Դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին, Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը հետաձգվեց

27.01.2022

image

2022 թվականի հունվարի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանին, Ամրահի Պետրոսյանին, Լևոն Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ըստ Արդարադատության նախարարության հիմնավորման՝ դատավորների կողմից թույլ է տրվել «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքի 374-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված պահանջի խախտում:

Այսօրվա նիստի մեկնարկին ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որը Խորհրդի կողմից բավարարվեց:

Արդարադատության նախարարության կողմից բացարկի միջնորդություն ներկայացվեց ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին, որը ևս  բավարարվեց:

Արդարադատության նախարարության ներկայացուցիչները ներկայացրին վարույթ հարուցելու հիմքերը, պատասխանեցին հարցերի:

Դատավորների ներկայացուցիչը հայտնեց իրենց հակափաստարկների մի մասը, քանի որ մյուս կողմը ներկայացված փաստաթղթերին ծանոթ չէր վարույթի քննությունը հետաձգվեց:

Այն կշարունակվի փետրվարի 17-ին՝ ժամը  15.00-ին:


Կիսվել