Դատական իշխանության օրվան նվիրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ելույթը
13.01.2026
Մեծարգո պարոն Նախագահ,
Մեծարգո պարոն Վարչապետ,
Գործադիր և օրենսդիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի դատավորներ և դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Ձերդ գերազանցություն դեսպաններ և միջազգային հարգարժան գործընկերներ,
Ողջունելով բոլորին, շնորհակալություն եմ հայտնում խորհրդանշական այս օրը մեզ պատվելու և մեզ հետ անցկացնելու համար, ինչպես նաև շնորհավորում եմ և շնորհակալ եմ դատավորներին իրենց առաքելությունն իրականացնելու ու դատական ծառայողներին յուրաքանչյուր օր իրենց առջև դրված խնդիրները կատարելու և հանրությանը ծառայելու համար, որն ուղղված է արդարադատություն իրականացնելու միջոցով արդարության հաստատմանը:
Հունվարի 12-ը խորհրդանշական է այնքանով, որ հենց նշված գաղափարն է դրվել «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի հիմքում, երբ ամրագրվել են Հայաստանի Հանրապետության դատական համակարգի և դատարանների կազմավորման սկզբունքները։
Այդ տրամաբանությամբ ու գաղափարաբանությամբ է կատարվում ամենօրյա, հաճախ չերևացող, բայց բավական բարդ ու կարևոր աշխատանքը, որի հիմնական նպատակն է ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգի կայացումը՝ հասարակության նկատմամբ լիարժեք պատասխանատվության զգացումով:
Այսպիսի միջոցառումները և այս բարձրաստիճան համաժողովը դրա վառ ապացույցն են ու հիանալի հարթակ՝ առաջնահերթությունների մասին մտորելու, ձեռք բերված արդյունքները քննարկելու և հետևություններ անելու համար։
Անդրադառնալով բոլորին հուզող՝ ողջամիտ ժամկետում գործերի քննության խնդրին, հարկ է ներկայացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, որը յուրաքանչյուր տարի ավելանում է: Նշվածն ավելի ակնառու է դառնում, երբ տվյալները համեմատում ենք ընդամենը 3 տարի առաջ ունեցած տվյալների հետ:
Այսպես, քրեական գործեր քննող բոլոր դատարաններում 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ստացվել է շուրջ 4700 քրեական գործ, իսկ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ քրեական գործերի քանակն ավելի քան կրկնապատկվել է ու ավելացել շուրջ 150 %-ով, և արդյունքում դատարաններ մուտքագրվել է շուրջ 14.000 քրեական գործ: Ընդ որում, սա այն դեպքում, երբ 1-ին ատյանում պաշտոնավարում է ընդամենը 87 քրեական գործ քննող դատավոր, այսինքն՝ յուրաքանչյուր դատավորի հաշվարկով գործերի քանակը միջինում կազմում է 156։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ որոշ մարզերում այդ ցուցանիշն ավելի քան եռապատկվել է։
Օրինակ, Կոտայքի ու Արարատի և Վայոց Ձորի մարզերում գործերի քանակն ավելացել է շուրջ 300 %-ով, Արմավիրում՝ շուրջ 200 %-ով։ Այս դատարաններում՝ մեկ դատավորի կողմից տարեկան հաշվարկով ստացված գործերի քանակը կազմում է շուրջ 200 քրեական գործ, ունենք դատավորներ, ովքեր այս պահին վարույթում ունեն անգամ 300 գործ, այն դեպքում, երբ 2022 թվականին քրեական գործեր քննող դատավորների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 77 քրեական գործ: Ընդ որում՝ հարկ է նկատել, որ ներկայացված գործերի մեջ հաշվարկված չեն մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում ներկայացված միջնորդությունները, որոնց քանակը տարվա կտրվածքով հատում է 44.000-ը, որը 2024 թվականի համեմատությամբ աճել է շուրջ 49 %-ով (մեծամասամբ Երևան քաղաքում) և դրանց քննության մեծ մասն իրականացվում է հրատապ ռեժիմով, այդ թվում՝ ոչ աշխատանքային օրերին և ժամերին։ Այդուհանդերձ հարկ է նշել, որ 2025 թվականի ընթացքում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում ստացված, փոխանցված և ավարտված քրեական գործերից 10.322 գործով ունենք օրինակ ուժի մեջ մտած դատական ակտեր: Հատկանշական է նաև, որ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում և Հակակոռուպցիոն դատարանում մինչդատական վարույթի շրջանակում ներկայացված կալանքի միջնորդությունների թիվը կազմել է 4164, որից բավարարվել է 2430, այսինքն՝ ներկայացված միջնորդությունների 58.3 տոկոսը, նշվածից 654–ով կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը, իսկ 305–ով վարչական հսկողություն։
Իհարկե, Կառավարության հետ համատեղ 2023-2024 թվականների ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել իրավիճակը որոշակիորեն կառավարելի պահել, սակայն առավել քան արդիական է քրեական գործեր քննող դատավորների քանակի ավելացման հարցը:
Մեկ այլ համագործակցության հիանալի օրինակ է 2025 թվականին Ներքին գործերի նախարարության կողմից ձեռնարկված թիրախային ու գործուն միջամտությունը, որի արդյունքում կարգավորվել է ազատազրկված անձանց տեղափոխումների հարցը: Եվ, եթե նախկինում առաջնայնությունը տրվել է հիմնականում կալանքի ժամկետի քննարկման կամ անհետաձգելի դատավարական գործողությունների վերաբերյալ գործերով ուղեկցումներին, ինչն էլ իր հերթին կարող էր դատաքննության ժամկետների անհարկի ձգձգումների և գործերը ողջամիտ ժամկետում չքննելու առիթ դառնալ, ապա 2025 թվականի մարտ ամսից սկսած ապահովվում է ստացվող հայտերի գրեթե ամբողջական կատարումը, այն է՝ 98%-ը, 2024 թվականի 64%-ի փոխարեն: Այսպես, ընդհանուր 16․525 ձերբակալված և կալանավորված անձի վերաբերյալ ուղեկցման հայտերից ծանրաբեռնվածության պատճառով չի իրականացվել 2,7%-ը, այսինքն՝ չի կազմակերպվել 285 անձի ուղեկցում, նախկին՝ 5.581-ի փոխարեն:
Վարչական մասնագիտացված դատարանում ծանրաբեռնվածության խնդիրը նույնպես խնդրահարույց է և պահպանվում է գործերի ավելացման տենդենցը: Այսպես, 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ Վարչական դատարանում՝ գործերի քանակը կազմել է շուրջ 10.000, 2024 թվականին՝ 21.000, իսկ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ 2022 թվականի համեմատ այդ թիվն ավելի քան կրկնապատկվել է և դատարան է մուտքագրվել շուրջ 25.000 գործ, այսինքն՝ գործերի քանակը 2022 թվականի համեմատ աճել է 150 %-ով, 2024 թ.–ի համեմատ՝ 16.7 %-ով։ Ընդ որում, եթե 2022 թվականին 1 դատավորը միջինում քննում էր 411 վարչական գործ, ապա այժմ այդ թիվը հասել է շուրջ 1030-ի: Հատկանշական է, որ 2025 թվականի օգոստոսի 25-ից ներ է դրվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը և արդեն իսկ ստացված գործերի շուրջ 37 %-ը, այն է՝ 9301-ը, ստացվել է հենց այդ համակարգի միջոցով: Դրա հետ մեկտեղ, թեև նախաձեռնվել են օրենսդրական մի շարք փոփոխություններ, այնուամենայնիվ, վարչական մասնագիտացված դատարանում նույնպես առավել քան արդիական է դատավորների քանակի ավելացման հարցը:
Սնանկության մասնագիտացված դատարանում նույնպես առկա է դատավորների ծանրաբեռնվածություն և այս ոլորտում Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ Արդադատության նախարարության մեր գործընկերների հետ համապատասխան թվային լուծումների և օրենսդրական բարեփոխումների իրականացնելու միջոցով։
Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանին, ապա ինչպես գիտենք այն գործում է մոտ 3 տարի և, չնայած 2024 թվականի համեմատ նույնպես նկատվում է գործերի քանակի ավելացում շուրջ 40 %-ով, այնուամենայնիվ այն չի կարող համարվել բարձր ծանրաբեռնվածություն ունեցող դատարան, քանի որ յուրաքանչյուր դատավորի հաշվարկով միջին ծանրաբեռնվածությունը կազմում է քրեական գործերով՝ 36, իսկ քաղաքացիական գործերով՝ 81, ինչի արդյունքում հնարավորինս ապահովվում է տվյալ ոլորտի գործերի ողջամիտ ժամկետում քննությունը։ Հարկ է նկատի ունենալ նաև, որ Հակակոռուպցիոն դատարանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատական գործերի քանակն ավելացել է շուրջ 36 %-ով՝ կազմելով շուրջ 3100 գործ: Այս առումով կարևոր է նշել նաև, որ 2025 թվականի ընթացքում Հակակոռուպցիոն դատարանում ստացված, փոխանցված, ավարտված քրեական գործերից 175-ն օրինական ուժի մեջ են մտել, իսկ քաղաքացիական գործերից ուժի մեջ են մտել 93-ը, որից՝ 65-ը պետության գույքային շահերի պաշտպանության վերաբերյալ, իսկ 28-ը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործերով, որից 20-ն ավարտվել է հաշտության համաձայնությամբ, 8-ը՝ մերժվել է։
Դրական իմաստով բացառություն են կազմում քաղաքացիական գործեր քննող դատարանները, որտեղ 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ ստացվել է շուրջ 172.000, իսկ 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ շուրջ 29000 քաղաքացիական գործ, այսինքն՝ քաղաքացիական գործեր քննող դատարանները բեռնաթափվել են մոտ 84 %-ով, ինչը բոլորիս հայտնի օրենսդրական փոփոխությունների ու Կառավարության, Ազգային ժողովի մեր գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքն է:
Մասնավորապես 2022 թվականին քաղաքացիական գործ քննող դատավորը միջինում քննում էր շուրջ 2000 գործ, իսկ այսօր քննում է շուրջ 300: Ընդ որում, ինչպես հայտնի է 2024 թվականի փետրվարից գործարկվել է քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը, որի արդյունքում 2024 թվականին քաղաքացիական դատարանները ստացել էին 12.000-ից ավել քաղաքացիական գործ, ինչը կազմել էր ստացված գործերի 61 %-ը, իսկ արդեն 2025 թվականին համակարգի միջոցով ստացվել է շուրջ 21.000 քաղաքացիական գործ, որը 2025 թվականի ընթացքում ընդհանուր ստացված գործերի 75 %-ն է կազմում։
Միաժամանակ նկատենք, որ առաջին ատյանի դատարաններում ծանրաբեռնվածության աճն իր զգալի ազդեցությունն է ունեցել վերաքննիչ և վճռաբեկ ատյաններ ներկայացվող բողոքների քանակի ավելացման վրա՝ մեծացնելով նշված դատարանների ծանրաբեռնվածությունը: Այսպես, Վճռաբեկ դատարանի գրեթե բոլոր պալատներում 2024 թվականի համեմատ գործերի քանակը ավելացել է շուրջ 40 %-ով, բացառությամբ վարչական պալատի, որտեղ գործերի քանակը աճել է շուրջ 12 %-ով։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի բոլոր պալատներում, բացառությամբ հակակոռուպցիոն պալատի, 2025 թվականի ընթացքում ստացված բողոքների քանակը միջինում կազմել է 2600, իսկ հակակոռուպցիոն պալատում շուրջ 700։
Ինչ վերաբերում է վերաքննիչ ատյանին, ապա այստեղ նույնպես ունենք գործերի քանակի աճ, որը միջինում կազմում է մինչև 15 %, բացառությամբ հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող վերաքննիչ ատյանից, որտեղ գրանցվել է շուրջ 60 % գործերի աճ։ 2024 թվականի համեմատ նվազման միտում է գրանցվել Վերաքննիչ վարչական դատարանում և այն կազմել է շուրջ 8 %, այսինքն՝ գրեթե բոլոր վերաքննիչ ատյաններում բողոքների թիվը հասնում է 10.000–ի, բացառությամբ հակակոռուպցիոն վերաքննիչ ատյանի, որտեղ բողոքների թիվը կազմում է շուրջ 1600։
Ծանրաբեռնվածության խնդիրը լուծելու և միաժամանակ գործերը ողջամիտ ժամկետում քննելու հրամայականն ի կատար ածելու համատեքստում կարևոր է ընդգծել դեռևս ուժի մեջ չմտած, սակայն Արդարադատության նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում Կառավարությանը ներկայացված և հավանության արժանացած մի շարք դատավարական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթները, որոնցով առաջարկվում է.
- Սահմանել առաջին ատյանի դատարանում քաղաքացիական և վարչական գործերի քննության 6-ամսյա ժամկետ՝ դատարաններին ընձեռելով պատճառաբանված որոշմամբ դրանք երկարաձգելու հնարավորություն։
- Սահմանել, որ որպես ընդհանուր կանոն՝ դատական կազմի փոփոխության դեպքում գործի քննությունը պետք է շարունակել ընդհատման պահից, եթե բացակայում է այն նորից սկսելու անհրաժեշտությունը և նախկինում հետազոտված ապացույցները կողմերի համաձայնությամբ կարող են համարվել հետազոտված՝ իհարկե, որոշ բացառություններով։
- Հատկանշական է նաև նախագծերով առաջարկվող վարչական և քրեական դատավարությունում վերաքննության գրավոր ընթացակարգի ներդրումը՝ համապատասխան բացառություններով, ինչպես նաև վերաքննիչ բողոքների քննության հստակ ժամկետների և դրա երկարաձգման հնարավորության կարգավորումները:
- Առաջարկվել է սահմանել նաև, որ վարչական մարմինները մինչև 300.000 դրամ հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի հիման վրա կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտերը չեն կարողանա բողոքարկել վերաքննիչ դատարանում, որոնց քանակը ըստ 2025 թվականի տվյալների վերաքննիչ վարչական ատյանում կազմում է շուրջ 30 %։
Միաժամանակ, վերոնշյալից բացի՝ մշտական աշխատանքներ են տարվում նոր բարեփոխումների ուղղությամբ և այժմ ընթացիկ ուսումնասիրություններ ու հետազություններ են իրականացվում, որի արդյունքում, համոզված եմ, որ 2026 թվականի ընթացքում կունենանք նոր այլ նախաձեռնություններ, որոնք հնարավորություն կտան թոթափել դատարանների ծանրաբեռնվածությունը։
Սրա հետ մեկտեղ կարևորում ենք Կառավարության և Ազգային ժողովի մեր գործընկերների համատեղ աշխատանքը, այդ թվում՝ դատավորների քանակի ավելացման, օրենսդրական բարեփոխումների շարունակականության ապահովման հարցում: Եվ այդպիսի մի կարևոր խնդիր Կառավարության կողմից ձեռնարկված գործուն ջանքերի շնորհիվ լուծվեց 2024 թվականի հունվարի 1-ից, երբ դատավորների աշխատավարձը կրկնապատկվեց, արդյունքում՝ նոր նշանակված դատավորը շուրջ 600.000 ՀՀ դրամի փոխարեն սկսել է ստանալ մոտ 1 միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ: Վերջին տարիների ընթացքում բարձրացվել է նաև դատավորի օգնականի աշխատավարձը: Սակայն դատավորի գործավարի, քարտուղարի, կարգադրիչների և այլ ծառայողների մասով լուծված չէ և ավելի քան արդիական է մնում նրանց արժանապատիվ վարձատրության հարցը, չէ որ դատական ծառայողները, հաճախ մնալով ստվերում, իրականում կատարում են բավականին բարդ ու կարևոր աշխատանք՝ ստանալով ընդամենը 114.000 ՀՀ դրամ աշխատավարձ: Այսպես, միայն 2025 թվականին 176.000-ից ավել դատական նիստ է կազմակերպվել դատական ծառայողների կողմից, մասնավորապես՝ դատական կարգադրիչների և դատական նիստերի քարտուղարների անմիջական մասնակցությամբ:
Սակայն նկարագրված ծանրաբեռնվածության ու միաժամանակ ցածր աշխատավարձի պայմաններում վերջին երեք տարիների ընթացքում դատական համակարգը լքել է 1283 աշխատակից, որից 505-ը միայն 2025 թվականի ընթացքում։
Այս առումով դատական համակարգը կարծես թե մասնագիտական հմտություններով զինվելու և աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն է տալիս շատ երիտասարդների, որը դատավորից ու աշխատակազմից նույնպես պահանջում է մեծ ջանքեր ու ժամանակ, սակայն մշտական բնույթ կրող կադրային բարձր հոսունության պատճառով հնարավոր չի լինում պահպանել ստեղծված ռեսուրսը։ Այդ է պատճառը, որ կարևորում ենք դատական ծառայողների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումը, քանի որ դատական ծառայողի մասնավորապես, դատավորի օգնականի, գործավարի, քարտուղարի պրոֆեսիոնալիզմից է նաև կախված արդարադատության իրականացման որակը, այդ թվում նաև, գործերը ողջամիտ ժամկետում քննելը:
Միաժամանակ, կարևորելով դատական ծառայողների «որակը» Դատական դեպարտամենտի ղեկավարի հրամաններով հաստատվել են դատական ծառայողների վարքագծի կանոնները, դատավորների օգնականների պաշտոնների նորացված անձնագրերը, որոնց նպատակն է դատական ծառայողների մասնագիտական կոմպետենտությանը զուգահեռ ապահովել իրավական մշակույթի բարձր մակարդակը, անհրաժեշտ անձնական որակները և էթիկայի կանոնների պահպանումը:
Ի դեպ Բարձրագույն դատական խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացվել են նաև բազմաթիվ կազմակերպաիրավական հարցերին վերաբերող բարեփոխումներ, որոնք մեծամասամբ կատարվել են նաև Դատական դեպարտամենտի խնայողություններով: Այսպես,
- Վերջին մեկ տարում իրականացվել են շինարարական աշխատանքներ դատարանների՝ թվով 22 շենքերի պայմանների բարելավման ուղղությամբ։ Մասնավորապես, ՀՀ դատական համակարգի մի շարք վարչական շենքերում՝ միջազգային ստանդարտներին համապատասխան 30-ից ավել խցեր են վերանորոգվել, այդ թվում ապահովվել են հատուկ պայմաններ ազատազրկված անձանց և նրանց փաստաբանների տեսակցության համար: Վերանորոգվել են նաև տասնյակից ավել դահլիճներ, ինչպես նաև կատարվել է բակային հատվածների բարեկարգում, վարչական շենքերի նախասրահների, միջանցքների վերանորոգում և վարչական շենքերն ապահովվել են անհրաժեշտ կահավորմամբ, այդ թվում՝ մետաղորսիչ սարքերով, հակահրդեհային անվտանգության համակարգերով և այլն։
- Դատավորներն ապահովվել են լրացուցիչ նյութատեխնիկական հնարավոր բոլոր միջոցներով աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:
- Շարունակական աշխատանքներ են տարվում արդեն իսկ ներդրված թվայնացման գործիքների զարգացման և լավարկման ուղղությամբ, այդ թվում՝ մակագրման համակարգի լավարկման աշխատանքները՝ մարդկային գործոնը բացառելու համատեքստում, Արդարադատության նախարարության մեր գործընկերների օգնությամբ ակտիվ փուլում է սնանկության գործերով դատավարության թվայնացման փորձարկումները, ինչպես նաև արդեն իսկ գործող՝ քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության էլեկտրոնային համակարգերի լավարկման աշխատանքները, քննարկվում են դատական արխիվների թվայնացման ուղիները, ինչպես նաև ակտիվ աշխատանքներ են տարվում անձնական տվյալների պաշտպանության իրավական և գործնական հիմքերի ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակման ենթակա դատական ակտերի ապանձնավորման ավտոմատացված համակարգի ներդրման ուղղությամբ:
- Միաժամանակ միջազգային գործընկերների հետ միջոցներ են ձեռնարկվել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության և դատական իշխանության հեղինակության բարձրացման, այդ թվում՝ մեր շվեդ գործընկերների հետ համատեղ իրականացվել է ծրագիր՝ «դատական իշխանություն – հասարակություն» կամուրջի կառուցման ուղղությամբ, որի արդյունքում արդյունավետ քննարկումներ ենք ունեցել լրագրողների հետ և ծրագրում ենք նման ֆորմատներով քննարկումները շարունակական դարձնելու, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս կապակցությամբ կարևորում ենք նաև մեր բոլոր միջազգային գործընկերների մշտական և շարունակական աջակցությունը, այդ թվում՝ մեր օրենսդրության կատարելագործման համար Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության կողմից ցուցաբերած աջակցությունը: Հատկանշական է նաև Կանադայի Դաշնային դատական հարցերի հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությունը, որը նպատակ ունի հաշվի առնելով անչափահասների արդարադատության, թմրամիջոցներին առնչվող գործերի քննության առանձնահատկությունները և Կանադայի դրական փորձառությունը՝ լավարկել ՀՀ դատական պրակտիկան, այդ թվում՝ վերասոցիալականացման ծրագրերի փորձի կիրառմամբ:
Միաժամանակ, բացի օրենսդրությամբ բացառապես բոլոր դատավորների համար սահմանված՝ Արդարադատության ակադեմիայի կողմից կազմակերպվող պարտադիր վերապատրաստման ծրագրերից, միջազգային գործընկերների միջոցով տարբեր մասնագիտացումների և տարբեր ատյանների 168 դատավորներ անցել են վերապատրաստումներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում՝ բարձրացնելով դատավորի մասնագիտական կոմպետենտությունը, օրենսդրության խորքային իմացությունը, այդ թվում՝ վերլուծական հմտությունները, տեղեկատվության հետ աշխատելու ունակությունը և այլն:
- Եվ հենց այս համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդը դիտարկելով դատավորի կարգապահականպատասխանատվության ինստիտուտը նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ՝անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգինկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիք, 2025 թվականին քննելովդատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություններ կայացրելէ 16 որոշում, որից 2 դեպքում դատավորներիլիազորությունները դադարեցվել են, 4–ին հայտարարվել է խիստ նկատողություն, 1 դեպքումտրվել է նախազգուշացում կարգապահական տույժը, 1 դեպքում վարույթը կարճվել է և 6–ովկարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։
Բարձրագույն դատական խորհուրդը մշտապես կարևորել է օրենսդրությամբ սահմանված վարքագծի կանոնների պահպանումը, իրավունքի գերակայության սկզբունքի ապահովումը, որոնք առաջնային են ժողովրդավարական հասարակությանը հարիր դատական համակարգ ունենալու, հանրային վստահությունն ու իրավունքի գերակայությունն ամրապնդելու մեր բոլորի նպատակի իրագործման համար, քանի որ դատական իշխանությունը ժողովրդավարական հասարակարգի կարևորագույն ինստիտուտներից և մեր պետականության հիմնասյուներից մեկն է:
Կարևոր է, որ յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով և այս տոնական օրը ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր դատավորներին և դատական համակարգի բոլոր աշխատակիցներին իրենց աշխատանքի համար, առկա մարտահրավերները հաղթահարելու պատրաստակամության և անկախ, արդյունավետ ու հասարակության լիակատար վստահությունը վայելող դատական համակարգ ունենալու ուղղությամբ գործադրված ջանքերի համար:
Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլոր ներկաներին այս օրը մեր կողքին լինելու համար։