Տեղի է ունեցել «Դատավորների կարգապահական պատասխանատվությունը» խորագրով սեմինար

13.12.2021

image

2021 թվականի դեկտեմբերի 10-11-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Դատավորների կարգապահական պատասխանատվությունը» խորագրով երկօրյա հիբրիդ ֆորմատով սեմինարը: Միջոցառումը կազմակերպվել էր Բարձրագույն դատական խորհրդի և Միջազգային Իրավական Համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) 

համագործակցության շրջանակում:

Սեմինարին մասնակցել են ԲԴԽ անդամները, Վճռաբեկ դատարանի դատավորները, Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հանձնաժողովի անդամները, Կոռուպցիայի Կանխարգելման հանձնաժողովի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ,  դատական դեպարտամենտի աշխատակիցներ:

Սեմինարի ընթացքում որպես փորձագետներ հանդես են եկել Գերմանիայի Ռայնլանդ-Պֆալց երկրամասի գերագույն վարչական և սահմանադրական դատարանների նախագահ Լարս Բրոքերը և Ռայնլանդ-Պֆալց երկրամասի գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր և դատավորների կարգապահական ու ծառայողական հարցերով զբաղվող դատարանի մշտական անդամ Կլաուս-Ախիմ Բոնիկովսկին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` գերմանացի փորձագետները շնորհակալություն են հայտնել ԲԴԽ-ին` ձևավորված արդյունավետ և հեռանկարային համագործակցության համար:

Որպես բանախոսներ հանդես են եկել նաև ԲԴԽ անդամներ Անի Մխիթարյանն ու Դավիթ Խաչատուրյանը:

Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվել են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու նախապայմանների, դատավորների կարգապահական պատասխանատվության և Գերմանական կարգապահական իրավունքի հիմքերի վերաբերյալ հիմնահարցերը, դրանց առնչությամբ գոյություն ունեցող չափանիշները և միջազգային փորձը:

Կիսվել

նկարներ