Վերաքննիչ վարչական դատարան

Դատարանի մասին

Աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն են՝
1) վերաքննիչ քրեական դատարանը.
2) վերաքննիչ քաղաքացիական դատարանը.
3) վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան):

Դատարանն օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում վերանայում է առաջին ատյանի դատարանների` բողոքարկման ենթակա դատական ակտերը: Դատարանում գործերի քննության կարգը, ինչպես նաև վերաքննության սահմանները սահմանվում են օրենքով։

Դատարանում վարչական գործերով դատավարության կարգը սահմանված է ՙՀայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք՚ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով, իսկ դրանով նախատեսված դեպքերում՝ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով:

Դատարանը գործում է՝ առնվազն 10 դատավորի թվակազմով. Դատարանում առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ բողոքը քննվում է կոլեգիալ` երեք դատավորի կազմով, իսկ այլ դատական ակտերի դեմ բողոքները՝ միանձնյա, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Դատարանի դատական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է:

Դատարանի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:

Դատարանի նախագահը՝ ի լրումն դատավորի լիազորությունների՝
1) ապահովում է դատարանի բնականոն գործունեությունը, ներառյալ` վերահսկում են դատարանի աշխատակազմի գործունեությունը.
2) դատավորներին տրամադրում է արձակուրդ.
3) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
4) դատարանի բնականոն գործունեության ապահովման հետ կապված հարցերով դիմում է Բարձրագույն դատական խորհուրդ, Ընդհանուր ժողով և Ընդհանուր ժողովի հանձնաժողովներ.
5) դատավորի կողմից վարքագծի կանոնի առերևույթ խախտում հայտնաբերելիս այդ մասին համապատասխան հաղորդում է ներկայացնում Ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին (այսուհետ՝ Կարգապահական հարցերի հանձնաժողով).
6) իրականացնում է այլ լիազորություններ:

Դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար:

Օգնականը և գործավարը համարվում են դատավորին կցված դատական ծառայողներ, որոնք նշանակվում և ազատվում են դատավորի ներկայացմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Դատարանն ունի աշխատակազմ, որը Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումն է։ Աշխատակազմի իրավական վիճակն ու գործունեության կարգը սահմանվում են ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով։

Դատարանը գտնվում է քաղաք Երևանում՝ Թբիլիսյան խճուղի 3/9 (Երևանի լամպերի գործարանի հարևանությամբ) հասցեում:
Հեռախոս՝ (+374 10) 20-11-95