ԲԴԽ անդամ Էդգար Հովհաննիսյանը մասնակցել է վեճերի այլընտրանքային լուծման միջազգային համաժողովին
08.05.2026
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանը Ստամբուլում մասնակցել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի կազմում գործող (CLDP) ծրագրի տարածաշրջանային համաժողովին։
Այն նվիրված էր վեճերի այլընտրանքային լուծման համակարգերի զարգացմանը, դատարանների և անկախ արբիտրաժային ու միջնորդական կենտրոնների փոխգործակցությանը, ինչպես նաև՝ այս գործընթացներում արդար դատաքննության երաշխիքների ապահովմանը։
Համաժողովին քննարկվել է CLDP-ի մոտեցումը՝ վեճերի այլընտրանքային լուծման էկոհամակարգի ձևավորման, շահագրգիռ կողմերի քարտեզագրման և ներգրավման ուղղությամբ։
Անդրադարձ է եղել դատական իշխանությանը, միջնորդական և արբիտրաժային և հաշտարարության կառույցներին, բիզնես միջավայրին՝ մրցակցային, կանխատեսելի և վեճերի լուծման վստահելի համակարգ ունենալու տեսանկյունից։
Համաժողովի մասնակիցներին է ներկայացվել նաև CLDP-ի մշակած «Վեճերի այլընտրանքային լուծում. գործնական կիրառություն և կառավարման համակարգեր պետությունների համար» ուղեցույցը, որից հետո մտքեր են փոխանակվել դատարանների և անկախ կենտրոնների դերաբաժանման, միջազգային բիզնես վեճերի, ներդրումների մարտահրավերների շուրջ։
Մասնակիցները կիսվել են իրենց երկրների արբիտրաժային և միջնորդական մեխանիզմների ներդրման ու զարգացման փորձով, քննարկել տեղական իրավական համակարգերում լավագույն փորձը համատեղելի դարձնելու հեռանկարները։
Էդգար Հովհաննիսյանը մասնակցել է նաև դատական և մասնավոր վեճերի լուծման հարթակներում դատավարական գործընթացների ապահովմանն առնչվող քննարկումներին, որտեղ անդրադարձ է եղել միջազգային հարթակների միջև դատավարական կանոնների ներդաշնակեցմանը։
Միջոցառման շրջանակում քննարկվել է Հայաստանի դատական համակարգում վեճերի այլընտրանքային լուծման գործիքների հետագա զարգացման, դատարանների և հաշտարարության ու արբիտրաժի կենտրոնների համագործակցության և համապատասխան վերապատրաստումների կազմակերպման հնարավորությունները։
Համաժողովին մասնակցել են նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Մալվինա Հարությունյանն ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։
նկարներ