Տեղեկատվություն Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների վերաբերյալ

27.10.2025

image

Դատական դեպարտամենտը, հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի նախագահ Լ. Թադևոսյանի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 75-Ա հրամանը՝ 2025 թվականի նոյեմբերի 7-ին Դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու մասին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 77-րդ հոդվածով և Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 3-ի «Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածու առաջադրող հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար իրականացվող մրցույթի անցկացման և մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության կարգն ու մանրամասները սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-32-Ն-7 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) դատավոր չհանդիսացող անդամի ընտրության նպատակով թեկնածուներ առաջադրելու համար 2025 թվականի հոկտեմբերի 8-ին հայտարարել է մրցույթ:

Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի հոկտեմբերի 20-ը:

Դատական դեպարտամենտի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 58 հրամանով՝ կազմավորվել է Հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ընտրության նպատակով մրցութային հանձնաժողով և հաստատվել դրա անհատական կազմը (այսուհետ՝ Մրցութային հանձնաժողով):

Հանձնաժողովի կազմում դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ներգրավման նպատակով սահմանված ժամկետում հետևյալ կազմակերպությունները առաջադրել են մեկական թեկնածուներ.

   1) «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանների ՀԿ, նախագահ Մարտուն Փանոսյան, առաջադրված թեկնածու՝ Հարություն Գագիկի Հարությունյան,

   2) «Խաղաղության երկխոսություն» ՀԿ, նախագահ Էդգար Խաչատրյան, առաջադրված թեկնածու՝ Հովսեփ Դավթի Փանոսյան,

   3) «Դե Յուրե» իրավապաշտպան ՀԿ, նախագահի պարտականությունները կատարող Արամ Տեր-Պետրոսյան, առաջադրված թեկնածու՝ Սերգեյ Ռուբիկի Մարաբյան,

   4) «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, նախագահի պարտականությունները կատարող Աննա Մելիքյան, առաջադրված թեկնածու՝ Հասմիկ Հայկի Հարությունյան:

Մրցութային հանձնաժողովը, 2025 թվականի հոկտեմբերի 21-ի նիստում ուսումնասիրելով «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանների ՀԿ-ի, «Դե Յուրե» իրավապաշտպան ՀԿ-ի և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումները և կից փաստաթղթերը, արձանագրել է, որ դրանք համապատասխանում են Օրենսգրքի 77-րդ հոդվածով և Որոշմամբ սահմանված՝ հասարակական կազմակերպությանը և թեկնածուին ներկայացվող պահանջներին: Միաժամանակ, ուսումնասիրելով «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը, Մրցութային հանձնաժողովը որոշել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի կողմից որպես գործունեության տարեկան հաշվետվություններ ներկայացված փաստաթղթերը վերադարձնել:

2025 թվականի հոկտեմբերի 23-ին «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի նախագահի գրությամբ ստացվել են Մրցութային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի նիստով արձանագրված թերի փաստաթղթերի շտկված տարբերակները:

Այսպիսով, Մրցութային հանձնաժողովը, 2025 թվականի հոկտեմբերի 24-ի նիստում ամփոփելով մրցույթի արդյունքները և ղեկավարվելով Որոշման Հավելված 2-ի 12-րդ, 15-րդ, 18-րդ կետերով, Հավելված 3-ի 11-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով, որոշել է Դատավորների ընդհանուր ժողովին՝ որպես Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուներ ներկայացնել.

    1)«Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանների հասարակական կազմակերպության կողմից առաջադրված Հարություն Հարությունյանի թեկնածությունը,

    2)«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության կողմից առաջադրված Հովսեփ Փանոսյանի թեկնածությունը,

    3)«Դե Յուրե» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից առաջադրված Սերգեյ Մարաբյանի թեկնածությունը,

    4)«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության կողմից առաջադրված Հասմիկ Հարությունյանի թեկնածությունը:

 

Ղեկավարվելով Օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների պահանջներով՝ ստորև հրապարակվում են Հարություն Հարությունյանի, Հովսեփ Փանոսյանի, Սերգեյ Մարաբյանի և Հասմիկ Հարությունյանի կենսագրական տվյալները:

 

 

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

 

Կիսվել

ֆայլեր