.2019

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Փետրվարի 14-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասը:

Խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 630-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ելնելով միջնորդության քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով, որոշեց.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Էական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի                                                                                                                լիազորությունները դադարեցնել:

2Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների հիման վրա որոշումն ամբողջությամբ հնգօրյա ժամկետում կուղարկվի վարույթ հարուցող մարմիններ և դատավորին: Այն կտեղակայվի նաև Դատական իշխանության պաշտոնական կայքում:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն