ԲԴԽ-35-Ո-72 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

31.03.2022

                                                                                                                        Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                                         ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

                                                                 ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները։

 Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուսով, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին: Նշված քանակի մեջ չեն հաշվարկվում դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված այն անձինք, որոնք իրենց նշանակման առաջարկության վերաբերյալ հայտնել են անհամաձայնություն հղիության և ծննդաբերության, նորածնի որդեգրման կամ նորածնի խնամակալ նշանակվելու հետ կապված արձակուրդում լինելու պատճառով: Դատավորների թեկնածուների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը յոթական թեկնածուով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուական թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

Օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Արդարադատության ակադեմիայում ուսուցումն ավարտած դատավորների թեկնածուների հավակնորդներին ներառում է դատավորների թեկնածուների ցուցակներում՝ ըստ համապատասխան մասնագիտացումների:

 Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-73-Ո-172 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված քրեական մասնագիտացման բաժնի թեկնածուներից՝ 12-ը, 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ ԲԴԽ-21-Ո-32 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածուներից 10-ը և քրեական մասնագիտացման բաժնի թեկնածուներից 11-ը, ինչպես նաև 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ ԲԴԽ-21-Ո-33 որոշմամբ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնի թեկնածուներից 11-ը և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի թեկնածուներից 5-ը, Արդարադատության ակադեմիայում ուսուցումը դեռ չեն ավարտել, ուստի նրանք որպես դատավորի թեկնածուներ չեն կարող ընդգրկվել կատարվելիք հաշվարկում:

Ներկայիս դատավորների թեկնածուների ցուցակում՝ ըստ համապատասխան մասնագիտացման բաժինների, ընդգրկված են քրեական մասնագիտացման՝ 0 թեկնածու, քաղաքացիական մասնագիտացման՝ 2 թեկնածու, իսկ վարչական մասնագիտացման` 2 թեկնածու:

Հարկ է նշել, որ առաջին ատյանի դատարաններում առաջիկա երկու տարում (31.03.2022-31.03.2024թթ.) թոշակի է անցնելու քաղաքացիական գործեր քննող 4, քրեական գործեր քննող 3 և վարչական գործեր քննող 0 դատավոր:

Ամփոփելով վերոգրյալը` Խորհուրդն արձանագրում է, որ 31.03.2022-31.03.2024թթ. առաջին ատյանի դատարաններում կանխատեսվում է դատավորի 7 թափուր հաստիքի առաջացում:

Բացի դրանից, ներկա պահին առաջին ատյանի դատարաններում առկա են դատավորի 11 թափուր հաստիքներ, որից 9-ը՝ քրեական, 1-ը՝ քաղաքացիական և 1-ը՝ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժնի ռեզերվային տեղ:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժիններում առկա թեկնածուների քանակը չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը գերազանցում է հաջորդ երկու տարում կանխատեսվող թափուր հաստիքների քանակը երկուսով, ուստի անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակի միայն քրեական, քաղաքացիական մասնագիտացման բաժինները և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը:

Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտ է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը համալրել 19, քաղաքացիական մասնագիտացման բաժինը՝ 10, իսկ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինը՝ 1 թեկնածուով՝ հիմքում դնելով հետևյալ հաշվարկը.

           - քրեական մասնագիտացում - (9 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ/ + 3 /31.03.2022 - 31.03.2023թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 0 /31.03.2023 – 31.03.2024թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 7 / Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) – 0 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/ = 19):

- քաղաքացիական մասնագիտացում - (1 /ներկայումս առկա թափուր պաշտոնների քանակ/ + 2 /31.03.2022 - 31.03.2023թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 2 /31.03.2023 – 31.03.2024թթ. կանխատեսվող թափուր պաշտոնների քանակ/ + 7 / Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/) – 2 /ներկա պահին դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակ/ = 10):

- հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժին - (1 /Օրենքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջ/:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասը և 95-րդ հոդվածի 2-րդ մասը` Բարձրագույն դատական խորհուրդը

 

                                                                                                                                  Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է

 

      1. Հաստատել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտ թվաքանակը, համապատասխանաբար`

  •  քրեական մասնագիտացման բաժին` տասնինը (19) թեկնածու,
  •  քաղաքացիական մասնագիտացման բաժին՝ տասը (10) թեկնածու,
  •  հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժին՝ մեկ (1) թեկնածու:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

      ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

        ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ

            ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                        Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

                 

               2022թ. մարտի 31

                      ք. Երևան

Ֆայլ