Նորություններ

RSS
image

02.08.2018

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ՁԵՎԱՎՈՐԵՑ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը հրավիրել էր արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի և Ուսումնական հարցերի հանձնաժողովների ձևավորմանը՝ հաշվի առնելով գործող հանձնաժողովների իրավասության ժամկետների ավարտը, ինչպես նաև դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու իշխանության ամրապնդմանն առնչվող հարցերի և առաջարկների քննարկմանը:

Օրակարգի հաստատումից հետո ընտրությունը կազմակերպելու նպատակով նիստը նախագահող ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի առաջարկությամբ ձևավորվեց հաշվիչ հանձնաժողով:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն՝ քվերակության արդյունքներով՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.

1.Ավագյան Արթուր /ՀՀ վարչական դատարան/

2.Մակյան Մեսրոպ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/

3.Ստեփանյան Վարդան /Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում/

4.Թորոսյան Սլավիկ /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/

5.Պապոյան Մխիթար / ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/

6.Թովմասյան Արման / ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր Նաիրա Գրիգորյանը կշարունակի պաշտոնավարել՝ նկատի ունենալով հանգամանքը, որ նրա պաշտոնավարման ժամկետը՝ 4 տարին, կլրանա 2020 թվականի փետրվարին:

«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի համաձայն էլ՝ քվերակության արդյունքներով՝ Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին հետևյալ դատավորները.

1.Միքայելյան Ստեփան /ՀՀ վճռաբեկ դատարան/

2.Հարթենյան Մարգարիտա /ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան/

3.Ազարյան Ալեքսանդր /ՀՀ վերաքննիչ քրեական դատարան/

4.Մկոյան Քրիստինե /ՀՀ վերաքննիչ վարչական դատարան/

5.Հարությունյան Անի /ՀՀ վարչական դատարան/

6.Վարդանյան Արշակ /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/

7.Ստեփանյան Արթուր /Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան/

Քանի որ սննանկության դատարանը ձևավորվելու է 2019 թվականի հունվարի 1-ից, ուստի հանձնաժողովների ձևավորման ցուցակներում այդ մասնագիտացմամբ թեկնածուներ չեն ներգրավվել:

Դատավորների ընդհանուր ժողովի ժամանակ որոշ դատավորներ հանդես եկան նաև ելույթներով՝ ներկայացնելով դատարանների գործունեության բարելավման նպատակով դատական իշխանության հեղինակության ու դատական իշխանության ամրապնդման վերաբերյալ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները: Ժողովը որոշեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի բարձրացված խնդիրների և առաջարկությունների ուսումնասիրմամբ և դրանք կներկայացնի Բարձրագույն դատական խորհրդին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

25.07.2018

«ՓԱՍՏ» ՕՐԱԹԵՐԹԻ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

«Փաստ» օրաթերթը հուլիսի 25-ին «տեղեկատվություն» է տարածել` նշելով. ««Փաստի» ունեցած հավաստի տեղեկություններով, այն բանից հետո, երբ դատավորները 1/5–ի պահանջով նախաձեռնել են հուլիսի 27–ին հրավիրել Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ, ակտիվորեն գործի է անցել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով առժամանակ կասեցրել է առաջխաղացման մրցույթները և զանգահարում է դատարանների նախագահներին, որպեսզի վերջիններս հորդորեն դատավորներին՝ չմիանալ կամ հետ կանգնել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունից»:

Բերված «հավաստի տեղեկությունները» ստի հերթական չափաբաժին են: Որևէ մրցույթ, որևէ մեկի կողմից չի հետաձգվել: Բարեխիղճ լրագրողը կարող էր դրա մասին տեղեկանալ դատական իշխանության պաշտոնական կայքից: Այս փուլում օրենքով սահմանված կարգով նախատեսված է երեք մրցույթ, որոնք հայտարարված են, հայտարարությունները տեղակայված են դատական իշխանության պաշտոնական կայքում, և գործընթացը բնականոն հունով ընթանում է:

ԲԴԽ նախագահն առնվազն վերջին երեք շաբաթների ընթացքում որևէ դատարանի նախագահի հետ հեռախոսազրույց չի ունեցել, առավել ևս՝ նշված հարցով:

Իրականության հետ աղերս չունի նաև Դատական դեպարտամենտի լրատվական ծառայության հետ կապվել չկարողանալու հանգամանքը, քանի որ մամուլի ծառայությունը միշտ հասանալի է ու աշխատում է գրեթե շուրջօրյա ռեժիմով:

Լրագրողի երևակայությունը չի կարելի ներկայացնել որպես «հավաստի տեղեկություն» և հրամցնել հանրությանը:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

24.07.2018

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանի և Խորհրդի անդամ, ի.գ.թ. Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մշակվել են արդարադատության արդյունավետության բարձրացման հայեցակարգային մոտեցումները:

Դրանք վերաբերում են արդարադատության արդյունավետության բարձրացման կառուցակարգային քաղաքականության, արդարադատության որակի բարձրացման, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման հայեցակարգային չափորոշիչներին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

23.07.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ՄԱՐԶԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԻՆ

ՀՀ նախագահի 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրերով՝ Արթուր Մարգարյանը նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, Հովհաննես Ավագյանը՝ ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, իսկ Արամ Մկրտչյանը՝ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հուլիսի 23-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց դատարանի նորանշանակ նախագահ Արթուր Մարգարյանին:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն դատարանի դատավորների հետ: Խորհրդի նախագահը հատկապես կարևորեց դատական իշխանության համար առաջնային համարվող մի շարք հարցեր, որոնք մասնավորապես վերաբերում են գործերի բաշխման համակարգի հստակեցմանը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը, սնանկության դատարանի ստեղծման համար անհրաժեշտ քայլերին:

Նույն օրը Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Գևորգ Դանիելյանը Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներին ներկայացրեց Հովհաննես Ավագյանին:

Շնորհավորելով դատարանի նորանշանակ նախագահին՝ Գևորգ Դանիելյանը նշեց, որ Հովհաննես Ավագյանի աշխատանքային փորձը, հմտություններն ու մարդկային որակները բավարար են դատարանի նախագահի պարտականությունները պատշաճ կատարելու համար:

Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին և դատավորներին ներկայացրեց նորանշանակ դատավոր Արամ Մկրտչյանին:

Հայկ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ արդար դատաքննություն իրականացնելու իր հիմնական գործառույթն իրականացնելիս Արամ Մկրտչյանն ըստ պատշաճի կներդնի մասնագիտական գիտելիքներն ու որակները՝ բարձր պահելով ոչ միայն տվյալ դատարանի, այլև ամբողջ դատական իշխանության հեղինակությունը:

Միջոցառումից հետո դատարանների դատավորների հետ ևս կայացավ աշխատանքային քննարկում: Անդրադարձ եղավ դատական իշխանությանը վերաբերող ընթացիկ և առաջնային հարցերին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

20.07.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում տվյալ մասնագիտացման վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը: Եթե դատավորների առաջխաղացման ցուցակում առկա դատավորների թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական, քաղաքացիական և վարչական մասնագիտացման բաժիններում չի գերազանցում հաջորդ երկու տարում վերաքննիչ դատարանների թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը հաշվարկված թվով համալրելու անհրաժեշտության մասին:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինը սպառվել է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների առաջխաղացման ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու անհրաժեշտության մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինն սպառվել է, ուստի Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը որոշում է ընդունել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հաշվարկելով հաջորդ երկու տարվա ընթացքում վերաքննիչ դատարաններում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ դատավորների քանակը՝ արձանագրել է ՀՀ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը 2 (երկու) թեկնածուով համալրելու անհրաժեշտությունը:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`
1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.
2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն. 
3) իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն ութ տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում իրավունք դասավանդած կամ գիտական հաստատությունում գիտական աշխատանք կատարած անձը:

Հայտարարության հրապարակումից հետո երկշաբաթյա ժամկետում՝ մինչև սույն թվականի օգոստոսի 3-ը ներառյալ, վերը նշված պահանջներին համապատասխանող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակ ընդգրկվելու մասին դիմում:

Հայաստանի Հանրապետության 
բարձրագույն դատական խորհուրդ