ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը մասնակցել է գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանմանը նվիրված քննարկմանը

21.04.2022

image

    Այսօր՝ ապրիլի 21-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, ինչպես նաև ՀՀ Արդարադատության փոխնախարարը, Վճռաբեկ դատարանի նախագահը, դատավորներ մասնակցել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված քննարկմանը, որը վերաբերում էր 2021 թվականի օգոստոսի 30-ի «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշմանը:

   Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը նշեց. «Գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրը Բարձրագույն դատական խորհրդին մտահոգող առաջնահերթ հարցերից է։ Այն էապես պայմանավորված է բնակչության համար դատարանների մատչելիության  դժվարություններով, դատարանների ծանրաբեռնվածությամբ՝ զարգացած ժողովրդավարական երկրների համեմատ Հայաստանում դատավորների թիվը եռակի անգամ պակաս է անհրաժեշտ քանակից, և շատ այլ հանգամանքներով։

Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ սահմանեց գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները։ Այն կոչված է ապահովելու ողջամիտ ժամկետում գործերի քննությունը, կողմերի համար կանխատեսելի դարձնել գործերի քննության տևողությունը, ինչպես նաև նպաստել դատարանների հաշվետվողականությանը»:

  Խորհրդի նախագահի պաշտոնակատարը հավելեց, որ այս հանգամանքների պատշաճ ապահովումն էականորեն կնպաստի դատական իշխանության հեղինակության բարձրացմանը. «Որոշման կայացման ընթացքում Խորհուրդը փորձել է հնարավորինս հավասակշռել մի կողմից դատավարության մասնակիցների համար գործի արագ քննության կարևորությունը, մյուս կողմից դատարանին գործը մանրամասն քննելու համար բավականաչափ ժամանակ տրամադրելու անհրաժեշտությունը։ Այդ երկու իմպերատիվ պահանջների միջև օպտիմալ հավասարակշռում գտնելու համար՝ ներդրված համակարգը հաշվի է առնում գործերի թե՛ իրավական, թե՛ փաստական բարդության չափանիշները։

ԲԴԽ որոշմամբ սահմանված չափանիշներն արտացոլում են Հայաստանի Հանրապետության դատարաններում առկա այն գործոնները, որոնք անխուսափելիորեն ազդում են դատական գործի քննության տևողության վրա։ Միաժամանակ, մենք փորձել ենք ամրագրել այնպիսի չափանիշներ, որոնք բացառում են որևէ սուբյեկտիվ մոտեցում»:

    Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը՝ շեշտելով, որ Վճռաբեկ դատարանը ևս, հատկապես վերջին տարիներին, իր ուշադրության առանցքում է պահում ողջամիտ ժամկետների պահպանման խնդիրը:

   Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը հանդես եկավ ծավալուն ելույթով, որտեղ  ներկայացրեց «Գործերի քննության միջին տևողության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-65-Ո-165 որոշման ընդունման  հիմքերն ու հիմնավորումները:

   Քննարկման մասնակիցների թվում էին նաև  քաղհասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԽ միջազգային փորձագետներ:

 

Մանրամասները՝ տեսանյութում:


Կիսվել

նկարներ