Երանուհի Թումանյանցը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շարունակականությունը
14.04.2026
ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը մասնակցել է ԱԳՆ-ում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ղեկավար կոմիտեի նիստին։
Նիստի հանդիսավոր բացումն իրականացրել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, նիստը համանախագահել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։
Նիստի ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման շրջանակում արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները, մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների, մարտահրավերների շուրջ։
Միաժամանակ նախանշվել են 2026 թվականին նախատեսվող գործողությունների ուղղությունները։
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցն ընդգծել է Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ իրականացված աշխատանքները՝ կարևորելով փորձագիտական աջակցությունը, ինչի շնորհիվ շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր իշխանությունների հետ համատեղ դատական իշխանությունը կարողացել է լուծել մի շարք հարցեր, այդ թվում քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածության հարցը:
Երանուհի Թումանյանցն ընդգծել է նաև ԵԽ կարևորությունը իրավական ակտերի փորձագիտական աջակցման հարցում՝ շեշտելով ծրագրի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։
Նա կարևորել է եվրոպացի գործընկերների դերը նաև Դատական դեպարտամենտի կարողությունների զարգացման, լավագույն փորձի փոխանակման հարցերում, այդ թվում դատական համակարգի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը բարձրացնելու համատեքստում:
Նիստին հաջորդել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար 2027–2030 թվականների գործողությունների ծրագրի առաջնահերթությունների նախանշմանը նվիրված քննարկում։
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց տեսլականը ապագա բարեփոխումների, ռազմավարական ուղղությունների և համագործակցության խորացման վերաբերյալ։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ։