background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով սահմանադրի կողմից նախանշվեց նոր անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության առանձին հոդվածով հռչակվեց, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի դրույթներով ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ եռաստիճան դատական համակարգի միջոցով, և որպես այդ գործառույթի անարգել իրականացման երաշխավոր հանդես է գալիս Բարձրագույն դատական խորհուրդը:

Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորվում է ժողովրդի ներկայացուցչական մարմնի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված բարձր մասնագիտական որակներով օժտված հինգ հեղինակավոր իրավաբան գիտնական անդամից, ինչպես նաև դատական իշխանության ներկայացուցչական մարմնի՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված հինգ փորձառու դատավոր անդամից, որոնց ընտրության արդյունքում ապահովվում է բոլոր դատական ատյանների ներկայացվածությունը:

2018 թվականի փետրվարի 28-ին Ազգային ժողովի կողմից, իսկ 2018 թվականի մարտի 1-ին դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամները, որոնք 2018 թվականի մարտի 5-ին իրենց կազմից ընտրեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

2018 թվականի ապրիլի 9-ին Բարձրագույն դատական խորհուրդը ստանձնեց Սահմանադրությամբ և "Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք" Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով պատվիրակված իր լիազորությունները:

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների կենսագործման նպատակով սահմանված գործիքակազմը կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և "Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք" Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով ամրագրված Հայաստանի Հանրապետությունում նոր որակի եռաստիճան դատական համակարգի կայացումը և դատական իշխանության անկախության ամրապնդումը: