ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարության միջնորդությունը. դատավոր Դավիթ Սարգսյանի կողմից թույլ տրված խախտումը նվազ կարևորության է
12.06.2023
Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարարության
միջնորդությունը՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի
դատավոր Դավիթ Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,
որոշեց մերժել այն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ, ըստ վարույթ հարուցող մարմնի, դատարանը
կիրառված համաձայնության վարույթի շրջանակներում մեղադրյալին մեղավոր ճանաչելով
հանցագործության կատարման մեջ նշանակել է պատիժ ազատազրկման ձևով և նշանակված պատիժը
չկիրառելով նշանակել է փորձաշրջան, սակայն տվյալ դեպքում դատարանն իրավազոր չէր նշանակել
նշված պատժատեսակը, քանի որ մեղադրյալն առաջին անգամ էր ոչ մեծ ծանրության հանցագործություն
կատարել և նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ առկա չի եղել:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ դատավորի կողմից թույլ տրված արարքը թեև
ձևականորեն պարունակում է Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական
պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով
կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր
էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը: