ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ԷԹԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԱՏԱՎՈՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԵՔ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

22.05.2026

image

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-72-Ն սահմանադրական օրենքի ուժով՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) կազմված է լինելու տասնմեկ անդամից, որոնցից վեցը՝ դատավոր անդամներ, հինգը՝ դատավոր չհանդիսացող անդամներ: Վճռաբեկ դատարանի նախագահ Լ. Թադևոսյանի 2026 թվականի մայիսի 18-ի թիվ 44-Ա հրամանով 2026 թվականի հուլիսի 3-ին հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով:

Դատական դեպարտամենտը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Դատավորների ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք անդամների ընտրության համար թեկնածուներ ներգրավելու նպատակով հայտարարում է մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ):

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված թեկնածուներին ներգրավելու նպատակով Դատական դեպարտամենտը հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մեկական թեկնածու կարող են առաջադրել սույն հոդվածի 9.1-ին մասի պահանջները բավարարող ոչ առևտրային կազմակերպությունները։ Թեկնածուների կենսագրությունները և նրանց ներկայացրած կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքում։ Սույն մասով նախատեսված ոչ առևտրային կազմակերպություններին ներկայացվող պահանջները բավարարելու վերաբերյալ փաստաթղթերի ցանկը, որն առնվազն ներառում է ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրենց պետական գրանցման վկայականի, կանոնադրության, դիմելուն նախորդող հինգ տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված գործունեության տարեկան հաշվետվությունների և իր կանոնադրական նպատակների շրջանակում գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները ներկայացնելու պահանջ, մրցույթի անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Օրենսգրքի 77-րդ հոդվածի հոդվածի 9.1-րդ մասի և Որոշման Հավելված 1-ի 1-ին կետի համաձայն՝ Մրցույթին կարող են մասնակցել և Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող են առաջադրել այն ոչ առևտրային կազմակերպությունները (բացառությամբ պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կամ համայնքի կողմից հիմնադրված ոչ առևտրային կազմակերպությունների), որոնք՝

1) ստացել են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում.

2) Դատական դեպարտամենտի կողմից Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների ընտրության մրցույթի հայտարարության հրապարակման օրվան նախորդող հինգ տարիների ընթացքում իրենց կանոնադրական նպատակներում որպես գործունեության ուղղություն ներառել են ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության կամ դատական իշխանության ոլորտները և այդ ոլորտներում իրականացրել են փաստացի գործունեություն:

Օրենսգրքի 77-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու կարող է առաջադրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով, ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն, որևէ կուսակցության անդամ չէ, և նրա նկատմամբ առկա չեն սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները: Նախկին դատավորը չի կարող ընդգրկվել դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուների ցուցակում, եթե նրա լիազորություններն առաջադրվելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում դադարեցվել են կարգապահական խախտում թույլ տալու, կամ նրա լիազորությունները դադարել են նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: Ընդ որում, Հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը պարտավոր է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իր պարտականություններն ստանձնելու, դադարեցնելու և տարեկան գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրեր, ինչպես նաև հանձնաժողովի անդամ ընտրվելու օրվանից հետո մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը դատավոր չհանդիսացող անդամը չի կարող իրականացնել դատական ներկայացուցչություն Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, մասնագիտացված, վերաքննիչ դատարաններում և Վճռաբեկ դատարանում:

Որոշման Հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու (այսուհետ նաև՝ Թեկնածու) առաջադրելու համար ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1. Կազմակերպության կողմից Ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուի ընտրության նպատակով մրցութային հանձաժողովին (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով) հասցեագրված դիմում, որը պետք է ստորագրված լինի Կազմակերպության նախագահի կողմից և իր մեջ ներառի տեղեկություններ Կազմակերպության գտնվելու վայրի, ծանուցման համար էլեկտրոնային փոստի մասին, ինչպես նաև՝ պարունակի թեկնածուի անուն-ազգանունը։ Դիմումը պետք է ներառի նաև Կազմակերպության տեղեկացված լինելու և համաձայնության վերաբերյալ նշում՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների և Կազմակերպության վերաբերյալ տեղեկությունները դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու պահանջների մասին.

2.Կազմակերպության պետական գրանցման (հաշվառման) վկայականի կամ պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքի, կանոնադրության, ինչպես նաև դիմումի ներկայացմանը նախորդող հինգ տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտե ներկայացված գործունեության տարեկան հաշվետվությունների և իր կանոնադրական նպատակների շրջանակներում գործունեություն ծավալելու վերաբերյալ փաստաթղթերի պատճենները.

3. Թեկնածուի բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը.

4. Թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և էլեկտրոնային փոստի հասցեն.

5. Թեկնածուի 3x4 սմ չափսի երկու գունավոր լուսանկար.

6. Թեկնածուի կենսագրությունը և ծավալած գործունեության վերաբերյալ տեղեկությունները.

7.Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Կազմակերպության կողմից որպես թեկնածու առաջադրվելու և իր վերաբերյալ ներկայացված տեղեկությունները «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված կարգավորումների պահանջներին համապատասխան դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին.

8.Թեկնածուի գրավոր համաձայնությունը՝ Թեկնածուի վերաբերյալ պետական մարմիններից և պաշտոնատար անձանցից, Թեկնածուին ներկայացվող պահանջների համապատասխանության ստուգման սահմաններում, անհրաժեշտ անձնական տվյալներ ստանալու մասին.

9.Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Հայերենին տիրապետելու հանգամանքը հաստատվում է ուսումնական հաստատության կողմից տրված համապատասխան փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ, կամ տեղեկանք), որը վկայում է, որ անձը կրթություն է ստացել հայերենով կամ ավարտել է կրթական ծրագրով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունը և անցել ամփոփիչ ատեստավորում.

10. Բարձրագույն իրավաբանական կրթության՝ պահանջվող որակավորման աստիճանի առկայությունը հավաստող փաստաթղթի պատճեն.

11. Իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը կամ պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող ապացույց, այդ թվում՝ աշխատանքային պարտականությունները հավաստող պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր.

12. Նոտարական կարգով հաստատված բանավոր հայտարարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 112-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների բացակայության և Թեկնածուի՝ որևէ կուսակցության անդամ չլինելու մասին.

13. Նախկին դատավոր լինելու դեպքում՝ Դատական դեպարտամենտի կողմից տրված տեղեկանք՝ առաջադրվելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում կարգապահական խախտում թույլ տալու հիմքով նրա լիազորությունները դադարեցված չլինելու, ինչպես նաև նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով լիազորությունները դադարած չլինելու վերաբերյալ:

Դատավորների ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք անդամների թեկնածուների ընտրության Մրցույթը կազմակերպելու և անցկացնելու նպատակով Դատական դեպարտամենտի ղեկավարի 21.05.2026թ. թիվ 25 հրամանով ձևավորվել է Մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

 

1) ԱՐՈՒՍ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ - Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ (Մրցութային հանձնաժողովի նախագահ),

 

2) ՍՈՆԱ ԽԱԼԱՖՅԱՆ - Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ (Մրցութային հանձնաժողովի անդամ),

 

3) ՄԱՐՏԻՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ Դատական դեպարտամենտի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության Դատական պրակտիկայի վերլուծության բաժնի պետ (Մրցութային հանձնաժողովի անդամ),


4) ԱԼԼԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ - Դատական դեպարտամենտի Իրավական ակտերի մշակման և փորձաքննության վարչության Իրավական ակտերի մշակման և փորձաքննության մշակման բաժնի պետ (Մրցութային հանձնաժողովի քարտուղար):

 

Դատավորների ընդհանուր ժողովի Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք անդամների ընտրության համար թեկնածուներ ներգրավելու նպատակով Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հունիսի 1-ը առձեռն կամ փոստային եղանակով յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 09:00-ից 18:00-ն (ընդմիջման ժամ՝ 13:00-14:00) ներկայացնել ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով:

Լրացուցիչ հարցերի պարզաբանման համար կարող եք զանգահարել (010) 511 795,  (010) 511 823 հեռախոսահամարներով կամ նամակ ուղարկել info@court.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Կիսվել