ԲԴԽ-ում կայացավ դատավոր Զարուհի Նախշքարյանի գործով նիստը
14.12.2021
2021 թվականի դեկտեմբերի 13-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:
Նիստի մեկնարկին հրապարակվեց ԲԴԽ անդամ Անի Մխիթարյանի ինքնաբացարկի միջնորդությունը, որը Խորհուրդը բավարարեց:
Ինքնաբացարկի հարց բարձրացրեց նաև ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանը, որը քննարկելուց հետո Խորհուրդը որոշեց մերժել այն:
Դատավոր Զարուհի Նախշքարյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին, որը Խորհրդի կողմից մերժվեց:
Դատավորի ներկայացուցիչը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝ ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանին, Դավիթ Խաչատուրյանին, Գրիգոր Բեքմեզյանին, Վիգեն Քոչարյանին, Լիպարիտ Մելիքջանյանին բացարկ հայտնելու մասին, որը ևս մերժվեց:
Արդարադատության նախարարության ներակայացուցիչը նշեց, թե ինչ հիմքերով են ԲԴԽ-ին միջնորդել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել:
Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 191-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության» մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված նորմերի խախտումներ:
Այսօրվա նիստը, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց: Հաջորդը կկայանա դեկտեմբերի 20-ին՝ ժամը 15.00-ին: