Նորություններ

RSS
image

10.12.2018

ՀՀ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՐԿՈՒ ԴԻՄՈՒՄ

2018 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված՝ սույն թվականի դեկտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

Արդյունքում, ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2018 թ. դեկտեմբերի 9-ին ստացվել է 2 դիմում, որոնցից մեկը վերաբերել է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող քաղաքացու անձնագիրը տրամադրելուն, իսկ մյուսը՝ անձնագիրը քրեական գործում գտնվելու վերաբերյալ համապատասխան տեղեկանք տրամադրելուն:

Մասնավորապես՝

1. ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումով պահանջվել է տրամադրել քրեական գործում գտնվող անձնագիրը, որը դատարանի կողմից բավարարվել է:

2. ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված դիմումով պահանջվել է տրամադրել տեղեկանք քաղաքացու անձնագիրը քրեական գործում գտնվելու վերաբերյալ, որի կապակցությամբ դատարանի աշխատակազմի կողմից կազմվել և քաղաքացուն է տրամադրվել տեղեկանք՝ այն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համապատասխան ստորաբաժանում ներկայացնելու, անձնագրին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթ ստանալու և ընտրական իրավունքն իրացնելու նպատակով:

image

07.12.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի դեկտեմբերի 8-ին և 9-ին Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

image

07.12.2018

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐԸ

ՀՀ նախագահի նոյեմբերի 30-ի հրամանագրով՝ Դավիթ Սերոբյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի ԲԴԽ-51-Ո-143 որոշմամբ ներկայացված առաջարկությունը:

Դեկտեմբերի 7-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Դավիթ Սերոբյանին:

Գևորգ Դանիելյանը, շնորհավորելով Դավիթ Սերոբյանին դատավորի բարդ և պատասխանատու լիազորություններն ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա, համալրելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կազմը, իր ամենօրյա աշխատանքով կնպաստի արդարադատական գործընթացների պատշաճ իրականացմանը, դատական իշխանության հեղինակության և արժանապատիվ դատավորի կերպարի հասարակական ընկալման բարձրացմանը:  

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի  ծառայություն

image

28.11.2018

ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԶԵԿՈՒՅՑԸ՝ «ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՐՈՇ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ»

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամ, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը մասնակցեց «Կառուցողական երկխոսություն հանձնառություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Անցումային արդարադատության մեխանիզմների ներդրման հնարավորությունը ՀՀ-ում՝ միջազգային փորձի լույսի ներքո» թեմայով Քաղաքացիական հասարակություն-Կառավարություն համաժողովին:

«Փոխհատուցման ծրագրերի որոշ առանցքային հարցադրումները՝ անցումային արդարադատության համատեքստում» զեկույցն ամբողջությամբ այստեղ:  

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

22.11.2018

ԿԱՅԱՑԱՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՀԵՏ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հանդիպեց նոր ձևավորված Սնանկության դատարանի դատավորների հետ:

Հանդիպում-խորհրդակցության ժամանակ քննարկվեցին Սնանկության դատարանի կազմավորման և արդյունավետ գործունեության հետ կապված հարցեր: Առանձնակի կարևորվեցին նստավայրերի հստակեցման, աշխատակազմի և տեխնիկական վերազինման ապահովման, առկա գործերի բաշխման հետ կապված հարցերը:

Քննարկմանը նորաստեղծ դատարանի դատավորներն իրենց նկատառումները ներկայացրին դատարանի նախագահի ընտրության առնչությամբ:

Խորհրդակցությունից հետո Բարձրագույն դատական խորհուրդը, օրենքով սահմանված կարգով, կազմակերպեց քվեարկություն՝ Հանրապետության նախագահին Սնանկության դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու համար:

Քվեարկության արդյունքներով՝ թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չստացավ: Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն, որի արդյունքում Սնանկության դատարանի նախագահ ընտրվեց Գարիկ Ավագյանը: