background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

16.11.2022

image

Հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի «Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման անհրաժեշտության մասին» 2022թ. նոյեմբերի 14-ի թիվ ԲԴԽ-108-Ո-340 որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել հրապարակել առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և վարչական մասնագիտացման բաժինները համալրելու վերաբերյալ հայտարարություն՝ առանց տեղերի քանակի սահմանափակման:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել`

1) համապատասխան մասնագիտացման առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն ունեցող դատավորը, որը չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի դատավորի առնվազն հինգ տարվա փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին ութ տարիների ընթացքում առնվազն վեց տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 10 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 8 տարվա փորձառություն:

Օրենսգրքի 123-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարեցվել կարգապահական խախտում թույլ տալու կամ նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով:

Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի և 3-րդ կետի պահանջներին բավարարող անձինք դիմումին կցում են նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը:

Օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք ունեն վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը կազմելիս հաշվի է առնում վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները, իսկ դատավորի համար նաև գործունեության գնահատման արդյունքները:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կիսվել