ՄԱՄՈՒԼՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԵՐԿՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

18.05.2018

image

1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 7.7-րդ հոդվածի համաձայն.

      1. Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

       2. Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:

Նկատի ունենալով, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի համար օրենքով ծառայողական առանձնատուն չէր նախատեսվել, իսկ վարչապետի հայեցողությանը չցանկանալով ապավինել, դեռևս 2018թ. ապրիլին, ԲԴԽ նախագահի պարտականություններն ստանձնելուց անմիջապես հետո, պարոն Հարությունյանը տեղեկացրել է ՀՀ նախագահի աշխատակազմին /որին ենթակա էր «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ը/, որ դուրս է գալիս այդ առանձնատնից:

Պարոն Հարությունյանի ընտանիքը գործնականում արդեն դուրս է եկել նախկինում իրեն հատկացված առանձնատնից: Այդ մասին պաշտոնապես տեղյակ է պահվել նաև նոր կառավարության աշխատակազմը, որի ենթակայությանն է ներկայումս հանձնված տվյալ ՊՈԱԿ-ը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ «Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից Դատական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 8-րդ մասը հստակ սահմանել է. «Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո՝ հնգօրյա ժամկետում, խորհրդի տարիքով ավագ անդամը հրավիրում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի ընտրած անդամներից ընտրվում է խորհրդի նախագահ»:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընտրվել է Դատական օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:

 

Բարձրագույն դատական խարհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կիսվել