ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ
2015 թվականի դեկտեմբերի
6-ի հանրաքվեով ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության
փոփոխություններով ամրագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները Սահմանադրությանը և
օրենքներին համապատասխան:
Միաժամանակ ամրագրվել է,
որ դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են Սահմանադրական
դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով:
«Հայաստանի Հանրապետության
դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ գլխի
դրույթներով ամրագրվել է, որ Դատավորների ընդհանուր ժողովը դատավորների ինքնակառավարման մարմին է։
Դատավորների ընդհանուր ժողովը կազմված է Հայաստանի
Հանրապետության բոլոր դատավորներից, որոնք ի պաշտոնե Դատավորների ընդհանուր ժողովի
անդամներ են:
Որպես դատավորների
ինքնակառավարման մարմին՝ Դատավորների ընդհանուր ժողովը կոչված է ապահովելու
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական
օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված Հայաստանի Հանրապետության
դատարանների՝ ի դեմս դատավորների գործունեության արդյունավետ իրականացումը:
Հերթական
Ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին մեկ անգամ` Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից:
Արտահերթ Ընդհանուր ժողով կարող է հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահը՝ իր նախաձեռնությամբ,
դատավորների առնվազն մեկ հինգերորդի կամ Ընդհանուր ժողովի հանձնաժողովի պահանջով: Նախաձեռնողն
առաջարկում է օրակարգում ընդգրկվող հարցը:
«Հայաստանի Հանրապետության
դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածով ամրագրվել են Դատավորների
ընդհանուր ժողովի հիմնական
գործառույթները:
Դատավորների ընդհանուր
ժողովի հիմնական լիազորություններից է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի, ինչպես նաև Բարձրագույն
դատական խորհրդի դատավոր անդամների ընտրությունը:
Դատավորների ընդհանուր
ժողովի կարևոր լիազորությունների է նաև Էթիկայի և կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես
նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովներ ձևավորումը:
Յուրաքանչյուր հանձնաժողով
իր դատավոր անդամների կազմից հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ ընտրում
է հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը:
Գործառույթներ.
«Հայաստանի Հանրապետության
դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվել է Դատավորների ընդհանուր ժողովի հիմնական գործառույթները.
Դատավորների ընդհանուր ժողովը.
1) քննարկում և Բարձրագույն
դատական խորհուրդ և այլ իրավասու պետական մարմիններ է ներկայացնում դատարանների
գործունեության բարելավմանն ուղղված առաջարկություններ.
2) ձևավորում է Էթիկայի և
կարգապահական, Ուսումնական հարցերի, ինչպես նաև Դատավորների գործունեության
գնահատման հանձնաժողովներ և իր գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար՝
աշխատանքային խմբեր.
3) հաստատում է իր,
հանձնաժողովների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև աշխատանքային խմբերի
գործունեության կարգը.
4) ընտրում և առաջարկում է
Սահմանադրական դատարանի դատավոր անդամների թեկնածությունները.
5) ընտրում է Բարձրագույն
դատական խորհրդի դատավոր անդամներին.
6) հաստատում է դատավորի
պատմուճանի նկարագրությունը և տրամադրման կարգը.
7) սահմանում է դատավորի էթիկայի
կանոնները.
8) քննարկում է դատարանների
աշխատակազմերի տարեկան գործունեության վերաբերյալ Դատական դեպարտամենտի
հաղորդումը.
9) իրականացնում է այլ
գործառույթներ: