ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 24-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11.07.2022

image

Հարգելի՛ գործընկերներ,

 

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կազմավորման 24 ամյակը, ինչը ևս մեկ առիթ է վերաարժևորելու անցած ճանապարհը, որոշակիացնելու դատական համակարգի առջև ծառացած առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարական ճանապարհները, որոնք առաջիկա տարիների ընթացքում մեզ պետք է ավելի մոտեցնեն մեր պատկերացրած տեսլականին՝ ունենալ կանխատեսելի արդարադատություն, մարդու իրավունքների դատական պաշտպանության հուսալի կառույց՝ զերծ օրինականության պահանջների որևէ շեղումներից։

Գլոբալիզացիայի ժամանակաշրջանում, երբ իրավունքն այլևս լոկ օրենսդրական կարգավորում չէ, իսկ համաշխարհային զարգացումներն աննախադեպ արագությամբ փոփոխում են միջազգային իրավունքի էությունն ու բովանդակությունը, Վճռաբեկ դատարանը չի կարող հայրենական իրավունքի զարգացումը սահմանափակել օրենսդրական կարգավորումների տեխնիկական կիրառման շրջանակով։

Վճռաբեկ դատարանը միջազգային չափանիշների մեխանիկական տրանսպլանտացիա չի իրականացնում՝ արտասահմանյան երկրների օրենսդրական կարգավորումները նույնությամբ ներմուծելով հայրենական իրավակիրառ պրակտիկա, այլ ապահովում է այդ չափանիշների տեղայնացումը հայրենական իրավունքի ոգուն և էությանը համապատասխան՝ ուշադրություն դարձնելով ավանդական սկզբունքների վրա հիմնված ներպետական իրավունքի ներդաշնակ զարգացման ճարտարապետությանը։

Շարունակելով հավատարիմ մնալ իր սահմանադրական բացառիկ առաքելությանը, եռաստիճան դատական համակարգում լինելով Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը և ապահովելով նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառություն՝ Վճռաբեկ դատարանը ձևավորել և շարունակելու է արմատավորել ռոմանոգերմանական իրավական համակարգին պատկանող երկրում նախադեպային իրավունքի կիրառման ուրույն մշակույթ։

Այս ճանապարհին ունենք մեր առջև դրված գերխնդիր՝ կենդանի շունչ հաղորդել օրենսդրական կարգավորումներին, դրանք գործողության մեջ դնել այնպես, որ ապահովվի համակարգային կիրառման հարմոնիզացիան՝ ամեն օր փոփոխվող ու զարգացող միջազգային առաջադեմ չափանիշներին։

Կրելով Հայաստանի Հանրապետությունում կանխատեսելի արդարադատության միջավայր ձևավորելու պատասխանատվությունը՝ Վճռաբեկ դատարանի գործունեությունը միտված է իրավունքի զարգացմանը,  իրավակիրառ պրակտիկայի միասնականացմանն ու իրավունքի խախտումները վերացնելուն։

Այս առումով հարկ եմ համարում ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, առանցքային նշանակություն ունեցող մի շարք հարցերով արտահայտվել են միջազգայնորեն ընդունված սկզբունքների վրա հիմնված ուղենիշային իրավական դիրքորոշումներ՝ զարգացնելով ներպետական իրավունքը. դրանք ներառում են միջազգային մակարդակով առաջնային նշանակություն ունեցող հարցերով որոշումների կայացում, որոնք առնչվում են հազարավոր մարդկանց իրավունքներին և օրինական շահերին։

Ավելին, պակաս կարևոր չէ հիշատակել նաև ներպետական կարևոր նշանակություն ունեցող հարցերով մոտ մեկ տասնյակի հասնող դիմումների ներկայացումը ՀՀ Սահմանադրական դատարան, ինչպես նաև համապատասխան իրավական հարցով դիմումի ներկայացումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վերը ներկայացված աշխատանքն արտացոլվել է մի քանի տասնյակի հասնող դատական ակտերի կայացման շնորհիվ, որոնց հիմքում ընկած է երկրաչափական պրոգրեսիայի ձևով տարեցտարի աճող վճռաբեկ բողոքների թվաքանակը, որը մինչև վերջերս գործող երկու պալատների պարագայում, տարեկան հասնում էր շուրջ 4 հազարի։ Նշված աշխատանքը պահանջել է հսկայական ռեսուրսների կենտրոնացում, ուժերի գերլարում, որը հնարավոր է դարձել Վճռաբեկ դատարանի դատավորների և աշխատակազմի ամենօրյա տքնաջան աշխատանքի արդյունքում։

Թերևս երկար կարելի է պատմել վերջին ժամանակահատվածի մեր աշխատանքի մասին, սակայն, վերոգրյալի հետ մեկտեղ, կարևոր է խոսել առաջիկա տարիների ընթացքում Վճռաբեկ դատարանի առջև ծառացած նոր մարտահրավերների վերաբերյալ, որոնք անշուշտ անհրաժեշտ է լինելու գործնականում հաղթահարել։

Այսպես, մեր երկրի հիմնական օրենքով տրված բացառիկ առաքելության շրջանակներում, Վճռաբեկ դատարանը շարունակելու է ապահովել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը, ինչպես նաև վերացնել մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները՝ նոր օրենսդրական զարգացումների պայմաններում։

Ընդամենը օրեր առաջ Հայաստանի Հանրապետությունում քրեաիրավական ոլորտը թևակոխեց զարգացման նոր շրջափուլ, երբ միաժամանակ ուժի մեջ մտան ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերը, որոնց միասնական ու ներդաշնակ կիրառության ապահովումը լինելու է Վճռաբեկ դատարանի քրեական և հակակոռուպցիոն պալատների գործունեության առաջնային մարտահրավերը։ Առավել ընդարձակվելու է Վճռաբեկ դատարանի որոշումների դերակատարումը՝ որպես իրավունքի ծանրակշիռ աղբյուր՝ իրավակիրառ պրակտիկայում առաջացող հակասությունները բացառելու և անորոշությունները հաղթահարելու առումով։

Բացի այդ, կազմակերպական հարցերով ուժի մեջ մտած օրենսդրությամբ, Վճռաբեկ դատարանում քաղաքացիական ու վարչական պալատները բաժանվել են և ստեղծվել է նոր՝ մասնագիտացված վարչական պալատ՝ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելով իրավունքի նշված ճյուղերով նախադեպային որոշումների զարգացման հնարավորությունները։ Այս առումով Վճռաբեկ դատարանում նորաստեղծ վարչական պալատն առաջիկա տարիների ընթացքում պետք է Հայաստանում ձևավորի վարչական արդարադատության հարցերով նախադեպային իրավունքի կիրառման նոր մշակույթ, նոր խոսք ասի իրավունքի այդ բնագավառում՝ ապահովելով արդարադատության արդյունավետության նոր ցուցանիշներ։

Ավելին, նույն ճանապարհն ունի անցնելու նաև Վճռաբեկ դատարանում ստեղծված նոր՝ հակակոռուպցիոն մասնագիտացված թվով չորրորդ պալատը, որի առջև ծառացած մարտահրավերներն առավել ընդգրկուն են լինելու։ Մասնավորապես, դրանք ոչ միայն պայմանավորված են լինելու այն հանգամանքով, որ պալատը լինելու է նորաստեղծ, ունենալու է կառուցվածքային ուրույն մոդել, այլ նաև այն պատճառով, որ ամփոփելու է իր գործունեության մեջ համակարգման նոր ոլորտ՝ օրենսդրական նոր առանձնահատկություններով։

Այս առումով, հարկ է նշել, որ առկա է լինելու նաև ևս մեկ հատկանշական համակարգային գերխնդիր, այն է՝ կիրառման ենթակա օրենսդրական կարգավորումների ընդհանրությունների պայմաններում ապահովել այս նորաստեղծ պալատի և գործող մյուս պալատների իրավական դիրքորոշումների ներդաշնակեցումը՝ բարձրագույն դատական ատյանի մակարդակով իրավական որոշակիությունն ապահովելու համար։

Վերոգրյալի հետ մեկտեղ, արձանագրած մարտահրավերների հաղթահարման համար կարևոր է լինելու նաև Վճռաբեկ դատարանի աշխատակազմում լավագույն մասնագիտական կրթություն ստացած իրավաբանների շարունակական ներգրավումը, նոր հնարավորությունների ձևավորումը, դատավորների օգնականների և փորձագետների սոցիալական երաշխիքների առումով առկա կարգավորումների վերանայման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, աշխատակազմի անդամների պարբերական վերապատրաստումների ապահովումը, որը, առաջադրվող մարտահրավերների պայմաններում, հնարավորություն կընձեռի պահպանել և բարձրացնել նախադեպային որոշումների և կատարվող աշխատանքների որակական մակարդակի սահմանված նշաձողը, արդյունավետության ապահովման ու խնդիրների բարեհաջող լուծումները։

Միաժամանակ, պակաս կարևոր նշանակություն չունի նաև շարունակական համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, և մեր ամենօրյա գործունեության օրակարգը շարունակելու է ներառել իրավական դոկտրինների ու մարդու իրավունքների պաշտպանության նոր հայեցակարգային լուծումների մշակումը՝ ապահովելու համար իրավունքի գերակայության կենտրոնացված պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում։

Հարկ է փաստել, որ 2018 թվականի օգոստոսի 1-ից ի վեր նոր թափ ստացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Եվրոպայի խորհրդի անդամ երկրների բարձրագույն դատական ատյանների միջև համագործակցությունը, երբ ուժի մեջ մտավ Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը՝ նոր հարթակ ձևավորելով միջազգային և ազգային դատարանների համագործակցության համար։ Միջազգային դատարանից խորհրդատվական կարծիք ստանալու այս կառուցակարգը արդյունավետ նոր մակարդակի բարձրացրեց ազգային բարձր դատարանների և միջազգային դատարանի միջև համագործակցությունը՝ հնարավորություն ընձեռելով ազգային դատարաններին իրենց ներդրումն ունենալ Եվրոպական իրավակարգի պահպանության և իրավական արժեքների ձևավորման գործում։ Այս նոր հաղորդակցման խողովակով իրականացվող համագործակցությունը նաև հիմք է հանդիսանում ձևավորելու նոր իրավական մշակույթ, հայեցակարգային հիմքեր հաղորդելու եվրոպական արժեքների զարգացմանը։

Այս առումով պետք է նշեմ, որ 2022 թվականի ապրիլի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատը, Եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության շրջանակներում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դիմումի հիման վրա տրամադրել է խորհրդատվական կարծիք՝ խոշտանգման գործերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների կիրառման՝ միջազգային նշանակություն ունեցող խնդրի վերաբերյալ։ Ընդ որում, այդ խորհրդատվական կարծիքն իր նշանակությամբ դարձել է օրակարգային քննարկման առարկա թե՛ միջազգային հասարակական կազմակերպությունների շրջանում, թե՛ միջազգային ակադեմիական աշխարհում։

Պետք ընդունել, որ ինչպես բարձրագույն դատական ատյանի, այնպես էլ ողջ դատական իշխանության գործունեության վերաբերյալ ձևավորվող հանրային ընկալման ցուցիչն ուղիղ համեմատական է դատական իշխանության հեղինակության աստիճանին, հետևաբար ինչպես աշխարհի բոլոր առաջադեմ երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության զարգացման ռազմավարության օրակարգային հարցերից է հանրային վստահության ամրապնդումը, որը մշտապես պահանջում է իրավունքահեն միջավայրի ձևավորմանն ուղղված գործուն միջոցների ձեռնարկում ինչպես դատաիրավական բարեփոխումները համակարգող գործադիր և օրենսդիր իշխանության թևերի, այնպես էլ դատական իշխանության ներկայացուցիչների՝ դատավորների կողմից։

Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ միջազգային չափանիշների համաձայն՝ հանրային վստահության համեմատաբար բարձր մակարդակ ակնկալող դատական իշխանության մոդելը հիմնված է երեք հիմնասյուների վրա՝

ա) անկախություն և անկողմնակալություն,

բ) հաշվետվողականություն ու թափանցիկություն,

գ) ողջամիտ ժամկետներում գործերի քննության իրականացում։

Միայն դրանց ապահովմամբ կարող է իրողություն դառնալ իրավունքի գերակայության վրա հիմնված լեգիտիմ դատական իշխանության գոյությունը։

Անկախությունը դատական իշխանության անօտարելի հատկանիշներից է, ինչը բխում է իրավունքի գերակայության և այն անձանց շահերից, որոնք օգտվում են արդարադատությունից և ակնկալում են ստանալ այնպիսի վերջնական լուծումներ, որոնք ամփոփված կլինեն արդարադատությամբ բովանդակված դատական ակտերում։

Դատական իշխանության անկախությունը վերացական հասկացություն չէ, այն արդարադատության արդյունավետ իրականացման նախադրյալն ու երաշխիքն է,  իրավունքի գերակայության նախապայմանը։

Վճռաբեկ դատարանի գործունեության հաշվետվողականության ապահովման վստահելի գործիքներից են Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ժողովածուները, որոնց հրատարակումը կյանքի է կոչվում նաև մեր միջազգային գործընկերների հետ համագործակցության շրջանակներում, ինչն իր հերթին թափանցիկության, այդ թվում՝ կառուցողական փոխգործակցության համար մշտապես պատրաստ լինելու վկայությունն է։ Ավելին, ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր միջազգային գործընկեր՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության շրջանակներում, շուտով կգործարկվի Վճռաբեկ դատարանի կայքէջը, որը կդառնա բացառիկ գործիք՝ նոր շունչ հաղորդելու Վճռաբեկ դատարան-հասարակություն փոխգործակցությանը՝ հանրային իրազեկման ճանապարհով ակնառու դարձնելով թափանցիկ և հաշվետու աշխատելու՝ մեր որդեգրած քաղաքականությունը։

Դատական իշխանության հանդեպ հանրային վստահության ապահովման կարևորագույն հենասյուներից է նաև ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովումը, որն այն աստիճանի է փոխկապակցված դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բաղադրիչի հետ, որ դժվար է պատկերացնել այդ ցացանիշի աճ՝ ողջամիտ ժամկետի պահանջի խախտման պայմաններում։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը երբևէ չի կարող տեղի ունենալ պակաս հաշվետվողականության և թափանցիկության ապահովման հաշվին, գործի ըստ էության քննության արդյունքում կայացված դատական ակտը կառուցելով ձևաթղթային պատճառաբանությունների վրա։ Մյուս կողմից էլ, կարևոր է գործի քննության տևողությամբ «չսպառել» իրավական պաշտպանություն հայցողի իրավական հետաքրքրությունը գործի ելքի նկատմամբ։ Ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովման անհրաժեշտությանն ու գնահատման չափանիշներին, իր նախադեպային որոշմամբ անդրադարձել է նաև Վճռաբեկ դատարանի քրեական պալատը առաջին անգամ արձանագրելով տուժողի՝ արդար դատաքննության իրավունքի խախտման փաստը։

Վերը թվարկված երեք հիմնասյուների շուրջ է պտտվում դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության շրջագիծը։ Պետք է արձանագրել, որ նշված երեք հիմնասյուները կազմում են հանրային վստահության ապահովման առանցքն ու շարժիչ ուժը։ Այս առումով հատուկ խնդիր ունի Վճռաբեկ դատարանը՝ որպես բարձր դատարան։

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի կազմավորման 24-րդ ամյակի կապակցությամբ, լիահույս եմ, որ վերը մատնանշված մարտահրավերների հաղթահարմամբ մենք ավելի կմոտենանք մեր տեսլականին՝ կանխատեսելի արդարադատության հայեցակարգի զարգացմամբ կերտելով իրավունքահեն միջավայր մեր երկրում՝ ապահովելով առաջընթաց դատական բարձր ատյանի ամենօրյա գործունեության մեջ։

 

 

Հարգանքով՝

 

ԼԻԼԻԹ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ,

ՀՀ վաստակավոր իրավաբան,

իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր