ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
2025 թվականի ընթացքում Դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 04Լ որոշմամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացված գործունեության վերաբերյալ ամփոփումը ներկայացվում է ստորև.
2025 թվականի ընթացքում Հանձնաժողովը.
1. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման՝ ապահովել է.
- Հունգարիայի Հանրապետության Բուդապեշտ քաղաքում Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության դեպարտամենտի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Էլեկտրոնային արդարադատություն» թեմայով աշխատաժողովին՝ 2 դատավորի մասնակցություն,
- Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյ նահանգի Չիկագո քաղաքում Ամերիկայի Միացյալ Նահանգների Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ԹՀԻՊ գրասենյակի և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «Իրավական հիմնավորման և գրավոր ձևակերպման հմտությունները» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրին՝ 4 դատավորի մասնակցություն,
- Մոնղոլիայի Ուլան Բատոր քաղաքում կայացած Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի միջազգային առաջնորդության գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Դատական անկախության և դատարանների թվայնացման» թեմայով «Բաց աշխարհ» ծրագրին՝ 1 դատավորի մասնակցություն,
- Իտալիայի Թուրին քաղաքում Միջազգային աշխատանքային ստանդարտների ակադեմիայի կողմից կազմակերպված դասընթացին՝ 1 դատավորի մասնակցություն,
- Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կայացած՝ «Դատական ցանցի տարեկան համաժողով. դատական հաղորդակցության ամրապնդում» տարեկան համաժողովին՝ 2 դատավորի մասնակցություն,
- Շվեյցարիայի Հանրապետության Ժնև քաղաքում կայացած՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված՝ «2025 թվականի ՀՄՍԿ մտավոր սեփականություն» թեմայով դատավորների համաժողովին՝ 1 դատավորի մասնակցություն,
- Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ քաղաքում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ իրականացվող տարածաշրջանային ծրագրի՝ «Արդարադատության հասանելիություն կանանց համար․ Եվրոպայի խորհրդի գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության չափանիշների իրականացում» նախագծի շրջանակում Արևելյան գործընկերության երկրների արդարադատության համակարգերի շահառուների համար կազմակերպված համաժողովին՝ 1 դատավորի մասնակցություն,
- Կանադայում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և Կանադայի Դաշնային դատական գործերի հանձնակատարի գրասենյակի հետ համատեղ իրականացվող՝ «2025-2026 թվականների տեխնիկական աջակցության» (TAP–FJA հայաստանյան նախաձեռնություն) ծրագրի շրջանակում Ճանաչողական այցին՝ 3 դատավորի մասնակցություն,
- Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում կայացած՝ «The CEELI Institute» կազմակերպության կողմից կազմակերպված՝ «Դատական հաղորդակցությունը մեդիայի և հասարակության հետ․ դատական անկախություն և հասարակական վստահություն II» տարածաշրջանային աշխատաժողովին՝ 1 դատավորի մասնակցություն,
- Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում կայացած՝ Դելիի բարձրագույն դատարանի կողմից կազմակերպված Առևտրային դատարանների միջազգային ֆորումին՝ 2 դատավորի մասնակցություն:
2. Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի և Դատավորների ընդհանուր ժողովի 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 04Լ որոշման 2.2-րդ կետի՝ Հանձնաժողովը - Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի և դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով գնահատման 2 հանձնաժողովի կազմ 20 դատավորի թեկնածություն և դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրելու համար անցկացված որակավորման գրավոր քննության արդյունքների դեմ ստացված բողոքները քննելու նպատակով՝ բողոքարկման 1 հանձնաժողովի կազմ 5 դատավորի թեկնածություն:
3. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հանձնաժողովը - Արդարադատության ակադեմիա է ներկայացրել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինների 2025 թվականի ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր փորձաշրջանի կազմակերպման համար փորձաշրջանի 5 հիմնական ղեկավար:
4.Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթների՝ Հանձնաժողովը - Արդարադատության ակադեմիա է ներկայացրել դատավորների, դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների վերապատրաստման առարկայական կուրսերի և թեմաների վերաբերյալ առաջարկությունները 2026 թվականի ուսուցման ծրագրերում ներառելու նպատակով բոլոր մասնագիտացումներով՝ 249 առաջարկություն:
5.Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների՝ Հանձնաժողովը - Արդարադատության ակադեմիա է ներկայացրել 2026 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա 320 պաշտոնավարող դատավորի և 31 դատավորի թեկնածունի, ինչպես նաև՝ «Հրազենի գործադրման հմտություններ» հատուկ ուսուցման ծրագրին 65 դատավորի մասնակցության վերաբերյալ տվյալները:
6.2025 թվականի ընթացքում, համագործակցելով Արդարադատության ակադեմիայի և միջազգային կառույցների հետ, Հանձնաժողովն ապահովել է. - Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակում 2025 թվականի փետրվար-մարտ ամիսներին կազմակերպված՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցերի դատական կարգով պատշաճ քննությունը» թեմայով վերապատրաստման դասընթացներին՝ 46 դատավորի մասնակցություն,
- Արդարադատության ակադեմիայի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի շրջանակներում 2025 թվականի մարտ ամսին կազմակերպված՝ «Աշխատանքային իրավունքները որպես մարդու իրավունքներ» խորագրով HELP առցանց դասընթացին՝ 6 դատավորի մասնակցություն,
- Արդարադատության ակադեմիայի, Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» շվեդական ծրագրի շրջանակներում 2025 թվականի ապրիլ ամսին Ծաղկաձոր քաղաքում կազմակերպված՝ «Մեդիա հաղորդակցություն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացին՝ 20 դատավորի մասնակցություն.
- Արդարադատության ակադեմիայի և Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպանատան և «Էքսպերտիզ ֆրանս» միջազգային փորձագիտության գործակալության հետ համատեղ 2025 թվականի ապրիլ ամսին կազմակերպված՝ «Հայաստանում շրջակա միջավայրի դատական պաշտպանություն» վերտառությամբ միջինստիտուցիոնալ 3-օրյա դասընթացին՝ 6 դատավորի մասնակցություն,
- Հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2025 թվականի մայիս ամսին Ծաղկաձոր քաղաքում կազմակերպված՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար նախատեսված աշխատաժողովին՝ 31 դատավորի մասնակցություն:
- Արդարադատության ակադեմիան Եվրոպայի խորհրդի հետ համատեղ «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը» ծրագրի շրջանակներում 2025 թվականի հունիս ամսին կազմակերպված՝ «Մարդու թրաֆիքինգի դեմ պայքար» HELP առցանց դասընթացին՝ 3 դատավորի մասնակցություն,
- Արդարադատության ակադեմիայի և «Հայաստանում դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» շվեդական ծրագիրը Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ 2025 թվականի հունիս ամսին կազմակերպված՝ «Դատարաններում խտրականության արգելման և հավասար վերաբերմունքի ապահովման» թեմայով վերապատրաստմանը՝ 8 դատավորի մասնակցություն,
- Արդարադատության ակադեմիայի, Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» շվեդական ծրագրի շրջանակում 2025 թվականի նոյեմբեր ամսին Դիլիջան քաղաքում կազմակերպված՝ «Մեդիա հաղորդակցություն» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացին՝ 22 դատավորի մասնակցություն,
- Արդարադատության ակադեմիայի և Հայաստանի Հանրապետության հաշտարարների պալատի հետ համատեղ Արդարադատության ակադեմիայում կազմակերպված՝ «Պարտադիր հաշտարարության գործարկման առանձնահատկությունները, գործող կարգավորումները» վերտառությամբ առաջին միջոցառմանը՝ 8 դատավորի մասնակցություն:
7. «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Մարինա Նաումովսկայի և Հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում՝ դատավորների (դատավորների թեկնածուների) կարողությունների զարգացման և ուսումնական կարիքների բացահայտման նպատակով մշակվել են դատավորների կարիքների առավել արդյունավետ գնահատման և մշտադիտարկման մեթոդաբանությունը և դրա իրականացմանն ուղղված համապատասխան հարցաթերթիկները։
Արդյունքում, 2025 թվականին Հանձնաժողովի կողմից նախաձեռնվել է դատավորների կարիքների բացահայտման և գնահատման նոր ձևաչափի գործընթաց, որի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պաշտոնավարող բոլոր դատավորներին (դատավորների թեկնածուներին) է տրամադրվել դատավորների կարիքների բացահայտման և գնահատման նոր մեթոդաբանությամբ մշակված առցանց հարցաթերթիկ, որը հանդիսացել է արդյունավետ գործիք՝ անանուն և արագ կերպով վերհանելու դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց վերապատրաստման իրական կարիքները։
Հանձնաժողովը դատավորների կարիքների գնահատման արդյունքում ստացված տվյալներն ու ներկայացված առաջարկությունները մշակել և տրամադրել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդին՝ դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց 2026 թվականի վերապատրաստման դասընթացներն ու ուսուցման ծրագրերը վերհանված կարիքներին համապատասխանեցնելու նպատակով։
8.Հանձնաժողովը, համագործակցելով Արդարադատության ակադեմիայի հետ, իրականացրել է հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության ոլորտներում իրականացվող փոփոխությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման անհրաժեշտությունը գնահատելու և դատավորների իրական կարիքները բացահայտելու նպատակով առցանց հարցում: Նշված ոլորտում վերապատրաստման դասընթացների անհրաժեշտությունը գնահատելու նպատակով դատավորների կողմից լրացված հարցաթերթիկների ամփոփագիրը տրամադրվել է Արդարադատության ակադեմիային:
9.Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Վադիմ Ֆեֆիլովի կողմից «Ռուսաց լեզվի վարպետներ» ծրագրի շրջանակներում արդարադատության և իրավապահ ոլորտի ներկայացուցիչների համար ռուսաց լեզվի բարելավման դասընթացներ կազմակերպելու նպատակով Հանձնաժողովի կողմից Արդարադատության ակադեմիա են ներկայացվել դատավորներին հետաքրքրող և վերջիններիս կողմից մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում կիրառելի թեմաներ:
10. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների դատական համակարգի աշխատակիցների պատրաստման, վերապատրաստման և խորացված ուսուցման նպատակով անցկացված հանրային խորհրդի առցանց նիստին Բազային կազմակերպության հանրային խորհրդի անդամների հետ միասին Հանձնաժողովի կողմից ներկայացվել և ապահովվել է Հանձնաժողովի անդամների մասնակցությունը:
11.2025 թվականի ընթացքում Հանձնաժողովը հանդիպումներ է նախաձեռնել և անցկացրել հետևյալ կառույցների ներկայացուցիչների հետ.
- Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» Արևելյան գործընկերության երկրների համար 2023-2027 թվականների «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի ազգային ղեկավար Արման Զրվանդյանի և ԵԽ միջազգային փորձագետ Մարինա Նաումովսկայի առցանց հետ:
- Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահության ամրապնդման նպատակով» երկարամյա ծրագրի արտաքին գնահատում իրականացնող խմբի ղեկավար Գրեգ Մորանի առցանց և ազգային փորձագետ Հայկուհի Հարությունյանի հետ։
- Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Գործընկերություն հանուն լավ կառավարման» Արևելյան գործընկերության երկրների համար ծրագրի արդյունքները վերանայող անկախ փորձագետ Ջիանֆրանկո Դը Էրամոյինի հետ:
Հանդիպումների ընթացքում Հանձնաժողովն ընդգծել և կարևորել է դատավորների համար իրենց կարիքներից բխող վերապատրաստումների կազմակերպումը, կարողությունների ու հմտությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը, միջազգային փորձի փոխանակման կարևորությունը և այդ ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ակնկալիքներն ու հետագա աշխատանքների իրականացման գործընթացում Հանձնաժողովի կողմից աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը։