ԲԴԽ-36-Ո-32 Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳՈՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20.04.2026
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատավորների թեկնածուների ցուցակի համալրումն իրականացվում է ըստ քրեական, քաղաքացիական, վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացումների: Քաղաքացիական մասնագիտացման բաժնում ներառվում է նաև սնանկության մասնագիտացումը: Հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնում ներառվում են կոռուպցիոն հանցագործությունների քննության և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության ենթաբաժինները:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով նաև դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը, համապատասխան մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը և այլ այնպիսի հանգամանքներ, որոնք հանգեցնում կամ կարող են հանգեցնել դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության: Համալրումը կարող է իրականացվել համալրման ենթակա տեղերի քանակով՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում, կամ առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դատավորների թեկնածուների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացման բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը չորսով, իսկ վարչական և հակակոռուպցիոն մասնագիտացման բաժիններում՝ երկուսով, ապա Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնի համալրման անհրաժեշտության մասին:
Օրենքի 110.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` Դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան բաժինը լրացնելու նպատակով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտության մասին, որի դեպքում անձն ընդգրկվում է դատավորների թեկնածուների ցուցակում՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսուցում անցնելու:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնում առկա թեկնածուների քանակը, նշված մասնագիտացման դատավորների առկա և կանխատեսվող թափուր պաշտոնների քանակը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ ԲԴԽ-46-Ո-90 որոշման հիման վրա մեկնարկած՝ քրեական մասնագիտացման բաժնի համալրման գործընթացը սույն տարվա ընթացքում ըստ էության ավարտելու անհնարինությունը, հատուկ կարգի որակավորման ստուգում անցկացնելու պարագայում ցուցակը սեղմ ժամկետում համալրելու հնարավորությունը և ղեկավարվելով Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 95-րդ հոդվածի 2-րդ մասով, 110.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Արձանագրել, որ առկա է դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժինը, առանց համալրման ենթակա տեղերի քանակի սահմանափակման, համալրելու նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգում անցկացնելու անհրաժեշտություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
2026թ. ապրիլի 20
ք. Երևան
Ֆայլ