Արդյոք դատավորը թույլ է տվել ժամկետների խախտումներ. ԲԴԽ-ի որոշումը կհրապարակվի հունվարի 26-ին
18.01.2023
Այսօր՝ հունվարի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից ենթադրաբար թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 125-րդ հոդվածի 3-րդ մասի, 166-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, այն է՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերը տրամադրել է պատասխանողին նախքան հայցի ապահովման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման կատարումը, հաջորդիվ վերոնշյալ փաստաթղթերը պատասխանողներին է տրամադրել սահմանված ժամեկտից շուրջ 7 ամիս անց, որով պայմանավորված նշված ժամկետով ուշ է նշանակել և հրավիրել նախնական դատական նիստ, որպիսի պայմաններում կատարված խախտումները նաև հանգեցրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգրքի) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման:
Լսելով կողմերին՝ Խորհուրդը հայտարարեց գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:
Այն կհրապարակվի հունվարի 26-ին, ժամը՝ 12:00-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: