Նորություններ

RSS
image

06.07.2018

ԿԱՅԱՑԵԼ Է ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 6-ին Բարձրագույն դատական խորհուրդն անցկացրեց իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր Վճռաբեկ դատարանում և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմումը և հաստատումը, ապա՝ ընտրությունը: Խորհուրդը զրույցի էր հրավիրել 3 ցուցակներում ընդգրված դատավորի 40 թեկնածուների:

 «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ և 132-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ Խորհրդի կողմից նախօրոք տարածվել էր հայտարարություն՝ Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների դատավորների թափուր տեղերը համալրելու նպատակով հավակնորդների ցուցակները կազմելու մասին:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 4 դիմում 1 թափուր տեղի համար, իսկ Վերաքննիչ դատարաններում՝ 36 դիմում, որոնցից 29-ը (22 դատավոր, 7 իրավաբան-գիտնական)` քաղաքացիական մասնագիտացման բաժնում, 7-ը (4 դատավոր, 3 իրավաբան-գիտնական)` քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով՝ համապատասխանաբար թափուր 4 և 2 տեղերի համար:

Քվեարկության արդյունքներով՝ ՀՀ վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուներից ոչ մեկը չհավաքեց անհրաժեշտ ձայներ:

ՀՀ վերաքննիչ դատարանների թափուր տեղերի համալրման համար կայացած գաղտնի քվեարկության արդյունքում՝ Խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ ստացան.

Քաղաքացիական մասնագիտացում.

1. Գաբրիելյան Նարեկ

2. Համբարձումյան Կարեն

3. Սերոբյան Դավիթ

 

Քրեական մասնագիտացում.

1. Հովհաննիսյան Լուսինե

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

02.07.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր:

Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս դատարաններ են այն միջին օղակը, որն ապահովում է արդարադատության իրացումը դատական եռաստիճան համակարգում:

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանն իր հերթին առաջարկեց դատավորներին առավել ակտիվ և նախաձեռնող լինել օրենքների նախագծերի քննարկումներում՝ տրամադրելով իրենց դիրքորոշումները:

Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի կողմից հաստատող տեսակետ հնչեց, որ դատավորների և դատարանների անկախությունը վարչական արդարադատություն իրականացնող մարմնի համար չափազանց կարևոր հարց է, և իրենք ողջունում են Բարձրագույն դատական խորհրդի հետևողականությունը՝ բացառելու ցանկացած սուբյեկտիվ միջամտություն: Առանձնակի կարևորվեց նաև կոռուպցիոն երևույթների դրսևորումների վերացումը արդարադատության ոլորտում:

Դատավորների կողմից բարձրացված հարցերն առավելապես վերաբերում էին դատարանների նյութատեխնիկական ապահովմանն ու դատական ծառայությունն առավել գրավիչ դարձնելուն:

Քննարկում-խորհրդակցությունից հետո, սահմանված ժամանակացույցի համաձայն, Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

1. Հովսեփ Բեդևյան 5
2. Արա Բաբայան 3
3. Աշոտ Սարգսյան 1
4. Արման Թովմասյան 1

Լրացուցիչ քվեարկություն կազմակերպվեց երկու` առավել ձայներ ստացած թեկնածուների միջև։ Արձանագրվեց հետևյալ արդյունքը.

1. Հովսեփ Բեդևյան 9
2. Արա Բաբայան 1

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի նախագահ ընտրվեց Հովսեփ Բեդևյանը։

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

29.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԵՐՄԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻՆ

Հունիսի 28-ին Բարձրագույն դատական խորհուրդն ընդունեց Գերմանիայի Դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և Գերմանիայի Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի նախկին նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին: Ներկա էին նաև ՀՀ վարչական և վարչական վերաքննիչ դատարանների նախագահները, վարչական մասնագիտացման դատավորներ:

«Այսօր դատական իշխանության կարևորագույն մարտահրավերներից է արդարադատության անհամաչափ օգտագործումը, ինչը հանգեցնում է ավելորդ ծախսատարության». այս կնճռոտ հարցի շուրջ էլ մեկնարկեց քննարկումը: Անդրադառնալով խնդրին՝ պրոֆեսոր Հարությունյանը նշեց, որ վարչական մարմնի նշանակված տուգանքի (մասնավորապես ՃՈ կողմից) վիճարկման գործեր քննելիս՝ պետությունը հաճախ մոտ տասն անգամ ավելի ծախս է կատարում ի համեմատ վիճարկվող տուգանքի, մանավանդ որ արդարադատական այդ գործընթացը կանխարգելիչ բնույթով էական ազդեցություն չի ունենում նմանօրինակ զանցանքների հնարավոր կանխման առումով:

Խնդրի լուծման իրենց տարբերակն առաջարկեցին գերմանացի փորձագետները՝ նշելով, որ միջազգային պրակտիկայում հաճախ ՃՈ ակտերի վիճարկման գործերը համարվում են փոքր քրեական գործեր և դուրս են վարչական դատարանի իրավասությունից կամ պարզ իրավախախտումների դեպքում բավարար է նախազգուշացում կիրառելը: Վարչական հաշտարարության ներդրումը ևս կնպաստի վարչական վեճերի արտադատական լուծմանը:

Փորձագետների համոզմամբ՝ օրենսդրության վերանայման կարիք ևս կա: Օրինակ, Գերմանիայում սոցիալական նպաստի գործերով վեճերի քննությունն անվճար է, մինչդեռ Հայաստանում՝ հակառակը, ՃՈ ակտերի վիճարկումն անվճար է, իսկ սոցիալական նպաստների վեճերով գանձվում է պետտուրք:

Ինչ վերաբերում է վարչական ակտերի բողոքարկման ինստիտուտին, գերմանացի փորձագետների ներկայացմամբ, միջազգային պրակտիկայում ցածր է բողոքարկման աստիճանը: Եվրոպական իրավունքի և պրակտիկայի տեսանկյունից` հաճախ բավարար է բողոքարկման մեկ կամ երկու ատյանը, այսինքն՝ կարելի է օգտվել սահմանափակ բողոքարկման դատավարական ինստիտուտից:

Կողմերն արձանագրեցին, որ անհրաժեշտ է ներդնել նաև վարչական բողոքարկման գործուն կառուցակարգ, և բողոքարկման հանձնաժողովում պետք է ներգրավված լինեն ոչ թե ոստիկաններ, այլ քաղաքացիական հասարակության և փաստաբանության ներկայացուցիչներ: Քննարկման առարկա դարձավ նաև վարչական դատավորների և ոստիկանների համար համատեղ սեմինարների կազմակերպումը, ինչը նրանց հնարավորություն կտա հստակ պատկերացնել, թե երբ է պետք տուգանել, երբ՝ նախազգուշացնել:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև վարչական արդարադատություն իրականացնելիս փոստային ծառայությունների ծախսատարության, ոչ օպտիմալ դատական տարածքների, ինչպես նաև վարչական արդարադատության հետագա զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ լուծումներ և օրենսդրական հնարավոր կարգավորումներ պահանջող հարցերին: 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

28.06.2018

ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐ, ԱՅԼԵՎ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԻԾ

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 28-ին հանդիպում և աշխատանքային քննարկումներ ունեցավ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների հետ:

Կարևորելով նման հանդիպումները հատկապես դատական իշխանության անկախության և արդարադատության արդյունավետության բարձրացման հիմնախնդիրների քննարկման տեսանկյունից՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հարությունյանն առանձնացրեց հատկապես երկու հիմնախնդիր:

Նախ՝ խելամիտ ժամկետներում գործի քննության երաշխավորումը և արդարադատության գործընթացի օպտիմալ կազմակերպումը: Երկրորդ՝ հետևողականությունն օրենսդրության պահանջների հստակ կատարման ուղղությամբ և անկախաբար արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ մշակույթի արմատավորումը:

Շեշտվեց նաև, որ 12-րդ դարում Մխիթար Գոշի «Դատաստանագրքում» կարևորվում էին ոչ միայն դատավորի հմուտ, գիտուն, օրենսգետ, անաչառ, անկաշառելի լինելու որակները, այլև նրա բարի, առաքինի, համբերատար լինելու հատկությունները: Դատավորի՝ նման որակներ ունենալու պահանջն այսօր էլ օրակարգային խնդիր է: Օրինակ՝ պատշաճ համբերատարության բացակայության վկայությունն է նաև այս օրերին համացանցում տեղակայված տեսանյութը՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատական նիստի առնչությամբ:

Բարձրագույն դատական խորհրդի անդամները և Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներն անդրադարձան նաև դատարանների ծանրաբեռնվածության, դատական կազմերի ձևավորման, օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտության և մի շարք այլ հիմնախնդիրների:

Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ նույն օրը Բարձրագույն դատական խորհուրդը կազմակերպեց նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի ընտրություն: Գաղտնի քվեարկության արդյունքներով ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.

1. Մարաբյան Սերգեյ - 1
2. Ռշտունի Վազգեն - 8
3. Սահակյան Տիգրան -1

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ ընտրվեց Վազգեն Ռշտունին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

25.06.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Հունիսի 25-ին տեղի ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքային հանդիպումը ՀՀ վարչական դատարանի դատավորների հետ:

Շնորհավորելով Վարչական դատարանի գործունեության 10-ամյակի կապակցությամբ՝ Խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց հանդիպման հիմնական նպատակը, անդրադարձավ առանցքային որոշ հարցադրումների:

Կարևորվեց դատարանների ծանրաբեռնվածության, նյութատեխնիկական ապահովման, օրենսդրական կարգավորումների հետ կապված խնդիրների լուծումը: «Մեր գերագույն խնդիրներից մեկը դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափումն է: Մեկնարկել է պիլոտային ծրագիր՝ պարզելու դատարանների ծախսատարության հարցը: Եվ այդ մեկնարկը տրվել է հենց Վարչական դատարանից: Մեր նպատակն է ոչ թե խնդրի մեխանիկական վերհանումը, այլ բովանդակային վերլուծության ենթարկելը: Անելու ենք ամեն ինչ՝ ունենալու առավել բարձր որակի վարչական արդարադատություն»,- նշեց Խորհրդի նախագահը:

Ուշադրություն հրավիրվեց նաև արդարադատության իրականացման հարցում դատարանների հիմնական առաքելության վրա: Գագիկ Հարությունյանը հատուկ ընդգծեց այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհուրդը չի փորձելու խոչընդոտել դատավորին արդարադատական գործառույթն իրականացնելիս, սակայն հետևողական է լինելու դատավորների վարքագծին՝ թե՛ սոցիալական ցանցերում և թե՛ քաղաքացիների հետ շփումներում:

«Հաջողության հասնելու մեր հիմնական բաղադրիչը միասնական գործելն է, և մեր ջանքերը պետք է միտված լինեն դատավորի հեղինակության, արդարադատության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը: Մշտադիտարկման շնորհիվ հնարավոր կլինի նաև գնահատել յուրաքանչյուր դրական ու բացասական շարժընթաց»,- եզրափակեց Գագիկ Հարությունյանը:

Քննարկմանն ակտիվ մասնակցություն ունեցան Բարձրագույն դատական խորհրդի անդամները, Վարչական դատարանի դատավորները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց մի շարք հրատապ հարցերով կազմակերպել հատուկ քննարկումներ՝ դրանց մասնակից դարձնելով նաև փորձագետների։

Օրակարգային հարցերի քննարկումից զատ նախատեսված էր նաև ՀՀ վարչական դատարանի նախագահի ընտրություն:

Բարձրագույն դատական խորհուրդը, առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածով, ՀՀ վարչական դատարանի 22 դատավորների կազմից դատարանի նախագահ ընտրեց Աղասի Դարբինյանին:

Առավելագույն ձայներ ստացել էին.

1. Դարբինյան Աղասի - 6 կողմ
2. Ղազարյան Արգիշտի - 3 կողմ
3. Սոսյան Գևորգ - 1 կողմ

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն