ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
16.04.2026
Հիմք ընդունելով «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30.1-ին կետը, ինչպես նաև, հաշվի առնելով «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքի 10.1.-ին գլխի իրավակարգավորումները՝
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ
1. «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի հունվարի 16-ի ՀՕ-27-Ն օրենքով սահմանված էլեկտրոնային համակարգը (այսուհետ՝ Համակարգ) արդեն իսկ գործարկվել է https://e-bankruptcy.am/ ինտերնետային կայքի հասցեով:
2. Վերոնշյալ օրենքը, որի ուժի մեջ մտնելը պայմանավորված է էլեկտրոնային համակարգի գործարկմամբ, ուժի մեջ է մտնելու սույն հայտարարության հրապարկմանը հաջորդող տասներորդ օրվանից՝ 2026 թվականի ապրիլի 27-ից:
3. 2026 թվականի ապրիլի 27-ից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (դիմում, պահանջ, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն, հայցադիմում, բողոք և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) ներքոնշյալ սուբյեկտների կողմից՝
3.1. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները և արտոնագրված հաշտարարները.
3.2. ֆիզիկական անձինք, ովքեր սնանկության գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն կամ սնանկության գործով կառավարչին ուղղված դիմումի հիման վրա գրանցվել են էլեկտրոնային համակարգում և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել էլեկտրոնային համակարգից օգտվելու անհնարինության մասին:
4. Պարտատերերի ժողովը կարող է անցկացվել էլեկտրոնային համակարգի միջոցով, եթե ժողովին մասնակցելու իրավասություն ունեցող բոլոր անձինք հանդիսանում են էլեկտրոնային համակարգն օգտագործողներ։
5. 2026թ. ապրիլի 27-ից՝ սնանկության էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո Սնանկության դատարան ներկայացված դիմումների գործերով կայացված դատական ակտերը, ինչպես նաև դատական գործի ընթացքի և նիստերի վերաբերյալ հանրային հասանելիության տեղեկությունները հրապարակվելու են e-bankruptcy.am հարթակում:
ԿԱՊ
Սնանկության էլեկտրոնային համակարգին առնչվող հարցերով կարող եք կապ հաստատել հետևյալ միջոցներով.
1) Արդարադատության նախարարության էլեկտրոնային փոստի bankruptcy@moj.am հասցեով,
2) Արդարադատության նախարարության 85-00 հեռախոսահամարով,