Դատավոր Մուրադ Հովակիմյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի. ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարության միջնորդությունը
12.06.2023
Բարձրագույն դատական խորհուրդը քննելով Արդարադատության նախարարության
միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական
դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու
վերաբերյալ, որոշեց մերժել այն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ ըստ վարույթ հարուցող մարմնի, դատարանը
գործով կայացված թվով 3 որոշումների հիման վրա կազմված կատարողական թերթերը կողմին է
տրամադրել օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ, իսկ դատարանի մեկ այլ որոշման հիման վրա
կազմված կատարողական թերթը տրվել է որոշումը կայացնելուն հաջորդող 57-րդ օրը, այն դեպքում,
երբ անհապաղ կատարման ենթակա դատական ակտի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տրվում
է անհապաղ:
Միևնույն ժամանակ խորհուրդը հարկ է համարում պարզաբանել, որ դատավորի կողմից թույլ տրված արարքը
թեև պարունակում է Օրենսգրքով սահմանված դատավորին կարգապահական պատասխանատվության
ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի
դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող
հեղինակազրկել դատական իշխանությունը: