ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

02.10.2023

image

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում առկա է դատավորի թվով 2 թափուր հաստիք և 2023 թվականի հուլիսի 7-ին հրապարակված «Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտության վերաբերյալ» հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել, ուստի ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 8-րդ մասով՝ անհրաժեշտություն է առաջացել կրկին հայտարարություն հրապարակել Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակը համալրելու համար:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում կարող են ընդգրկվել քառասուն տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով՝

1) համապատասխան մասնագիտացման դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

2) վերջին 10 տարվա ընթացքում պաշտոնավարած նախկին դատավորը, որն ունի առնվազն 10 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն, որից առնվազն հինգը՝ դատավորի փորձառություն.

3) այն անձը, որը՝

ա) ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան և վերջին 10 տարիների ընթացքում առնվազն 8 տարի բարձրագույն ուսումնական հաստատությունում դասավանդել է իրավունք կամ գիտական աշխատանք է կատարել գիտական հաստատությունում, կամ

բ) ունի վերջին 12 տարվա ընթացքում մասնագիտական աշխատանքի առնվազն 10 տարվա փորձառություն:

Նույն հոդվածի 3-6-րդ մասերի համաձայն՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-3-րդ կետերում նշված անձն իրավունք ունի ընդգրկվելու դատավորների թեկնածուների ցուցակում, եթե բավարարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձի դեպքում նրա լիազորությունները չեն դադարել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցվելու հիմքով: (…):

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին կարող են դիմում ներկայացնել Բարձրագույն դատական խորհուրդ:

Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում նշված անձը դիմումին կցում է բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկը:

Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված անձը դիմումին կցում է սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձը՝ նաև նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված անձինք դիմումին կցում են սույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը, իսկ 3-րդ կետի «ա» ենթակետում նշված անձը նաև՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթը, ինչպես նաև գիտական աշխատությունների և հրապարակումների ցանկը:

Միաժամանակ տեղեկացվում է, որ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ անձն ունի Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու իրավունք՝ անկախ դատավորների թեկնածուների՝ այլ ցուցակում ընդգրկված լինելու հանգամանքից:

Վերը նշված չափորոշիչներին համապատասխանող անձինք կարող են սահմանված կարգով իրենց փաստաթղթերը ներկայացնել Դատական դեպարտամենտ (հասցեն՝ ք. Երևան, Կորյունի 17, հեռ. (010) 511 816, 511 819)՝ սույն հայտարարության հրապարակման պահից երկշաբաթյա ժամկետում՝ մինչև 2023 թվականի հոկտեմբերի 17 ներառյալ:

 

Բարձրագույն դատական խորհուրդ

 

Կիսվել