background

Հայաստանի Հանրապետության Դատական Իշխանություն

պաշտոնական կայք

Որոնում

ԻՐԱԶԵԿՈՒՄ ՀՀ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

31.01.2024

image

Ինչպես արդեն իսկ հայտնել էինք, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերին կատարված փոփոխության ուժով՝ 2024 թվականի փետրվարի 1-ից ՀՀ դատարաններում նոր մուտքագրվող քաղաքացիական գործերն ամբողջությամբ վարվելու են էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, https://cabinet.armlex.am ինտերնետային կայքի հասցեով գործարկված էլեկտրոնային համակարգի (այսուհետ նաև՝ Համակարգ) միջոցով:

Մասնավորապես, 2024 թվականի փետրվարի 1-ից սկսած՝ նոր քաղաքացիական գործերով դատարան ներկայացվող բոլոր դատավարական փաստաթղթերը պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան:

Այդպիսի փաստաթղթեր են օրինակ՝ հայցադիմումը, դիմումը, բողոքը, պատասխանը, դիրքորոշումը, միջնորդությունը և այլն: Ինչ վերաբերում է վերոնշյալ և այլ դատավարական փաստաթղթերին կցվող փաստաթղթերին, ապա դրանք նույնպես ներկայացվում են Համակարգի միջոցով՝ սկանավորված տարբերակով, իսկ եթե կցվող փաստաթուղթը էլեկտրոնային է, ապա այն ներկայացվում է առանց սկանավորման:

Նշված կարգով չղեկավարվելու պարագայում՝ ներկայացված փաստաթղթերը կհամարվեն սահմանված պահանջներին չհամապատասխանող և վերադարձման ենթակա:

Հարկ է նշել, որ նոր մուտքագրվող քաղաքացիական գործերը ամբողջությամբ պարտադիր կարգով պետք է մուտքագրվեն Համակարգի միջոցով միայն էլեկտրոնային եղանակով հետևյալ սուբյեկտների կողմից.

  • իրավաբանական անձինք,
  • անհատ ձեռնարկատերեր,
  • պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ,
  • գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողներ,
  • ներկայացուցիչ հանդիսացող փաստաբաններ,
  • սնանկության գործով կառավարիչներ,
  • նոտարներ,
  • արտոնագրված հաշտարարներ:

Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ապա էլեկտրոնային համակարգի միջոցով վերջիններիս համար օգտվելը կդառնա պարտադիր, եթե տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում ֆիզիկական անձը առնվազն մեկ անգամ կկատարի որևէ գործողություն Համակարգի միջոցով: Եթե ֆիզիկական անձի մոտ տվյալ գործի շրջանակներում առաջանա Համակարգից օգտվելու անհնարինություն, ապա վերջինս այդ մասին պարտադիր պետք է տեղեկացնի գործը քննող դատարանին, որից հետո համապատասխան գործողությունը կարող է կատարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով՝ նյութական եղանակով։

Հարկ է նշել, որ դռնփակ դատական նիստերում քննվող գործերով ներկայացվող փաստաթղթերը և պետական գաղտնիք կազմող տեղեկությունները ներկայացվում են բացառապես նյութական եղանակով:

Կից ներկայացվում է.

  • հայցադիմումի, դիմումի, հայցադիմումի պատասխանի, դատական ծախսերի հատուցման, բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունների, դիրքորոշում հայտնելու, ապացույցներ ներկայացնելու, դատական գործով նոր ներկայացուցիչ ներգրավելու, վճռի բողոքարկման, վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացման կարգի վերաբերյալ տեսանյութերը, որոնցում ներկայացվում են Համակարգի աշխատանքի և գործարկման սկզբունքները: Նշված տեսանյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝

https://youtu.be/C2IZNEgpDT0

https://youtu.be/uTBwJjkVS64

https://youtu.be/pkmZF9SRle0

https://youtu.be/UD0Ek3KyOFc

https://youtu.be/xDmn41UI2aQ

https://youtu.be/9BqUpJXv-0s

https://youtu.be/2_qh0JCmqDA

https://youtu.be/gTng-1aeUPs

 

էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու նպատակով տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ https://www.ekeng.am/hy/e_sign հղմամբ:

Mobile ID ծառայությունն ակտիվացնելու համար կարող եք անցնել հետևյալ https://mobileid.am/secure/v2/activation/index հղմամբ:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Համակարգի գործարկման հետ կապված խնդիրների դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

ՀՀ արդարադատության նախարարություն – (094) 57-30-37

ՀՀ Դատական դեպարտամենտ – (010) 51-18-11

Մեյսիս Ինֆորմեյշն Սիսթեմս ՍՊԸ – (094) 57-83-73, (094) 57-29-79

 

 

Կիսվել