ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 175. Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները
1. Բարձրագույն դատական խորհուրդը`
1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.
4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին.
5) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը.
6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
7) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
8) լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը.
9) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
10) օրենքին համապատասխան ձևավորում է իր աշխատակազմը:
2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
3. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
4. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 89. |
Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները |
1. Բարձրագույն դատական խորհուրդը`
1) կազմում և հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ՝ առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ՝ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին.
3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին.
4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին.
4.1) օրենքով սահմանված դեպքում և կարգով նշանակում (առաջադրում) է Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչ (անդամ) մրցութային խորհուրդներում (մրցութային հանձնաժողովներում) և այլ մարմիններում.
5) լուծում է դատավորին մեկ այլ դատարան գործուղելու հարցը.
6) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
7) լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
8) լուծում է դատավորի լիազորությունների դադարեցման հարցը.
9) արձանագրում է դատավորի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը.
10) հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները.
11) իր և դատարանների բյուջետային հայտը ներկայացնում է Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար.
12) հաստատում է իր և դատարանների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և սահմանված կարգով ներկայացնում Կառավարություն.
13) բաշխում է դատարանների պահուստային ֆոնդի միջոցները.
14) լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը.
15) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը.
16) լուծում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները դադարեցնելու հարցը.
17) արձանագրում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման հիմք հանդիսացող հանգամանքի առկայությունը.
18) քննարկում է դատարանի կամ դատավորի անկախությունը վտանգող ցանկացած հարց և իրավասու մարմիններից պահանջում է հարցի լուծման ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ.
19) իրավասու պետական մարմիններին առաջարկներ է ներկայացնում դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման վերաբերյալ.
20) դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ տալիս է կարծիք.
21) հաստատում է դատական իշխանությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը դատարաններում շրջանառելու կարգը.
22) հաստատում է զանգվածային լրատվության միջոցների հետ իր և դատարանների փոխհարաբերության կանոնները.
23) հաստատում է դատարան փաստաթղթերի հանձնման, ըստ տեսակների՝ գործերի դասակարգման և դատարանների գործավարության այլ կանոններ.
24) Կառավարության համաձայնությամբ ավելացնում է առանձին դատարանների դատավորների թվակազմը, կրճատում է իր կողմից ավելացված դատավորների թվակազմը.
25) սահմանում է առաջին ատյանի դատարանների` սույն օրենսգրքով չսահմանված նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքը, հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը.
26) սահմանում է դատարանի նիստերի դահլիճի և դատավորի աշխատասենյակի տիպային կահավորման նկարագրությունը.
27) սահմանում է դատավորների ներքին աշխատանքային կարգապահության կանոնները, դատական կազմի բացակայող դատավորներին փոխարինելու կարգը.
28) սահմանում է գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետներ՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության.
29) սահմանում է դատավորի ծանրաբեռնվածությունը հաշվարկելու կարգը, ինչպես նաև դատավորի ծանրաբեռնվածության չափորոշիչները.
30) սահմանում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը.
31) հաստատում է Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և իրականացնում Դատական դեպարտամենտի հիմնադրի բոլոր լիազորությունները.
32) նշանակում և ազատում է Դատական դեպարտամենտի ղեկավարին.
33) Դատական դեպարտամենտի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը, ինչպես նաև սահմանում է Դատական դեպարտամենտի հաստիքների քանակը.
34) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն)
35) (կետն ուժը կորցրել է 21.01.20 ՀՕ-75-Ն)
36) հաստատում է դատական կարգադրիչների վերապատրաստում անցկացնելու կարգը.
37) դատական կարգադրիչների ուսուցման ծրագրերում ներառման նպատակով Արդարադատության ակադեմիա է ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ առաջարկություններ.
38) սահմանում է դատական կարգադրիչների ուսումնառության ժամաքանակը.
39) սահմանում է դատական կարգադրիչներին որպես խրախուսանք շնորհվող կրծքանշանների տեսակները և ձևերը.
40) սահմանում է դատական կարգադրիչի կրծքանշանի տեսակները և ձևերը.
41) սահմանում է դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը.
42) սահմանում է դատական կարգադրիչների ծառայությունում առաջին անգամ որպես դատական կարգադրիչ ծառայության անցնող քաղաքացիների երդման կարգը.
43) հաստատում է իր աշխատակարգը.
44) սահմանում է Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների շենքերի անցագրային կարգը և անվտանգության կանոնները.
44.1) դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գործընթացին փորձագետների մասնակցության անհրաժեշտության դեպքում սահմանում է փորձագետների ներգրավման կարգը և նրանց ներկայացվող պահանջները.
45) իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված այլ լիազորություններ:
2. Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 1-ին մասի 22-րդ, 25-րդ, 34-36-րդ, 41-րդ և 44-րդ կետերով նախատեսված իր լիազորություններն իրականացնելիս, ինչպես նաև մյուս լիազորությունների իրականացման ժամանակ նորմատիվ կարգավորում սահմանելիս ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
(89-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-181-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-75-Ն, լրաց. 25.03.20 ՀՕ-197-Ն, խմբ. 18.09.20 ՀՕ-441-Ն, 03.02.21 ՀՕ-265-Ն, լրաց. 14.04.21 ՀՕ-331-Ն)
(25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.02.21 ՀՕ-265-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(14.04.21 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)